HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս. Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջները:

Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 2013 թ. մայիսի 14-ին Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը` ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում` ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Մ. Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ-հերթապահ Ռ. Աբրահամյանը մահացել է: Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter