Մեկնարկել է «Ատոմ 2013» հայ-ամերիկյան վարժանքը
Հուլիսի 9-11-ը Երևանում անցկացվում է ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք:
Այն կազմակերպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:
Միջոցառման հիմնական նպատակներն են հղկել աղետներին արձագանքող ուժերի հմտությունները, ինչպես նաև կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը:
«Ատոմ 2013» վարժանքի թեման է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը:
Աշխատաժողովին և վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ:
Ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչ Դայանա Ակուրիոն աշխատաժողովում նշեց, որ իրենք արդեն 4-րդ անգամ են վարժանքներ կազմակերպում Հայաստանում, և այն առաջին երկիրն է, որտեղ իրենք միջգերատեսչական համագործակցության թեմայով վարժանքներ են անցկացրել: Դա նախադեպ է ստեղծել նաև այլ երկրներում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար:
Աշխատաժողովի սկզբում ներկայացվեցին ՀԱԷԿ-ի վթարի դեպքում ՀՀ ազգային պլանը և արագ արձագանքման ուժերի գործառույթները: Օրակարգում ընդգրկված են նաև աղետների ժամանակ լրատվամիջոցների հետ կատարվող աշխատանքների ու հանրային իրազեկման խնդիրների քննարկումն ու ճառագայթային արտակարգ իրավիճակներում պլանավորման ամերիկյան փորձի ներկայացումը:
«Ատոմ 2013» շտաբային վարժանքի սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ում տեղի են ունեցել վթար և վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր, որի հետևանքով բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել