HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Միայն Գյումրիում եւ միայն՝ «Դուետ»

Հուլիսի 8-ին Գյումրիում ավարտվեց «Դուետ» թատերական միջազգային փառատոնը, որին մասնակցեցին 18 թատերական խմբեր Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից: Հուլիսի 1-ից 8-ը տեւած փառատոնային օրերի շրջանակում ներկայացումները դիտելու հնարավորություն ունեցավ 10 հազարից ավելի հանդիսատես: «Հետքի» խնդրանքով փառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը ամփոփում են փառատոնի արդյունքները:

Նիկոլայ Ծատուրյան, «Դուետ» թատերական միջազգային փառատոնի նախագահ. «Երկու տարի առաջ էի փառատոնի միտքը հղացել: Գնացի նախարարի մոտ, հավանություն տվեց, բայց պիտի լիներ հանրապետական մասշտաբի, որովհետեւ առաջին անգամ էր, մի քիչ դժվար էր, բայց երբ Գյումրին ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք, նախարարն ինձ առաջարկեց զբաղվել իմ առաջարկած նախագծով:

Ես մոնո ներկայացումների սիրահար չեմ: Հասկանում եմ, որ դա շատ ընդունված է, բայց ես միշտ ասել եմ՝ էն դերասանը, ով մշտապես շփվում է միայն հանդիսատեսի հետ, վերածվում է պարզապես պատմողի, իսկ թատրոնը սկսվում է նրանից, որ երկու դերասան իրար հետ շփվում են, հոգեվիճակներ են փոխվում, ինչ-որ մի կյանք է մտնում: Դրա համար էլ ես որոշեցի «դուետ» անել, որը երկու անգամ ավելի թանկ է, քան մոնոն, բայց երկու անգամ ավելի հետաքրքիր է, քան մոնոն:

Ամեն տարի չեմ ուզում անել, որովհետեւ ամեն տարի դառնում է հասարակ մի բան: Կլինի երկու տարին մեկ եւ համոզված եմ, որ շատ ավելի բարձր մակարդակ կապահովի, որովհետեւ ինձ պետք է, որ փառատոնն ունենա բարձր վարկանիշ: Առաջին այս փառատոնին, պիտի խոստովանեմ, որ երկու-երեք ներկայացում այնքան էլ հաջող չէին, բայց, ընդհանուր առմամբ, լավ մակարդակ էր, որովհետեւ երբ ես նայեցի, 18 ներկայացումներից մոտավորապս 14-ը լավն էին:

Ցավոք, մարզային թատրոններից միայն Վանաձորի թատրոնն արձագանքեց; Մեր թատրոնի պրոդյուսերը՝ Վիրաբյան Տիգրանը, շատ լավ աշխատեց: Հիմնականում նա էր վարում բանակցությունները խմբերի հետ, եւ թող ներեն ինձ երեւանցիները՝ մեր փառատոնը շատ ավելի կազմակերպված անցավ, քան երեւանյան շատ-շատ փառատոններ:

Երեւանի կամերային ակումբում ես մի անգամ ասել եմ, հետո բազմիցս կրկնել, թե ախր էսպես չի լինի, փառատոն ենք անում, մենք էլ գնում նայում ենք, համարյա հանդիսատես չի գալիս: Ինձ հետ չհամաձայնվեցին՝ ասելով, թե ինչու եք էդպես ասում, այ, օրինակ, Արմեն Ջիգարխանյանի ներկայացմանը լեփ-լեցուն դահլիճ էր: Բայց դահլիճը լեցուն էր, որովհետեւ եկել էին Արմեն Ջիգարխանյանի համար, ոչ թե որ փառատոն էր:

Եվ ինձ համար ամենագնահատելին փառատոնի բոլոր օրերին դահլիճների լեցուն լինելն էր: Նույնիսկ Վարդավառի տոնի օրը, որ բոլորին ջրում էին ցերեկը, էլի մարդիկ եկել էին, ու դահլիճը դատարկ չէր: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն էր: Երկրորդ լավ բանը, որին եզրահանգեցի, այն էր, որ ժողովուրդը վերջապես հասկացավ՝ «Վիտամին ակումբ», «32 ատամ», «42 կույրաղիք», էլի ինչ-որ բաներ՝ դրանք թատրոն չեն, թատրոնը այ սա է, որտեղ կա խորը հոգեբանություն, որտեղ կա մտքի եւ հոգու սնունդ, ոչ թե միայն ծիծաղ, որը ես անվանել եմ խրխնջիզմ: Թատրոնը շատ ավելի նուրբ օրգանիզմ է, շատ ավելի նրբաճաշակ մարդկանց տեղ է: Եւ, փառք աստծո, որ գյումրեցիների մոտ, որոնք միշտ եղել են շատ թատերասեր, բայց ինչ-որ մի ժամանակ հեռացել էին թատրոնից, վերածնվում է սերը դեպի թատրոնը:

Ես ցավում եմ, որ այս փառատոնին մարզային թատրոնների մասնակցության հայտ ներկայացրել էր միայն Վանաձորի թատրոնը: Գաղտնիք չէ, որ մեր մարզային թատրոնների վիճակը շատ տխուր է: Օրինակ՝ Գորիսում, ես գիտեմ, որ երկու ամիսը մեկ մի հատ ներկայացում խաղան կամ չխաղան, էն էլ հանդիսատես չի գալիս: Հիմա արդեն գիտեն, որ նման փառատոն կա, ունեն ժամանակ, թող պատրաստվեն ու 2015թ. մասնակցեն, որովհետեւ «Դուետ» փառատոնը մտադիր ենք անել 2 տարին մեկ եւ միայն Գյումրիում: Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզված եք, որ եթե օլիմպիադան ամեն տարի լիներ, օլիպիադա չէր լինի»:

Անահիտ Աղասարյան, դրամատուրգ, փառատոնի ժյուրիի անդամ. «Ես բազմիցս այս օրերին նշել եմ, որ մասնակցել եմ տարբեր փառատոնների, բայց այսպիսի թատերական տոն որեւէ տեղ չի եղել: Սա աննախադեպ փառատոն է: Կուզենայի անպայման նշել, որ հիացած եմ գյումրեցիների, ընդհանրապես Շիրակի ամբողջ բնակչության՝ թատրոնի հանդեպ վերաբերմունքով, նրանց ունեցած սիրով դեպի թատրոնը: Ինչու՞ եմ սա ասում, որովհետեւ ներկայացումներ կային, որոնց ժամանակ վախով սպասում էի, թե ոմանք դուրս կգան: Օրինակ՝ ֆրանսիացիների բերած ներկայացումը թեւե շատ լավ, քնարական ներկայացում էր, բայց չէ՞ որ ժողովուրդը չէր հասկանում, ու գյումրեցի հանդիսատեսը ժամ ու կես նայեց այդ ներկայացումը մինչեւ վերջ՝ էնպես պատվով, թասիբով եւ զարմանալիորեն համբերատար: Դա ինձ հատկապես զարմացրեց: Կային նաեւ էնպիսի ներկայացումներ, որ դահլիճն ուղղակի շնչում էր բեմի շնչառության հետ զուգահեռ:

Գյումրեցի հանդիսատեսի հետ շփվում էի առաջին անգամ: Այնպես է ստացվել, որ ես ոչ մի անգամ չեմ եղել Գյումրիում՝ ո՛չ երկրաշարժից առաջ, ո՛չ երկրաշարժից հետո: Այդպես է ստացվել, եղել եմ աշխարհի շատ երկրների քաղաքներում, սակայն երբեք չէի եկել Գյումրի:

