
Դիմորդի մոր բաց նամակը Աշոտյանին
Բաց նամակ
ՀՀ Կրթության և Գիտության նախարար
պարոն Արմեն Աշոտյանին
ԵՊՀ Ռոմանա-Գերամնական բանասիրության
ֆակուլտետի դիմորդ Լիանա Գաբրիելյանի մոր`
Ալիսա Պարսամյանի կողմից
Հարգելի պարոն Աշոտյան,
Դուստրս միասնական գրավոր քննության հայերեն և անգլերեն առարկաներից ստացել է քսանական միավոր, իսկ անգլերեն բանավոր քննությունից նշանակել են տասնչորս` անհիմն պատճառներով: Քննության ժամանակ, չնայած քննական հանձնաժողովի սադրիչ հարցերին, Լիանան պահպանել է հավասարակշռությունը և անթերի պատասխանել բոլոր հարցերին: Չհամաձայնվելով բանավոր քննության գնահատականի հետ, դիմել եմ տարբեր միջոցների, զանգահարել եմ առաջարկվող բոլոր հեռախոսահամարներով, հույս ունենալով փոխել քննական արդյունքը, սակայն վերջնական պատասխանը եղել է դատարանի դիմելու առաջարկը: Հաշվի առնելով իմ առողջական և ֆինանսական խնդիրները, երեխաս` ինքը թույլ չի տալիս դիմել նման միջոցի` անհանգստանալով իմ առողջության մասին:
Այսօր հրապարակվել են քննական բոլոր արդյունքները և ակնհայտ էր, որ Լիանան լավագույն եռյակի մեջ էր, սակայն ոչ պետպատվերի համակարգում: Իր հետ մրցակցող երկու դիմորդները առավել էին միայն մեկ միավորով, սակայն նա միակն է, որ երկու լավ վերահսկվող քննություններից` գրավոր, ստացել է քսան միավոր: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Լիանայի տասնչորս գնահատականը բանավոր քննությունից դրված է արհեստականորեն` ի նկատի ունենալով մյուս երկու դիմորդների գրավոր քննությունների ոչ այդքան լավ արդյունքները: Հարկ եմ համարում նշել, որ քննական հանձնաժողովի կողմից, Լիանային, որպես հոգեբանական խրախուսանք, առաջարկվել է համակերպվել գնահատականի հետ և հանգիստ լինել, որ մյուս տարի անպայման դուստրս կանցնի անվճար ուսուցման, քանի որ նա շատ պատրաստված է և իր համար սովորելը դժվար չի լինի:
Եթե ես ունենայի համապատասխան միջոցներ, առողջություն և վստահություն ՀՀ դատական համակարգի արդար լինելու մեջ, միանշանակ կդիմեի այդ միջոցին նույնպես, քանի որ չեմ ցանկանում, որ երեխաս զրկվի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից` ունենալով համապատասխան գիտելիքներ և չունենալով ֆինանսական հնարավորություն:
Հարգելի պարոն Աշոտյան, դուստրս միշտ հետևում է Ձեր կողմից կատարվող բոլոր աշխատանքներին և հավատում է, որ Դուք կվերականգնեք արդարությունը և նա այս տարի ԲՈՒՀ կհաճախի հանգիստ սրտով` առանց ծնողներին նեղություն պատճառելու, քանզի մտավախություն ունեմ, որ նա գումարի պատճառով կհրաժարվի սովորելուց:
Հայցում եմ Ձեր արդարամտությունն ու ակնկալում դրական լուծում այս խնդրին:
Կանխավ շնորհակալ եմ:
Մեկնաբանել