
«Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Մանանա Ֆիլմս» կինոստուդիայի «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի հեղինակներն ու գլխավոր հերոսները:
«Ճանապարհ. Հնդկաստանը» լիամետրաժ արկածային-ճանապարհորդական վավերագրական ֆիլմ է` ամերիկացի երկու ընկերոջ մասին, որոնք մասնակցում են Հնդկաստանում տեղի ունեցող ռիքշոների 12-օրյա մրցարշավին, որը ճանաչվել է աշխարհի տասը ամենավտանգավոր արկածներից մեկը:
Նախագիծն ամբողջությամբ զարգացրել ու իրականացրել է հայկական «Մանանա Ֆիլմս» կինոստուդիան, ֆիլմի հեղինակներն են Գոռ և Մուշեղ Բաղդասարյանները, պրոդյուսերները` Ռիկ Ղազարյանը և Գոռ Բաղդասարյանը: Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մոտ երկու տարի: Սա թերևս առաջին լիամետրաժ արկածային վավերագրական ֆիլմն է, որ ստեղծել ու նկարահանել է հայաստանյան կինոստուդիան` առանց մեծ ստուդիաների, ֆոնդերի կամ պետական աջակցության:
«Մանանա Ֆիլմսն» անկախ կինոստուդիա է` հիմնված Գոռ և Մուշեղ Բաղդասարյան եղբայրների կողմից երեք տարի առաջ Երևանում: Հիմնականում մասնագիտանում է ստեղծագործական վավերագրական նախագծերի զարգացման և նկարահանման մեջ: Չնայած իր կարճ պատմությանը` ստուդիան արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների կինոյի և գովազդի ոլորտում:
Ֆիլմի թրեյլերը - www.hittheroadmovie.com/trailer
Ֆիլմի կայքը - www.hittheroadmovie.com
«Մանանա Ֆիլմսի» կայքը - www.mananafilms.com
Լրացուցիչ տեղեկությունների համար կապվել Գոռ Բաղդասարյանի հետ («Մանանա Ֆիլմս», Մաշտոցի 45Ա, բն. 40, Երևան)
Լուսանկարը՝ hittheroadmovie.com կայքից
Մեկնաբանել