HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պահանջելու ենք 100 տոկոսանոց որակ և սահմանված ժամկետներում աշխատանքների բարեհաջող ավարտ». Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքին ու առաջացած խնդիրների վերաբերյալ:

Քսիաոյու Ժաոն  գոհունակություն հայտնեց «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել  կատարված աշխատանքներին, տեսել, որ  բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է և առաջիկա օրերին կսկսվի ճանապարհի մի հատվածի փորձնական  բետոնափռումը։

Գագիկ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը, նշեց, որ աշխատանքների կատարման ընթացքում խնդիրներ էին առաջացել ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» և շինարարարական աշխատանքները կատարող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների հետ.

«Թերություններն արդեն վերացվում են, իսկ աշխատանքների ընթացքը բարելավվել է: Ամեն բան պետք է կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում ունենանք լավ որակով աշխատանք»,-ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց  հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նա  հիշեցրեց նախկին հանդիպումներում իր կողմից բարձրացված այն հարցը, որ ԱԶԲ-ն պետք է արագացնի  Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել վերջնական ծրագծի ընտրությունը և Չորրորդ տրանշը իրագործելու ուսումնասիրությունը և  նախագծային աշխատանքները:

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց նաև «ԻզոլյուքսԿորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Խուան Մանուել Մորալեսի գլխավորությամբ, ով այդ պաշտոնում փոխարինում է Ռամոն Աիգեին։ «Իզուլյուքս կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2-ով նախատեսված շինարարարական աշխատանքները: Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ հստակ խնդիր դրեց՝ աշխատանքներն արագ և որակով կազմակերպելու, թերությունները վերացնելու համար:

«Մենք պահանջելու ենք 100 տոկոսանոց որակ և սահմանված ժամկետներում աշխատանքների բարեհաջող ավարտ: Թույլ չենք տա, որ խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող պետական այս ծրագիրը վտանգի ենթարկվի»,-ընդգծեց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը ցանկություն հայտնեց Հայաստանում հանդիպել «Իզուլյուքս կորսան» ընկերության գլխավոր տնօրենին՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծումները տեղում քննարկելու, ինչպես նաև հիմնական պատասխանատու անձ սահմանելու նպատակով:

Հանդիպմանը Խուան Մանուել Մորալեսը նախարարին ներկայացրեց շինարարական աշխատանքների ներկայիս ընթացքը: Նա նշեց, որ երկրորդ հատվածում կատարվում են հողի տեղափոխման աշխատանքներ, իսկ երրորդ հատվածում՝ բետոնհանգույցը և բետոնփռիչը պատրաստ են` առաջիկա օրերին կատարելու բետոնը փռելու վերջին փորձը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter