
Ֆրանսիական «Տեքստեր» ներկայացումը յուրօրինակ քննություն էր թե հանդիսատեսի, թե դերասանների համար
«Գյումրեցի հանդիսատեսն ինքն էլ քննության առաջ է կանգնած, ինչպես եւ ֆրանսիացի դերասանները: Մի քիչ չեմ ուզում ասել, որ խղճում եմ, բայց երկուսի համար էլ էնքան եմ հուզվում: Հայաստանի ամենագունեղ հատվածը դա Գյումրին է ու գյումրեցու տեսակը, որ ցավոք սկսում է մի քիչ կորչել, եւ դա պետք է պահպանել: Ինքը նման է երեխայի՝ ինչ որ մտքին է, էն էլ լեզվին է, եւ այդ ամենը նկատվում է նաեւ դահլիճում: Ես ֆրանսիացի դերասաններին նախապատրաստել եմ: Ասել եմ հիշեք՝ զուգահեռ խոսելու են, նախ քննարկելու են շորերը, կարծիք են հայտնելու՝ քայլվածքը, շարժուձեւը, հետո կեսից ասելու են, ինչի սա չեղավ: Սա լինելու է անպայման: Ասել եմ՝ հանգիստ կշարունակեք»,-իր տագնապն ու հուզմունքը չի թաքցնում դերասան Վարդան Պետրոսյանն, ում կնոջ՝ Անի Համելի բեմադրած «Տեքստեր» ներկայացումը հուլիսի 6-ին հանձնվեց գյումրեցիների դատին:
Պիեսի հեղինակ Թիերի Շաղփիոն միաժամանակ մարմնավորում է հերոսի կերպարը ներկայացման մեջ, կնոջ դերակատարը՝ Լալի Միեգնանն է: 19-րդ դարի ոճով գրված այս պիեսում կնոջ եւ տղամարդու սիրո մի պատմություն է, որտեղ շփումն ապահովվում է 21-րդ դարի նորագույն տեխնիկական միջոցի՝ բջջային հեռախոսով փոխանցվող հաղորդագրություններով: «Սա կարող է լինել յուրաքանչյուրի սիրո պատմությունը, ասում է Թիերի Շաղփիոն, սցենարների մի շարք փոխանակումներ տղամարդու եւ կնոջ միջեւ՝ հիմնված անհնարին սիրո վրա, սակայն մեծահոգաբար խոստովանված՝ հրաբխային ուժգնությամբ, առանց զսպվածության»:
«Դուետ» թատերական միջազգային փառատոնի շրջանակներում «Կիսսանի պրոդյուկսիոնի» ֆրանսիական «Տեքստեր» նեկայացումը դրամատիկական կատագերկություն էր: Փառատոնի նախագահ Նիկոլայ Ծատուրյանի փոխանցամամբ՝ հրավիրատոմսերը աշխատել են հիմնականում տրամադրել բուհերի ֆրանիսական բաժնի ուսանողներին եւ մարդկանց, ովքեր տիրապետում են այս լեզվին ազատորեն: Իսկ նրանց, ովքեր չգիտեն ֆրանսերեն, բայց գալու են դիտելու ներկայացում, պիտի որ հիմնականում հուզի ֆրանսիացի դերասանների խաղը:
Լալի Միեգնան էլ, պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչպես են պատրաստվելու «պահել» դահլիճը, նշեց. «Այս երկու օրը մենք ներկայացումներ ենք նայել՝ չհասկանալով ոչ հայերեն, ոչ ռուսերեն լեզուն, բայց մենք հասկացել ենք ներկայացումը դերասանների արտիստիկ խաղի շնորհիվ: Հենց այդ միջոցով, մեր խաղով էլ պատրաստվում ենք գրավել հանդիսատեսին»: Լալի Միեգնանին առավել գրավել էր հուլիսի 4-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում ներկայացված «Ես եմ ճայը» ներկայացումը եւ հատկապես Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանի խաղի պլաստիկան: «Մենք չէինք հասկանում խոսքը, սակայն հրաշալի հասկանում էինք խաղի լեզուն»,-նշեց ֆրանսուհին:
Ֆրանսիացի դերասաններին ապշեցրել էր թատրոնի լեփ-լեցուն դահլիճները եւ այն ոգեւորությունը, որ իրենք այս երկու օրերին նկատել են թատրոն հաճախող հանդիսատեսի մոտ: «Ֆրանսիական թատրոնը անապատացման եզրին է: Այն ինչ մենք տեսանք այս երկու օրը, շատ տպավորիչ էր՝ հանդիսականներով լեցուն, ծափերից պայթող դահլիճներ: Այս ամենը պետք է պահպանել: Ֆրանսիայում նման երեւույթի չես հանդիպի»,-նկատեց Թիերի Շաղփիոն:
Ֆրանսիական «Տեքստեր» ներկայացման ավարտից հետո, դերասան Վարդան Պետրոսյանն իրեն բնորոշ հումորով նկատեց, որ ներկայացման ամբողջ ընթացքում բավական բարդ պրոցես էր ընթանում թե դահլիճում, թե բեմի վրա: «Դահլիճում նստածների մեծ մասը չէր հասկանում լեզուն, բայց փորձում էր ինչ որ դիրք գրավել: Էնքան դժվար է, ես հասկանում եմ, գյումրեցիները նաեւ ուզում էին լավ ընդունել, ուզում էին ասել «հանկարծ չմտածեք, թե մենք լավ չհասկացանք», շատ բարդ բան էր տեղի ունենում, դերասաններն էլ էնտեղ էին հուզվում, սակայն իրենց թույլ չտվեցին շտապել, ինչ որ հապճեպ բաներ անել: Փառք ու պատիվ թե հանդիսատեսին, թե դահլիճին: Կարծում եմ այսօր երկու կողմն էլ քննություն էր հանձնում ու հանձնեց գերազանց»:
Մեկնաբանել