Այսօր Երևանում բնակիչներին է հանձնվել բարեկարգված մի քանի բակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է 2013 թվականի բակերի բարեկարգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքներին և մասնակցել արդեն իսկ բարեկարգված մի շարք բակերի բացման արարողություններին:
Հարավարևմտյան Բ-2 թաղամասի համար 137 և «Ճառագայթային Վ» շենքերի հարակից բակային տարածքները գարնանից մեկնարկած բարեկարգման աշխատանքների արդյունքում ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: Կառուցվել է մինի ֆուտբոլի խաղադաշտ, որը հարմարեցվել է նաև բասկետբոլի համար:
Տարոն Մարգարյանը ծանոթացել է բակում կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Այս բակը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնավոր ներդրողների մասնակցությամբ:
Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Բ-1 թաղամասի Րաֆֆու փողոցի 69 և 77 շենքերի բակերի բացմանը: Բակում՝ առանձնացված մի քանի գոտում տեղադրվել են զրուցարաններ ու նստարաններ, փոքրիկների համար կառուցվել ու կահավորվել է խաղահրապարակը: Այս բակում ևս բարեկարգված մինի ֆուտբոլի խաղադաշտ կա:
Բնակիչները Տարոն Մարգարյանին ասել են, որ պատրաստակամ են երեխաների հետ խնամելու և պահպանելու տարածքը, որպեսզի հաջորդ սերունդներին փոխանցեն: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 77 շենքի բակը ևս մասնավոր ներդրողների աջակցությամբ է բարեկարգվել:
Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Օհանովի 52 և 54 շենքերի նորակառույց բակի բացման արարողությանը: Կանաչապատ, բարեկարգ, խաղային ատրակցիոններով կահավորված բակը ավելի քան 30 տարի անխնամ ու անշուք տարածքի տեղում է կառուցվել: Քաղաքապետը շրջել և ծանոթացել է նաև հարակից շենքերի բակերի և ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքներին:
Շերամի փողոցի 39, 63, 65, 67 շենքերի բակը ևս կառուցվել է այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով: Այսուհետև դրանք կծառայեն որպես ժամանցի և հանգստի կազմակերպման յուրօրինակ անկյուն ինչպես այս, այնպես էլ հարակից շենքերի համար: Այստեղ տասնյակ երեխաներ արդեն ստուգել են բազմագույն խաղային ատրակցիոնների հարմարավետությունը:
«Վերջին երկու տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բոլոր վարչական շրջաններում, և մենք նախանշել ենք ամեն տարի 400 բակ հանձնել մեր բնակիչներին: Այս տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն շուրջ 10 բակ բարեկարգել ու հանձնել ենք բնակիչներին: Մինչև տարեվերջ այդ աշխատանքները կշարունակվեն, և մենք հույս ունենք, որ կկարողանանք առաջիկա 3 տարվա ընթացքում ավարտին հասցնել մայրաքաղաքի բոլոր բակերի բարեկարգման ծրագիրը: Մեր բնակիչներն էլ իրենց հերթին են պատրաստ կամավոր հրաժարվելու ինքնակամ զբաղեցրած տարածքներից»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նրա հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում ուշադրություն է դարձվում նաև կանաչ տարածքների պահպանմանն ու ընդլայնմանը: Այդ նպատակով առաջնահերթորեն լուծվում է ոռոգման ցանցի հարցը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել