HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչում ավարտվեց գերմանացի ներդրողի բողոքի քննությունն ընդդեմ Ծառուկյանի

Հուլիսի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում կկայացնի գերմանացի ներդրող «Իստինվեստոր» ՍՊԸ-ի` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի գործով: 

Այսօր դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, ավարտեց գործի քննությունը և նշանակեց դատական ակտի հրապարակման օր`  նիստն անցկացնելով առանց կոմբինատի ներկայացուցչի. վերջինս չէր ներկայացրել, չէր էլ հիմնավորել իր բացակայությունը: 

Մինչ այդ դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչին` փաստաբան Դավիթ Դանելյանին հարցեր ուղղեց: Դատարանին հետաքրքրում էր, թե ինչու է հայցվոր կողմը դատավարական խախտում համարել այն, որ ստորադաս ատյանը մի քանի անգամ վերսկսել է գործով դատաքննությունը: 

Դավիթ Դանելյանը հիմնավորեց, որ դատարանը որոշել է վերսկսել քննությունը լրացուցիչ ապացույցներ հետազոտելու համար, և այդ փաստաթղթերը կցել է գործին: Մինչդեռ այդ ապացույցները դատարանը չի տրամադրել իրենց, որպեսզի հայցվոր կողմն էլ հետազոտեր ու դիրքորոշում հայտներ: Այդպիսով դատարանը խախտել է հավասարության սկզբունքը: 

«Մենք առ այսօր տեղեկացված չենք, թե ինչ ապացույցներ են դրանք, և ինչու են ընդհանրապես վերսկսումից հետո ներկայացվել: Դրանց մասին տեղեկացել ենք դատարանի վճռից,- ասաց Դ. Դանելյանը,-դատարանը հստակ նշել է, որ կողմից վերցրել է ինչ-որ փաստաթղթեր, կցել է գործին: Ընդ որում` դատարանը նշել է, որ եթե մենք չենք ներակայացել վերսկված դատական նիստին, այդ ապացույցներին չծանոթանալու բացասական հետևանքները կրելու ենք ինքներս, այն պարագայում, երբ մենք չենք էլ իմացել, չէինք էլ կարող իմանալ, որ գործի վարույթը կարող էր վերսկսել նոր ապացույցներ ընդունելու հիմքով, քանի որ օրենսդիրը գործի վարույթը վերսկսելու նման հիմք չի նախատեսում»: 

Դատավոր Արսեն Մկրտչյանը իր հարցադրումը հիմնավորեց նրանով, որ ուզում է հասկանալ, թե ինչ ազդեցություն են ունեցել այդ ապացույցները գործի ելքի վրա: Դավիթ Դանելյանը նշեց, որ եթե ապացույցները «թաքցվել են», իրենք չեն կարող իմանալ, թե դրանք գործի ելքի վրա անվերապահորեն ազդել են, թե չէ, սակայն փաստ է, որ խախտվել է մրցակցային իրավահավասարության իրավունքը, ինչը ինքնին դատավարական այնպիսի խախտում է, որի պարագայում վճիռը ենթակա պիտի լինի բեկանման: Փաստաբանի դիտարկմամբ, դատարանը պարտավոր էր լրացուցիչ ապացույցները ուղարկել կողմին, որպեսզի վերջինս ծանոթանար դրանց: 

Հիշեցնենք՝ գերմանացի ներդրողը սկսել է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ՝ կոմբինատում ունեցած իր բաժնետոմսերից զրկվելու պատճառով: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Միևնույն ժամանակ վճռել էր «ԻստԻնվեստոր»-ի օգտին բռնագանձել 14.8 մլն դրամին մոտ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter