HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը շարունակում է Էրեբունի ամրոցի պեղումները

Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում հուլիսի 2-ից մեկնարկել է 2013թ. պեղումների գործաշրջանը: Պեղումները կընթանան Խալդիի տաճարից դեպի արևելք տանող երթևեկելի առանցքով` նպատակ ունենալով կատարել ժամանակագրական ճշգրտումներ և պարզել երթևեկելի հատվածի նախնական նիշը:  

Պեղումները կընդգրկեն նաև Խալդիի տաճարի արևելյան ճակատի երկայնքը: Հնագիտական միջամտություններին զուգահեռ կուսումնասիրվեն հնավայրի պեղվող հատվածներից հայտնաբերված խեցեղենն ու գտածոները, այդ տվյալները կհամադրվեն տաճարից հյուսիս գոյություն ունեցող կառուցվածքների տարրերի հետ` թույլ տալով մոտենալ սյունազարդ մեծ դահլիճի թվագրման խնդրին:

Գլոբալ առումով պեղումները թույլ կտան հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում  շարունակվել է ուրարտական վերջին ժամանակաշրջանից մինչև աքեմենյան տիրապետություն ընկած   միջակայքում: Դրանք թույլ կտան վերանայել նաև «ապադանա»-ի /հանդիսությունների սրահի/ թվագրությունը, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ք. ա. 6-րդ դարի 1-ին կեսին:

Հաշվի առնելով Էրեբունի ամրոցում օգտագործված նախնական շինանյութի` հում աղյուսի բեկունության բարձր աստիճանը` արշավախմբի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում կլինի նաև նախորդ տարի պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տևական պահպանության խնդիրը:   Կքննարկվի նաև պեղումների այս հատվածը բաց թողնելու և հանրությանը ներկայացնելու հնարավորությունը:  

Էրեբունի ամրոցում 2013թ. պեղումների ձեռնարկողը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ֆրանսիական արշավախումբը, ինչպես և 2008-2012թթ.,  ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Հայկական կողմի աշխատանքները այս տարի ղեկավարում է արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: Պեղումները կտևեն 1 ամիս: 

«Էրեբունի» արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ  հնագիտությամբ և հնագիտական ժառանգության պահպանության խնդիրներով հետաքրքրվողների համար ֆրանսիացի մասնագետները կանցկացնեն ճանաչողական դասախոսություններ, որոնց թեմաների և ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ: Այս մասին հայտնում է «Էրեբունի» արգելոց-թանգարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter