HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Պապա ջան, որ գնացել կռվել ես, դրա՞ համար ենք վարձով ապրում». ազատամարտիկի տղայի հարցը

Այսօր առավոտվանից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ Շամիր Սահակյանի հիմնական պահանջը ՀՀ պաշտպանության նախարարի մոտ ընդունելություն ստանալն է: Ողնաշարի խնդիր ունեցող, երրորդ խմբի հաշմանդամ ազատամարտիկը կնոջ (նույնպես հաշմանդամ) և երկու երեխայի հետ 13 տարի է, ինչ ապրում է վարձով մեկ սենյականոց բնակարանում:

Շամիրի խոսքով՝ 2011 թ. հոկտեմբերի 30-ին՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման օրն, անձամբ հանդիպել է նախարարին, ներկայացրել իր սոցիալական վիճակը, նախարարը հրահանգել է, որ բնակարան տրամադրեն, բայց առ այսօր ազատամարտիկին ընդունելության չեն գրանցում. քարտուղարությունը միանգամից մերժում է:

«13 տարեկան տղաս հարցնում է՝ պապա ջան, որ գնացել կռվել ես, դրա՞ համար ենք վարձով ապրում: Նա մտածում է, թե իմ արած կռիվն ինչ-որ չարություն է, և հիմա ես պատժվում եմ դրա համար: Երեխայի գիտակցությանը դեռ չի հասնում, թե ինչու եմ առողջությունս զոհել և հիմա ոչ մի պետական աջակցություն չեմ ստանում... Ու շատերի գիտակցությանը դա չի հասնում»,- «Հետքի» հետ զրույցի ժամանակ ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկը՝ նշելով նաև, որ որպես պատերազմի մասնակից՝ ոչինչ չի ստանում, 50 հազար դրամ թոշակն էլ հաշմանդամության համար է, որը բավականացնում է միայն տան վարձին:

«Առողջ մարդը գնում է, ասում են՝ 18 տարեկան չես, ոտքերդ երկար չեն, տուն գնա, ուր մնաց՝ 37-ն անց հաշմանդամ ազատամարտիկը, ով ավելորդ պատասխանատվություն, դարդ է գործատու համար»,- ասաց Շամիրը:

Արցախյան պատերազմի տարիներին նա սովորել է պրոֆտեխուսումնարանում դերձակի մասնագիտություն ստանալու համար: Երբ կռիվը սկսվել է, կիսատ է թողել ուսումը և գնացել Արցախ: Վերադառնալուց հետո որպես պատերազմի մասնակցի՝ դիպլոմը տվել են, բայց մասնագիտական կրթությունը, փաստորեն, կիսատ է մնացել, հիմա էլ, իր խոսքով, որոշ բաներ կարողանում է անել, բայց աշխատատեղ չկա:

«20 տարի է, ատամներս կրճտացրել ենք, ձայն չենք հանել: Մեր պահանջն այն է, որ երկրի ղեկավարությունը դեմքով շրջվի դեպի ազատամարտիկը. վաղը ռուս զինվորը, կամ էլ ղազախ զինվորը սահման չի պահի»,- ասում է Շամիր Սահակյանը և հավելում, որ հացադուլը կդադարեցնի միայն այն դեպքում, եթե նախարարն իրեն ընդունի և իր բնակարանի խնդիրը լուծի:

Լուսանկարում Շամիր Սահակյանն աջից առաջինն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter