
Արամյանցի տան ճակատագիրը. պետությունը փորձում է հետ վերցնել այն Սերոբ Տեր-Պողոսյանից
Արցախահայ հանրահայտ գործարար և բարերար Միքայել Արամյանցի Ախթալայի դղյակը Մշակույթի նախարարության փորձագիտական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ ստացել է նորահայտ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:
«Դղյակն արդեն գտնվում է մեր հսկողության տակ»,- ասաց Լոռու և Տավուշի հուշարձանների պահպանության գործակալության գլխավոր մասնագետ Հրայր Խեչիկյանը: Ըստ վերջինիս` դղյակի կարգավիճակը այս տարի պետք է հաստատի նաև կառավարությունը:
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը մտավախություն հայտնեց սեփականատիրոջ կողմից դղյակի հսկողության հետ կապված արդեն նկատված արգելքների համար: «Երբ ուզում էինք ուսումնասիրել դղյակը, «Մեթըլ Փրինս» ընկերության անվտանգության աշխատողները մեզ արգելեցին մտնել տարածք` պատճառաբանելով, թե այն մասնավոր սեփականություն է: Ստիպված հեռվից ենք ուսումնասիրել այն»,- ասաց Ա.Գերյանը:
Նևիս կղզիների Չարլսթոն քաղաքում գրանցված «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան Արամյանցի դղյակը գնել է Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամից` 2005թ.-ի սեպտեմբերի 27-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով: Սեփականաշնորհման գործարքը կատարվել է «հայկական» տարբերակով: Չգնահատելով Արամյանցի դղյակի պատմամշակութային և ճարտարապետական արժեքը`Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դղյակի հաշվեկշռային արժեքը գնահատել է 57 հազար դրամ, այն ժամանակ գրեթե 100 դոլար:
![]() |
![]() |
Այս մոտեցումներով էլ «Դեբեդ» տուրիստական հանգրվանի (Արամյանցի դղյակ), 3682,3 քառ.մ. շենքերը, 27,1 հա հողամասը, 25ք.մ. պոմպակայանը և վերջինիս հարող 2,9 հա հողամասը, 287,5 հա զբաղեցնող անասնագոմերը և վերջինիս հարող 0,3512 հա հողամասը «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիային ուղիղ վաճառքով օտարել է 1 200 000 դրամով, ներառյալ 200 000 դրամ ավելացված արժեքի հարկը:
Պայմանագրի կողմերի իրավունքներով և պարտականություններով «Մեթըլ Փրինսը» պարտավորվել է օբյեկտի վրա կատարել ներդրումներ և 15 տարի չփոխել հանգրվանի պրոֆիլը, այսինքն` այն օգտագործել բացառապես զբոսաշրջության նպատակով, որը ընկերությունը մինչև օրս զլացել է կատարել:
![]() |
![]() |
Գրող Հովհաննես Թումանյանի` 1921թ.-ին Ալեքսանդր Մյասնիկյանին ուղղված խնդրանքով Արամյանցի տունը շուրջ 20 տարի որպես հանգստավայր ծառայել է հայ գրողներին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ( 1941-1946թթ.) այն եղել է զինվորական հոսպիտալ, 1946-1980թթ.-ին` հակատուբերկուլյոզային առողջարան: ՀՀ մինիստրների խորհուրդի 1989թ.-ի մայիսի 11-ի 160-5096 համաձայնությամբ, ՀԽՍՀ Պետագրոարդի «Հայտնտեսառողջարան» միավորման հաշվեկշռից 150 տեղանոց «Ախթալա» պանսիոնատը հանձնվել է տուրիզմի և և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդին: Վերջինիս կողմից Արամյանցի տունը վերանվանվել և դարձել է «Դեբեդ» տուրիստական հանգրվան:
Այստեղ 1989թ.-ի վերջերին բնակվել են 1988-ի երկրաշարժից տուժածները: Արամյանցի դղյակը 1993թ.հուլիսից մինչև 2001թ.-ի ապրիլը անվարձահատույց զբաղեցրել է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից, իսկ 2001թ.-ի հոկտեմբերի 3-ին վարձակալության պայմանագրով այն հանձնվել է «Մեթըլ Փրինս»-ին:
![]() |
![]() |
«Մեթըլ Փրինսի» գլխավոր տնօրեն Վարդան Պապյանը ՀՀ տուրիզմի զարգացման հոգաբարձուների խորհրդի նախագահ Մ.Հարությունյանին ուղղված իր 2004թ.-ի դեկտեմբերի 22-ի գրությամբ հայտնել է. «Կորպորացիան ունի ծրագրեր, որոնք ի կատար ածելու դեպքում կարող են բարելավվել Ախթալա քաղաքի և շրջակայքի բնակչության որոշ մասի սոցիալ-տնտեսական պայմանները, այդ պատճառով խնդրում ենք Ձեր սեփականություն հանդիսացող «Դեբեդ» տուրիստական հանգրվանը օտարել մեր կազմակերպությանը»:
Գործարքի աջակցելու համար Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանն էլ 2005թ.-ի հունվար 21-ի իր գրությամբ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին գրել է. «Այսօր «Մեթըլ Փրինս» կորպորացիան, որը հանդիսանում է Լոռու մարզի խոշոր ներդրողներից մեկը, ցանկություն ունի ձեռք բերել «Դեբեդ» տուրիստական հանգրվանը և որոշակի ներդրումների շնորհիվ այն վերականգնել և օգտագործել ընկերության աշխատողների հանգստի համար:
Ընկերությունը այդպես էլ մոռացել է Արամյանցի տան վրա ներդրումներ կատարելու և 15 տարի տուրիստական հանգրվանի պրոֆիլը չփոխելու պայմանագրային իր պարտավորությունների մասին: Դրա փոխարեն Արամյանցի դղյակը անցած տարիներին Սերոբ Տեր-Պողոսյանի համար ծառայել է որպես սեփական բնակարան: Այնտեղ տարիներ շարունակ մուտքը բնկաչության համար փակ էր:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել