ՀԿԵ. ապրիլից նկատվող փոխադրումների կրճատման միտումը գագաթնակետին է հասել հունիսին
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց ընկերության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները: Ապրիլից նկատվող փոխադրումների կրճատման միտումը գագաթնակետին է հասել հունիսին՝ չնայած առաջին եռամսյակի դրական արդյունքներին:
«Փոխադրումների նախատեսված ցուցանիշը 2013 թ. հունվար-հունիսին կատարված է 95,6%-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ փոխադրումները կրճատվել են 8,4%-ով: Չնայած նրան, որ կատարվել է բեռնման նախատեսված ցուցանիշը, այնուամենայնիվ, անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ բեռնումը կրճատվել է 3,2%-ով»,- ասաց Վիկտոր Ռեբեցը:
2013 թ. հունվար-հունիսին բեռնումը արտահանման հաղորդակցությունում կատարվել է 93%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,3%-ով: Իսկ բեռնումը տեղական հաղորդակցությունում կրճատվել է 4,5%-ով կամ 35 հազ. տոննայով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ բեռնումը ներմուծման հաղորդակցությունում կրճատվել է 22,6%-ով կամ 140 հազ. տոննայով: Օրական բեռնաթափման ցուցանիշը հունվար-հունիսին կրճատվել է 60 վագոնով:
Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը դրական միտումներ արձանագրեց ուղևորափոխադրումների ոլորտում՝ ասելով, որ 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ ուղևորաշրջանառությունն աճել է 28,9%-ով: Վիկտոր Ռեբեցը հանձնարարեց շարունակել աշխատանքն ուղևորափոխադրումների ծավալների աճի և պահանջարկի խթանման ուղղություններով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանձնարարեց աշխատել երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման, ընկերության հանդեպ ունեցած բեռնափոխադրումների պարտքերի մարման, ինչպես նաև դրված խնդիրների կատարման ուղղություններով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել