
Բգավոր եկեղեցին 2014-2016 թթ. կամրակայվի և մասնակի վերականգնվի (լուսանկար)
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառված պետբյուջեի ֆինանսական միջոցներով կիրականացվեն Լոռու մարզի Բգավոր եկեղեցու ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:
Եկեղեցում արդեն իրականացվել են վերականգնողական աշխատանքներ: Հուշարձանի ամբողջական վերականգնման նախագիծը մշակվել ու լրամշակվել է` ամրակայման և մասնակի վերականգնման նպատակով:
Բգավոր եկեղեցին պետական սեփականություն է: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանի պահպանությունն իրականացնում է Մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի աշխատակիցները պարբերաբար կատարում են շրջայցեր ու պահպանվածության վիճակի դիտանցում:
Բգավորը գտնվում է Աքորի գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ բարձունքի վրա: Եկեղեցուն հասնելու համար գյուղամիջից ավելի քան մեկ ժամ պետք է քայլել ձորակներով ու ժայռերի վրայով:
Բգավորը չունի վիմական արձանագրություններ: Հուշարձանի մասին հայտնի չեն հիշատակություններ պատմական աղբյուրներում: Ուստի, մասնագետները Բգավորը թվագրում են 13-րդ դարով՝ դրա ճարտարապետական հորինվածքը համեմատելով նույն մարզում գտնվող Ախթալայի, Քոբայրի, Սեդվու և Մանստևի վանքերի (բոլորն էլ՝ 13-րդ դար) հետ և գտնելով մի շարք նմանություններ:
Բգավորն այժմ կիսավեր է, ծածկը չի պահպանվել:
Եկեղեցու ներսը:
Հուշարձանի ներսում և շուրջը թափված են դրա մաս կազմող քարերը:
Եկեղեցու մուտքերը երեքն են: Դրանք, ինչպես և լուսամուտներն, ունեն զարդաքանդակներ:
Հայաստանի միջնադարյան բազմաթիվ այլ հուշարձանների համեմատ՝ Բգավորը շատ ավելի բարվոք վիճակում է այն առումով, որ դրա պատերի վրա այցելուները չեն փորագրել կամ ներկով ու մրով գրել իրենց անունները, ծննդյան թվերն ու վայրերը: Ամեն դեպքում, Բգավորը նաև նման է միջնադարյան մյուս հուշարձաններին. դրանում ևս այցելուները միջնադարյան քարերը պատել են մոմի հալոցքով:
Եկեղեցուց մի քանի մետր վերևում կան աղբյուր, խորոված պատրաստելու հարմարանք ու տաղավար, բոլորն էլ՝ չգործող ու անխնամ:
Բգավոր եկեղեցու բարձունքից երևում են Լոռու ձորը, ձախ կողմում՝ Ալավերդի քաղաքի մի մասը, ամբողջ Սանահին, Հաղպատ և Ակներ գյուղերը, իսկ աջում՝ ամբողջ Աքորին և Օձունը:
Մեկնաբանել