Այս օրերին ես ժամերով քայլում էի Գյումրիում ու գիտեք ինչ կասեմ՝ Երեւանի կառույցներն իրենց մեջ ագրեսիա են պարունակում, Գյումրիի կառույցները բարի են: Գյումրին յուրահատուկ աուրա ունի: Գյումրեցիք, ի տարբերություն մյուս մեր մարզերի բնակիչների, շիտակ են, երեսին ասող, գուցե դրանից էլ մի քիչ կոպիտ են դառնում, բայց էդ կոպտությունն իր մեջ ճշմարտություն է պարունակում: Փառատոնի օրերին ես նաեւ սա բացահայտեցի ինձ համար:

Ինչ վերաբերում է փառատոնին ներկայացված գործերին, եթե ես մոտենամ բարձր արվեստի չափանիշներով, որ ստացել եմ իմ ուսուցիչներից՝  Խորեն Աբրահամյանից, Հենրիկ Հովհաննիսյանից, ապա մի 50% կային լավ ներկայացումներ: Եթե դիտարկենք զուտ փառատոնի տեսանկյունից եւ հաշվի առնենք, թե այսօրվա դաշտում ինչ կա, ապա կարծում եմ, որ 80% լավ ներկայացումներ էին: Ես վստահ կասեմ, որ տոնը կայացավ, ու դա իսկական թատերական տոն էր»:

Լեւոն Մինասյան (Լեո Ման), բեմադրիչ. «Բազմաթիվ կինոփառատոնների եմ մասնակցել որպես ռեժիսոր: Թատերական փառատոններից միայն «Ավինյոնի» փառատոնին եմ մասնակցել, այն էլ՝ որպես հանդիսատես: Որպես բեմադրիչ որեւէ թատերական փառատոնի չէի մասնակցել մինչեւ Գյումրիից հրավեր ստանալս:

Ես թատրոնում շատ բեմադրություններ չեմ արել, ընդամենը երկուսն են, նրանցից մեկը խաղացվեց փառատոնի առաջին օրը, իսկ երկրորդը պիտի եզրափակեր փառատոնը, բայց, ցավոք, եղան տեխնիկական խնդիրներ, եւ խումբը չկարողացավ Կիեւից գալ: Ինձ դրականորեն զարմացրել է գյումրեցի հանդիսատեսը: 500 հոգի դահլիճում նստած նայում է ֆրանսերեն լեզվով մի ներկայացում, որ տեւում է ժամ ու կես, ու չհասկանալով լեզուն՝ իրենք իրար մեջ սկսում են բացատրություններ տալ, մեկնաբանում խաղը՝ մի բառ անգամ չհասկանալով ֆրանսերեն: Եվ ես հասկացա, որ իրենք նայում էին ոչ թե հասկանալու, այլ ապրելու համար այն ամենն, ինչ կատարվում էր բեմում:

Ինձ զարմացրել ու հիացրել է նաեւ փառատոնի կազմակերպչական մասը: Ընդհանրապես հայերը, որ շատ դժվարությամբ են կարողանում կազմակերպել ու ինքնակազմակերպվել, դժվար էր հավատալ, որ էսպես հրաշալի ու կազմակերպված կանեն ամեն ինչ: Ինձ առաջին անգամ էր նման բան հանդիպում: Միակ թերությունը, որ անհանգստացնում ու նյարդայնացնում էր շատերին, դահլիճում հնչող հեռախոսազանգերն էին: Շատ երկրներում տարածված այս երեւույթը հայ հանդիսատեսի մոտ էլ նկատեցի: Ռուսաստանում էլ է այդդպես, Մարոկկոյում այդ առումով ավելի խայտառակ վիճակ է, բայց կուզենայի նշել Ֆրանսիայի օրինակը:

Ֆրանսիայում նման վարքագիծն անընդունելի է: Դա համարվում է անբարոյականություն: Եթե Ֆրանսիայում հեռախոսը զնգաց ներկայացման կամ կինոյի ժամանակ, էդ մարդը համարվում է անբարոյական մարդ, ինքն ամոթից գետինը կմտնի: Նույնն էլ պիտի էստեղ լինի: Հանդիսատեսը պիտի հասկանա, որ դերասաններն իրենց համար են աշխատել, եթե դու հեռախոսային խոսակցություն ունես, ուրեմն մի արի թատրոն կամ այդ ժամ ու կեսը անջատիր հեռախոսդ:

«Դուետ» փառատոնը համարում եմ կայացած: Ես 22 տարի է՝ ապրում եմ Ֆրանսիայում, սակայն հաճախակի եմ գալիս իմ ծննդավայր ու ամեն այցելության ժամանակ մտածում եմ, որ չէ, էս քաղաքը երբեք էլ ոտքի չի կանգնի, մեկ տխրում եմ, մեկ զայրանում, բայց այս 8 օրերին ես այլ ապրումներ ունեի ու զգացողություններ: Ես հավատում եմ, որ այսպիսի ներուժ ունեցող քաղաքը չի մեռնելու, որ անպայման ոտքի է կանգնելու, թեկուզ թատրոնի օրինակով, որտեղ զարմանալի մարդիկ են աշխատում»:

Աիդա Առաքելյան, թատերական գործիչների միության ներկայացուցիչ. «Ես ուշադրություն եմ դարձրել, որ դրամատուրգները սկսել են գրել դուետներ, ինչու՞, որովհետեւ մոնոյի շրջանը կարծես թե ինչ-որ մի տեղ հետին պլան է գնացել: Ընդհանրապես, մոնոն, թող անհամեստություն չդիտվի ասածս, պետք է խաղա մեծ դերասան, շատ մեծ պաշարով, որ կարողանա դահլիճը պահել: Բայց նաեւ հասկանում եմ, որ շատ դերասաններ ստիպված էին մոնո ներկայացումներ խաղում, որովհետեւ ինչ-որ մի ձեւով ուզում էին արտահայտվել: Հիմա մի հետաքրքիր միտում կա: Ամբողջ ինտերնետը ողողված է դուետ պիեսներով եւ սկսել են խաղալ, որովհետեւ հասկացել են, որ պարտնյորությունը անհրաժեշտություն է: Դերասանը պիտի պարտնյորի աչքերի մեջ նայի ու կարողանա խաղալ:

Այս փառատոնն ինձ համար բացահայտեց մեր ռեժիսուրայի պակասը: Ամեն օր ինչ ներկայացում, որ նայում էինք, քննարկում էինք: Անմիջապես երեւում էր՝ սա լավ ռեժիսոր է, սա վատ ռեժիսոր է: Երիտասարդների մեջ արդեն առանձնանում են լավերը: Վատն այն է, որ մինչեւ 50 տարեկանների մեջ այդ լավագույնը չի նկատվում: Ինձ փառատոնային 18 ներկայացումներից երկուսը շատ դուր եկան՝ «Թռիչք քաղաքի վրայով» եւ «Երկուսը ճոճանակի վրա»: Նրանք ամեն ինչով կատարյալ էին՝ թե՛ դերասանական խաղով, թե՛ ռեժիսուրան, թե՛ մտածելակերպով, թե՛ ասելիքի մասով: Ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ մենք շատ լավ մտածող, շնորհքով, խորը, նուրբ դերասաններ ունենք»:

Վարդան Պետրոսյան, դերասան. «Ես միշտ մեծ հուզումով եմ բարձրացել այս բեմ: Շատ բարդ հանդիսատես է Գյումրիի հանդիսատեսը: Նա շատ դժվար է ընդունում, բայց երբ ընդունում է, հանում նստեցնում է իր գլխին: Եվ 2008թ. ներկայացումներից հետո, երբ ինձ միշտ ծափահարում էին ոնց որ ավանսով, ոնց որ ասեին, թե տեսնենք էլ ինչի ես դու ընդունակ, 2008թ. դահլիճում ես տեսա մի տղամարդու, որ ժպիտը դեմքին ծափ էր տալիս ու անընդհատ ասում էր. «Վա՜յ, Վարդան ջա՜ն, Վարդա՜ն ջան»: Ես էստեղ հասկացա, որ ինձ արդեն ամեն ինչ թույլատրվում է:

Հայրս Լենինականի որբանոցում է մեծացել: Ու դեռ փոքր տարիքից նրա պատմություններից գիտեմ, թե ինչ է նշանակում գյումրեցի: Պատմություն կա, որի մասին շատ քչերը գիտեն: 1922թ., երբ դեռ թարմ էին վերքերը թուրքերի պատճառած ավերածությունների եւ սարսափի, քաղաքը լի էր գաղթականներով ու որբերով, այդ թվականին Արմեն Արմենյանը բեմադրում է «Սասունցի Դավիթ»: Բեմադրությանը մասնակցում է 150 հոգանոց մասովկա, սարերում է արվում այդ ներկայացումը: Ու ամեն անգամ հիշելով այս պատմությունը՝ զարմանում եմ, թե ինչ հոգու ուժ էր պետք ունենալ, որ սոված ու վիշտ տեսած քաղաքում բեմադրություն անեին եւ մարդիկ, որոնց մեծ մասը գաղթականներ էին, այդ սարերում ծվարած ներկայացում դիտեին, ինչ անմարդկային կամք է պետք դրա համար: Դե տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում գյումրեցին, ուրեմն ճանաչեք գյումրեցուն, ճանաչեք ինքներդ ձեզ: Եվ իմացեք, որ էդպիսի սովին, էդպիսի պայմաններում եթե այս քաղաքը կարող է «Սասունցի Դավիթ» բեմադրել, ուրեմն ինչքան ներուժ ունի նա:

Այդ բեմադրությունից հետո ծնվեց այս թատրոնը: Սա այն թատրոնն է, որտեղ հետագայում խաղաց Փափազյանը: Աստվածային այդ դերասանը՝ համաշխարհային մեծագույն բեմեր նվաճած: Երբ Փափազյանի հուշերը կարդում ես, միայն վեց էջ թվարկված են այն քաղաքները, որտեղ խաղացել է եւ ասում է. «Սիրելի ընթերցող, միայն չնեղանաք, իմ ամենասիրած քաղաքը Լենինականն է եւ Լենինականի թատրոնը»:

Բայց ինչ է թատրոնը: Թատրոնը թատրոնի շենքը չի: Մենք շատ հաճախ ենք հարցնում՝ ի՞նչ է եկեղեցին, դա քահանան չի, դա շենքը չի, եկեղեցին ժողովուրդն է: Թատրոնը թատրոնի հանդիսատեսն է եւ դերասանը: Ես խնդրում եմ ձեզ, սիրելի գյումրեցիներ, չլքեք ձեր թատրոնը: Արենք այնպես, որ արվեստը չնեղանա մեզնից: Հիշեք, թե թատրոնը ինչ է արել Գյումրու համար, եւ այսօր երեւի ժամանակն է, որ Գյումրին անի թատրոնի համար: Եվ դուք կտեսնեք, ոչ ոք չի հավատում իմ ասածին, բայց փրկությունը բարիկադներից չի գալիս, իրար սպանելուց չի գալիս, փրկությունն այ այստեղից է գալիս: Էն երիտասարդներից, որ էստեղ խենթի պես աշխատում են, ու նրանց նայելով՝ ապրելդ գալիս է: Ուրեմն Գյումրու թատրոնը պիտի ապրի, գյումրեցին պիտի ապրի, ապրեք դուք, ապրենք մենք, ապրի թատրոնը, ապրի էս փառատոնը, որ մեզ ապրեցրեց, կեցցե՛ Գյումրին եւ Գյումրու թատրոնը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter