HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիների և բանկերի միջև վեճերի լուծման կարգը խնդրահարույց է

Այսօր Հայաստանի քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Այս մասին նշեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գրասենյակում հրավիրված կլոր սեղանի ժամանակ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բանկերի միության նախագահը, հայաստանյան խոշոր բանկերի կառավարիչներ, Ֆինանսական արբիտրաժի նախագահը, Ազգային ժողովի, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ:

«Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու և ներկայացնելու բանկերի շահերը: Հետևաբար, երբ մարդիկ բանկերի հետ խնդիր ունենալիս իրենց վեճերը ստիպված են լուծել հիմնականում այդ ֆինանսական արբիտրաժի միջոցով, առավել քան կարևոր է դրա անաչառ և անկողմնակալ աշխատանքը, իսկ դա էլ իր հերթին հնարավոր է միայն, երբ արբիտրների ցանկը և ընտրության կարգը վստահություն ներշնչեն հանրությանը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը նշեց, որ Ֆինանսական արբիտրաժն ամենաարդյունավետ միջոցն է բանկի և հաճախորդի միջև հնարավոր վեճերը լուծելու համար, թեև այն ունի իր գործունեութունը կատարելագործելու կարիք: Այդ նպատակով նա հայտնեց իրենց միության պատրաստակամությունը քննարկել հարցի լուծմանն ուղղված առաջարկությունները:

Քննարկման արդյունքում պարզվեց, որ Ֆինանսական արբիտրաժի կանոնադրությունում հստակ նշված է, որ միայն ՀԲՄ խորհուրդն է հաստատում արբիտրների անվանացուցակը: Ներկայում այդ ցուցակում ներառված է 8 արբիտր, և վիճող կողմերը միայն այդ ցուցակից կարող են ընտրություն կատարել, մինչդեռ «Առևտրյաին արբիտրաժի մասին» օրենքը, ինչպես նաև Նյու Յորքի կոնվենցիան և միջազգային այլ փաստաթղթեր ամրագրել են արբիտրաժային վեճի արբիտր ընտրելու կողմերի ազատության իրավունքը: Նման սահմանափակումը և նոր արբիտրների ընգրկման ճկուն մեխանիզմների բացակայությունը չեն նպաստում այդ ինստիտուտի կայացմանը:

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ նպատակահարմար է ընդլայնել արբիտրների անվանացուցակը, առաջիկայում մշակել ֆինանսական արբիտրաժի գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կոնկրետ փոփոխությունների առաջարկություններ և ՀՀ բանկերի միության հետ գործակցելով՝ վերանայել եղած կարգավորումները: Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter