
«Շրջապարիսպների սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցված են»
Ի պատասխան ԼՂՀ նախագահին հղված մի խումբ մտավորականների բաց նամակի` կապված Գանձասարի վանքի շրջապարսպի երեսապատման աշխատանքների հետ, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը հայտնում է.
Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցված են: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` բացառելու համար վանական համալիրում հուշարձանի արտաքին տեսքն ու պատմական կերպարն աղճատող ցանկացած շինարարական միջամտությունները:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը հարկ է համարում նաև իրազեկել, որ ըստ մասնագետների կողմից դեռևս 2011 թ. կատարված ուսումնասիրությունների և եզրակացության, վանքի շրջապարիսպները եւ այլ շինությունները կարիք ունեն համալիր գիտավերականգնման աշխատանքների` համաձայն մշակված նախագծի: Ուստի, մինչ այժմ վանական համալիրի շրջապարիսպների վրա իրականացված երեսապատման աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը, բնականաբար, չի կարող որևէ ազդեցություն ունենալ գիտավերականգնման նախագծային լուծումների և ապագայում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա, որոնց ընթացքում բոլոր ի հայտ եկած թերությունները կվերացվեն:
Հուշարձանի համալիր գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն դրանց ֆինանսավորման հետ կապված հարցերը լուծելուց հետո:
Մեկնաբանել