
Վարդավառը, «Դուետ» փառատոնն ու թրջված հանդիսատեսը
Ս. Եսենինի ստեղծագործությունների մոտիվներով «Մնաք բարով» հոգեդրաման «Դուետ» միջազգային թատերական փառատոնին հայտ ներկայացրած գյումրեցիների 3-րդ գործն էր: «Փառատոնին ներկայանում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի Ուսանողական թատրոնը, կարելի է ասել, որ ուսանողական աշխատանք ենք ցույց տալու, թեպետ այս ներկայացումը խաղացվել է «Հայ արտ» փառատոնի շրջանակներում նույնպես եւ լավ ընդունելության արժանացել: Հիմքն այս ներկայացման Եսենինի «Սեւ մարդը» ստեղծագործությունն է, վերցված եւ միքս է արված նաեւ գրողի մի քանի այլ ստեղծագործություններ»,-ասում է պիեսի բեմադրիչ եւ սցենարի հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը:
«Սեւ մարդը» մտացածին տեսիլք է, որն ամեն գիշեր հայտնվում է երիտասարդ պոետին: Ունայնության այդ ուրվականը հանգիստ չի տալիս նրան իր պատմություններով: Սեւ մարդու սեւեռուն հայացքի մեջ պոետը տեսնում է իր խաթարված դեմքը, ներաշխարհը: Պոետի համար անտանելի է դառնում զգացմունքային ու հուզական «ներքին բեռը»:
Ներկայացումը հանդիսատեսին մատուցվեց երկու լեզվով՝ հայերեն եւ ռուսերեն: «Մենք նման լուծում տվեցինք, որովհետեւ ներկայացման մեջ կնոջ դերակատարը փոխվել էր: Բաբկեն Զաքարյանը ներկայացումը տանում է ռուսերեն, իսկ Արմենուհի Մանուկյանը՝ հայերեն լեզվով,-բացատրում է բեմադրիչը,-եւ հետո, ինչու ոչ, ինչու չլիներ երկլեզու, ի վերջո միջազգային փառատոն է, բացի դրանից, դասականները բոլոր լեզուներով էլ հնչում են: Եսենինի շատ լավ թարգմանություն ինձ հանդիպեց Վահագն Դավթյանի մոտ, նաեւ դրա համար որոշեցի հերոսների երկխոսությունը բեմադրել երկու լեզվով»:
Վարդավառի տոնակատարության հետ կապված՝ հուլիսի 7-ի ժամը 12-ի եւ 15-ի ներկայացումներն ընթացան ոչ այնքան լի դահլիճներում: Թրջվելու վտագն աչքի առաջ, շատ գյումրեցիներ այնուամենայնիվ, հասել էին դրամատիկական թատրոն: Հանդիսատեսի մեջ քիչ չէին թրջված հագուստով կանայք ու աղջիկները: Փառատոնի նախագահ Նիկոլայ Ծատուրյանը նրանց հերոսներ կոչեց, որոնց հետ չէր կանգնեցրել անգամ թատրոնի դիմաց գտնվող ջրավազանի մոտ Վարդավառը նշող երեխաների գրոհը:
Գյումրիի դրամատիկական թատրոնում Երեւանի քաղաքապետարանի Մհեր Մկրտչյանի անվ. Արտիստական թատրոնի դերասաններ Հայկ Սարգսյանն ու Արսեն Գրիգորյանը ներկայացրեցին Ալեքսանդր Գալինի «Չեխական լուսանկար» ռետրոդրաման:
Ռուսական Սարատով քաղաքում, մի լքված շոգենավի վրա, իրենց պատանեկությունից 20 տարի անց հանդիպում են մանկության երկու ընկերներ: Նրանց ճակատագիրը տրամագծորեն հակառակ կերպ են դասավորվել: Մի լուսանկարի պատճառով Զուդինը` «չեխական դավաճան» պիտակով հայտնվում է բանտում, իսկ Ռազդորսկին, մնալով ազատության մեջ, կարողանում է հարստանալ եւ վերածվել հետխորհրդային շրջանի օլիգարխի: Սակայն նրանք երկուսն էլ դժբախտ են, դժբախտ յուրովի: Զուդինն ու Ռազդորսկին սիրել են միեւնույն կնոջը՝ Սվետկային, ում կիսամերկ լուսանկարն էլ Չեխիա մրցույթի ուղարկելով՝ ընկերների կյանքում սկսվել են վայրէջքներն ու վերելքները:
Նույն օրը` երեկոյան ժամը 19-ին, գյումրեցի թատերասեր հանրությունը վայելեց Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ներկայացումը: Բեռնար Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» 2 գործողությամբ կատակերգությունը ներկայացրեցին դերասաններ եւ ամուսիններ Սաթենիկ Հախնազարյանն ու Արթուր Կարապետյանը:
Ճանապարհային ռեստորաններից մեկում պատահական հանդիպումն ու հյուրանոցում անցկացրած գիշերը ճակատագրական է դառնում Դորիսի եւ Ջորջի համար: Ծանոթության պահին երկուսն էլ ամուսնացած են եւ ամեն մեկն ունի 3 երեխա: Սակայն դա չի խանգարում, որ նրանք 25 տարի շարունակ, տարվա մեջ ընդամնեը մեկ օր՝ իրենց ճակատագրական հանդիպման օրն անցկացնեն միասին, նույն հյուրանոցում: Այս, այսպես կոչված «շատ մարդկային կատակերգությունը» բուռն ընդունելություն գտավ հանդիսատեսի մոտ: Երկար ժամանակ գյումրեցիները չէին ցանկանում բաց թողնել դերասաններին՝ բուռն ծափահարություններով արտահայտելով իրենց սերն ու հիացմունքը:
Իսկ հուլիսի 5-ին, Գյումրիի դրամատիկական թատրոնում, Սվետլանա Բարտախովայի «Անկոչ հյուրը» կատագերկական մելոդրաման «Դուետ» թատերական փառատոնի շրջանակներում ներկայացրեցին Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասաններ Հայկ Պետրոսյանն ու Անի Նիկոյանը: Մենք շատ հաճախ չենք նկատում մեր կողքին ապրող, մեզ սիրող մարդկանց արժանիքները, շատ հաճախ թերագնահատում ենք կամ համարում, որ այդպես էլ պետք է լիներ՝ դիմացինը պարտավոր է: Երբեմն անտարբեր ենք, երբեմն՝ անհանդուրժող, երբեմն էլ մեր իսկ կողմից ստեղծած վակումը փորձում ենք լցնել կարծեցյալ լավը ուրիշ տեղ ու ուրիշի մեջ փնտրելով:
Սիրուհուն այցելած Մարկը հանկարծակիի գալով վերջինիս ամուսնու անժամանակ վերադարձից՝ փախչում է պատշգամբով ու հայտնվում հարեւան բնակարանում: Տանտիրուհին, ով մրգային դիմակը դեմքին ամենեւին էլ չէր սպասում «անկոչ հյուրի» ներխուժմանը, հետագայում պարզվում է, որ ձախորդ սիրահարի կինն է, իսկ բնակարանն էլ նրա ընկերուհունն է: Վեց տարի կողք կողքի ապրած ամուսիններին միմյանց բացահայտելու հնարավորություն է ընձեռնված եւ այստեղ խառն է «մեծն ճակատագրի» մատը:
Նույն օրը, Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» հուզիչ դրաման ներկայացվեց Ակադեմիայի փոքր դահլիճում՝ դերասաններ Արփինե Իսրայելյանի եւ Արմեն Մարգարյանի մասնակցությամբ: Պիեսի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ նահանգներից մեկում: Ջեյնը պարուհի է, իսկ Ջերին՝ իրավաբան: Երկուսն էլ իրենց մասնագիտական ոլորտում փնտրտուքների ու կայացման ճանապարհին են: Նրանք հանդիպում են այն ժամանակ, երբ ամենից շատ ունեն միմյանց կարիքը: Նրանք հանդիպում են, որ հետագայում բաժանվեն՝ յուրաքանչյուրի կյանքում եղած փշրանքներով չբավարարվելու պատճառով:
Մեկնաբանել