HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 15-ին կքննի լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ հուլիսի 15-ին քննվելու է 2010թ. Տավուշի մարտական հենակետերից մեկում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը: Վերքննիչ բողոքով հանդես էին եկել տուժող կողմը և հինգ ամբաստանյալներից երկու սպաները:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:

Տուժող կողմը պահանջել է Վերաքննիչ քրեական դատարանից «բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել դատավճիռը՝ արդարացնել ամբաստանյալներին և գործն ուղարկել դատախազին»: Պահանջում են նաև «քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ս. Մարդանյանի նախագահությամբ կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք, ըստ զինդատախազության և դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»:

Ի սկզբանե տուժող կողմը պնդել է, որ կատարվածն ինքնասպանություն չէ, այլ սպանություն, ինչի ապացույցներն առկա են քրեական գործում և ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, իսկ ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել՝ խնդրելով կայացնել արդարացման դատավճիռ:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (ինչպես և նախաքննության ընթացքում) գործի քննությունն ընթացել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով, խոչընդոտվել են կողմերի փորձերը՝ լույս սփռելու այն հարցերի վրա, որոնք կարող էին պարզաբանել նախաքննական մարմնի չպարզաբանած կամ կոծկած փաստերը, դատարանը ճնշող մեծամասնությամբ իր վճիռները կայացրել է՝ հենվելով մեղադրանքը պաշտպանող դատախազների կարծիքի վրա, թեկուզ նրանց կարծիքը հակասել է մնացած բոլոր կողմերի կարծիքներին:

Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է, և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակից՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքային՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, և 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:

Վերաքննիչ բողոք ներկայացրած սպաների պաշտպաններն են փաստաբաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը (Հակոբ Մանուկյանի պաշտպանները) և Լևոն Պողոսյանը (Վահագն Հայրապետյանի պաշտպան):

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter