Ստեղծվել է լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոն
Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոնի շնորհանդեսը:
Նախաձեռնողների նպատակն է ստեղծել հայոց լեզվի գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որում կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ հիմնական գիտահասարակական ուղղություններին բնորոշ տերմիններ և դրանց բացատրություններ:
Դա կնպաստի, որ տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերն ու տերմինները հավաքվեն մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը' պայմանավորված գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու անխուսափելի գործընթացով:
Ներկայումս կենտրոնն օգտագործողներին մատուցում է հետևյալ ծառայությունները. արևելահայերեն - արևմտահայերեն - անգլերեն լեզուներով կատարվող իմաստային թարգմանություններ, արևելահայերեն - արևմտահայերեն - անգլերեն լեզուներով բացատրական բառարանների շահագործում, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրում:
«Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող և սպասարկվող լեզուների կազմում համապատասխանաբար ռուսերենի և թուրքերենի ավելացումը: Կենտրոնի նախաձեռնողները ակնկալում են Հայաստանից և սփյուռքից ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը և աջակցությունը գիտելիքների շտեմարանի համալրմանը»,- հայտնում է սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:
Այսօրվա շնորհանդեսին ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, լեզվաբաններ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից, ուսանողներ և այլք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել