HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի հողերի 70 տոկոսը չի մշակվում

Օձուն համայնքի բյուջեով նախատեսված 25.2 մլն դրամ հողի հարկի եկամուտների հավաքագրումը հունիսի 28-ի դրությամբ կազմել է 9,2 մլն դրամ: Հողը չմշակելու պատճառով գյուղացիները դարձել են անվճարունակ հարկատուներ:

Գյուղապետ Արսեն Տիտանյանն ասաց, որ այս տարի մշակվել է գյուղի 1400 հա վարելահողի մոտ 30 տոկոսը, եւ նախորդ տարվա համեմատ հողի մշակության գործում աճ է արձանագրվել: Դրան նպաստել է Օձունի 20 գյուղացիների սուբսիդավորված վարկի տրամադրումը:

Սուբսիդավորված վարկ ստանալու համար բանկերին դիմել է 50 օձունցի, սակայն նրանցից 30-ը կամ անվճարունակ, կամ էլ անբարեխիղճ վարկառու է ճանաչվել եւ մերժվել է: Օձունում հողը ճիշտ մշակելու եւ ցորենի որակյալ սերմացու հողին հանձնելու դեպքում գյուղացիները կարող են լուծել իրենց հացի խնդիրը, սակայն հողերի 70 տոկոսը չի մշակվում:

«Մենք կարող ենք ոռոգման ջրով ապահովել գյուղի 1400 հա վարելահողերը: Ուղղակի գյուղացիների ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում, մեխանիզմները հնացած են, քիչ են, մարդիկ քաշքշուկների մեջ են ընկնում»,-ասաց «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Սամվել Ապրեսյանը:

Գյուղացիների մեծ մասը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է գյուղապետ Արսեն Տիտանյանին, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր 300 հա վարելահող մշակելու գործում աջակցել գյուղացիներին: Գյուղապետն իր ընտրողներին խոստացել էր նաեւ բարեկարգել գյուղամիջյան ճանապարհները:

Ա. Տիտանյանն ասում է, որ իր խոստացած 300 հա հողի մշակության գործում գյուղացիներին կարող է օգնել, բայց մասնակիորեն. «Ի՞նչ է նշանակում` ուրիշի հողը վարես, ինքն էլ ոչ մի բան չցանի: Ախր տենց չի լինի: Գյուղացիներին հողի մշակման գործում աջակցելու նպատակով այս տարի Կենդանարար հանդամասում համայնքի բյուջեի միջոցներով հակակարկտային կայան ենք տեղադրել, որը Եզնանիստ հանդամասի վարելահողերը եւ գյուղացիների տնամերձերի կեսից ավելին մի քանի անգամ փրկել է կարկտահարությունից: Այս տարի Կառավարության կողմից համայնքի բյուջեին 20 մլն դրամ գումար է հատկացվել, որով գյուղի` դեպի գերեզմաններ տանող ճանապարհներն ենք վերանորոգելու` Օձունի բժշկական ամբուլատորիայից մինչեւ գյուղի վերջին տունը»:

Օձունի բժշկական ամբուլատորիայից մինչեւ գյուղի վերջին տուն տանող ճանապարհը տանում է դեպի գյուղապետի հորեղբայրներին` Տիտանյաններին պատկանող հանգստյան տուն: Օձունցիները կարծում են, որ գյուղապետը, գյուղամիջյան անանցանելի ճանապարհները թողած, պետական միջոցներով դեպի ազգականների հանգստյան տուն տանող ճանապարհն է վերանորոգում:

Ա. Տիտանյանը բացատրեց, որ գյուղամիջյան ճանապարհները հեղեղատարներ չունեն, իսկ գերեզման տանող ճանապարհի 2 եզրերին հեղեղատարներ կան, ասֆալտը երկար կմնա: Գյուղամիջյան ճանապարհների անանցանելի վիճակը գյուղապետը բացատրում էր այս տարվա հորդառատ անձրեւներով եւ վերանորոգելու համար բյուջեում անհրաժեշտ միջոցների բացակայությամբ:

«Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Սամվել Ապրեսյանը դրական է գնահատում կառավարության ուշադրությունը գյուղի նկատմամբ:

«Բայց գիտեք, դա ոչ թե թռուցիկ պետք է վերեւից ասվի, պետք է կառավարությունը գյուղերի խնդիրների մեջ խորանա: Հենց այն ֆերմերները, ովքեր հողով զբաղվում են, կառավարությունը պետք է այդ մարդկանց հետ խորհրդակցի, թե ոնց անեն, որ հողերը ավելի խոշորացնեն, վարկային լուրջ միջոցներ տան հողը մշակել իմացող գյուղացուն: Ես «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից 2,5մլն դրամ սուբսիդավորված վարկ եմ վերցրել: Ունեմ 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վարկային գումարով անասնագոմ եմ կառուցում, 8 կով եմ գնել, տրակտոր եմ գնել, մեխանիզմներ պետք է գնեմ, հող պետք է վարձակալեմ, բայց 2,5մլն դրամն իմ այս ծրագրերի համար չի բավականացնում: Գյուղատնտեսությունը մի տարում եկամուտ չի տալիս: Կարող է գյուղացին վարկ վերցնի եւ երեք տարի վնասով գնա: Սուբսիդավորված վարկերը 2 տարով են տրվում: Իհարկե, քիչ ժամանակ է»,- ասում է Ս. Ապրեսյանը:

Նա որդու` Արսենի հետ ընտանեկան բիզնեսով է զբաղվում: Այդ նպատակով որդին «Հայէկոնոմբանկից» 5մլն դրամ վարկ է վերցրել: Իր վերցրած վարկով Արսենը փուռ եւ խանութ է կառուցում, որտեղ պետք է իրացնեն իրենց արտադրանքը: «Տղաս ժողինստիտուտն ավարտել է գերազանց դիպլոմով, հիմա էլ հեռակայում է պետական կառավարման ակադեմիայում»,- պարծեցավ հայրը:

Հայր ու որդի իրենց ընտանեկան բիզնեսում աշխատանքի բաժանում են կատարել: Հայրը ղեկավարում է անասնապահական աշխատանքները, որդին զբաղվում է հացահատիկի, փռի հարցերով: «Ուզում ենք ցորենը մենք արտադրենք, տանենք ջաղաց, աղանք, ալյուրը մենք ստեղծենք, մենք փուռը ստեղծենք, մենք հացը թխենք եւ իրացնենք»,- բացատրում է գործարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter