
«Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից՝ պոստմոդեռն, հայ արվեստագետներ». ցուցահանդես ժամանակակից արվեստի թանգարանում
«Այս ցուցահանդեսում ժամանակակից արվեստի ներկայությունը վկայում է այն մասին, որ վերջապես մենք կարող ենք ոչ միայն անցյալում ապրել, այլ նաև ներկայում» ,- ասաց Մերի Մունը` Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցող «Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից՝ պոստմոդեռն, հայ արվեստագետներ» խորագրով ցուցահանդեսի բացմանը նվիրված ասուլիսի ժամանակ: Ցուցահանդեսը տեղի է ունենում 10-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ցուցահանդեսը բաց է լինելու հուլիսի 12-ին` ժամը 11:00-ից 17:00-ն: Այն բավական խիտ է՝ ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածը, ներկայացված են շուրջ 70 հեղինակի աշխատանքներ:
Էքսպոզիցիայի խորհրդատու, աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի խոսքերով, այս ցուցահանդեսը հաստատում է այն, որ վերջին հարյուր տարվա արվեստում եղած ուղղությունները Հայաստանում գոյություն ունեն` սկսած իմպրեսիոնիզմից մինչև մեր օրերը: Այստեղ ներկայացված են հայ արվեստագետների աշխատանքներ, որոնք համաշխարհային արվեստի գլուխգործոցներ են, և որոնց հեղինակներն ուղղակի մասնակից են դարձել աշխարհում արվեստի տարբեր ուղղությունների ստեղծմանը: Ներկայացված են նաև արվեստագետներ, որոնք արդեն իսկ ստեղծված ուղղությունները տեղայնացրել են Հայաստանում:
Նախագծի տնօրեն Աննա Գրիգորյանը կարևորեց այն, որ այս ցուցահանդեսին դասականների կողքին ներկայացված են նաև ժամանակակից, գործող արվեստագետները: Աննա Գրիգորյանը ցանկություն հայտնեց, որ Հայաստանում ստեղծվի մեցենատային, ներդրում ունեցող ինստիտուտ՝ հայկական նոր արվեստը զարգացնելու նպատակով:
Խոսելով «ժամանակից արվեստ» և «հայկական արվեստ» երևույթների փոխհարաբերության մասին, Մերի Մունը նշեց, որ պետք չէ արվեստն անընդհատ տեղայնացնել, պետք է ավելի բաց թողել այն. «Այդ մենք ենք, որ լոկալացնում ենք, արվեստն իրականում ազատ է, բաց է, ձևավորվում է այնպես, ինչպես ուզում է, իհարկե, նաև կախված ժամանակաշրջանից»,- ասաց երիտասարդ արվեստագետը:
Ցուցահանդեսի բոլոր աշխատանքները ներկայացված են նաև առցանց տարբերակով http://www.hi-artonline.com/arm/:
Լուս.՝ Աննա Գրիգորյան, Մերի Մուն, Գարիկ Կարապետյան
Մեկնաբանել