
Իրավապաշտպան. Ռուսաստանի իշխանությունները կնոջ խալաթ հագցրին Հայաստանի իշխանություններին (ֆոտո)
Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպաններն անցկացրին բողոքի ակցիա՝ ի պաշտպանության հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության: Ակցիային միացան նաև վարորդի հարազատները:
Հիշեցնենք, որ 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 18, վիրավորվել մոտ 30 մարդ:
Հայաստանի քաղաքացիական հանրության շրջանում և սոցիալական ցանցերում խիստ դժգոհություն է առաջացրել այն, որ ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին ծաղրել ու նվաստացրել են՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով, դեղերի ազդեցության տակ:
Հուլիսի 15-ին ռուսական դատարանը 2 ամսով՝ մինչև սեպտեմբերի 14-ը, կալանավորել է Հրաչյա Հարությունյանին: Դատարանում Հրաչյա Հարությունյանը հազիվ էր զսպում արցունքները:
Այսօրվա ակցիայի ժամանակ անցկացվեց ստորագրահավաք` ՀՀ քաղաքացու նկատմամբ Ռուսաստանում արժանապատիվ վերաբերմունքի պահանջով: Ակցիայի մասնակիցներից մեկը ստորագրությունները Հրաչյայի` խալաթով լուսանկարի հետ գցեց Ռուսաստանի դեսպանատան փոստարկղը:
Ակցիայի մասնակից Սերգեյ Չամանյանի համոզմամբ` նույնիսկ եթե Հրաչյա Հարությունյանը հանցանք է գործել է (ինչը պետք է պարզի դատարանը), նրան պետք է վերաբերվել արժանապատիվ, ոչ թե նվաստացնել կնոջ խալաթով և դեղերի ազդեցության տակ անցկացնել առաջին քննություն:
Սերգեյ Չամանյանը նշեց, որ դատարանի դատավճիռ դեռ չկա, բայց ռուսաստանյան զլմ-ները Հրաչյա Հարությունյանին արդեն կոչում են հանցագործ: «Միայն դատարանը կարող է որոշել` մարդը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Սերգեյ Չամանյանը:
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից Մկրտիչ Մկրտչյանն ասաց, որ ակցիաների չի մասնակցում, բայց այս անգամ, իմանալով, թե ինչպես են նվաստացրել մարդու արժանապատվությունը, եկել է ակցիայի:
«Էդ մարդը ներկայացնում է Հայաստանը, այսինքն` ինքը հավաքական կերպար է: Նրանք Հայաստանի հետ են այդպես անում: ՀՀ քաղաքացի է և հայ: Եթե ռուս լիներ, այդպես չէր լինի: Իհարկե, ցավալի դեպք է, բայց չի կարելի ամբողջ կոռումպացված համակարգը բարդել մի մարդու վրա: Եթե այդ մարդը իր հասանելիք պատիժը ունի, թող պատժեն, բայց ոչ այդպես: Չեմ կարծում, որ դա 21-րդ դարի վարվելակերպ է»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը:
Նա կարծում է, որ վարորդի նկատմամբ այս վերաբերմունքը Ռուսաստանի կողմից նախապես մտածված ուղերձ է Հայաստանին այն մասին, թե ինչ կլինի Ռուսաստանի հայերին, եթե «հայերը հանկարծ իրենց խելոք չպահեն» եվրաինտեգրման ճանապարհին:
«Վերջապես մենք ուզում ենք, որ արժանապատիվ դատավարություն լինի: Մեղքը կլինի, կապացուցեն-չեն ապացուցի և այլն, բայց մարդ է վերջը, հասկացանք: Ցավակցում ենք այդ 18 զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին: Միանգամից դրեք-վառեք էդ մարդուն, պրծնենք, էլի, հանեք հրապարակավ ցույց տվեք, որ դուք էդքան սին ու նվաստ եք, ձեր ես-ն եք ուզում կշտացնել, ինչ է թե ձեռքներդ ինչ-որ զոհ է ընկել. «արմյաշկա» է, «խաչիկ» է ընկել (կներեք այդ ձևակերպումների համար)»,- ասաց ակցիայի մասնակից, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, իրավապաշպան Լևոն Բարսեղյանը:
Նրա կարծիքով` Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը կախված է Հայաստանի իշխանությունների բանականությունից և առողջությունից: Իրավապաշտպանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանին է արտահանձնել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ովքեր հանցանքներ են գործել Հայաստանում:
«Նաև Գյումրիում 15 տարի առաջ 2 հոգի հարբած ելան փողոցերը, գնդակահարելով գնում էին, 2 հոգու սպանեցին: Նրանց դատից հետո հանձնեցին իրենց, տարան. էստեղ դատը եղավ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ակցիայի մեկ այլ մասնակից, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով` միայն դատավարությունից հետո է հնարավոր ՀՀ քաղաքացուն արտահանձնել Հայաստանին, իսկ քանի որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում, դատավարությունը ևս պետք է տեղի ունենա Ռուսաստանում:
Ավետիք Իշխանյանը հակաիրավական է համարում այն, որ Հրաչյա Հարությունյանին ստիպել են դեղամիջոցներով դուրս գալ շոկից, իսկ նրան կնոջ խալաթով դատարան տանելը համարում է նվաստացում և ապտակ:
«Այդ խալաթով պատկերը Լինչի դատաստան է, որը հետամնաց միջնադարյան երկրներում է միայն եղել: Ցանկացած դեպքում, որ ազգի ներկայացուցիչ էլ նա լիներ, դա կլիներ նվաստացնող վերաբերմունք (և ճիշտ կանեին` ամբողջ աշխարհի իրավապաշտպանները արձագանքեին), բայց տվյալ դեպքում դա վերաբերում է մեզ` հայ հասարակությանը, ոչ միայն իրավապաշտպաններին: Ի վերջո, Հայաստանի իշխանություններին կանացի խալաթ հագցրին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Լևոն Բարսեղյանի խոսքով` Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել գրեթե անմեղսունակության վիճակի հասցված, այսինքն` այն վիճակում չէր, որ այդքան հապճեպ դատական նիստ գումարվեր:
«Դատավորը հենց տեսավ էդ վիճակը, պիտի ասեր. «Դատը չենք անում, տարեք մարդուն հագցրեք-բերեք: Սև հագցրեք, կանաչ հագցրեք, մի բան հագցրեք, բայց մի ծաղրեք, մի ստորացրեք այդ մարդուն»: Սրանք այնքան հասարակ բաներ են: Ռուսի օրենքներում չկա գրած` մարդու արժանապատվությունը ստորացնել, եթե ինքը ազգությամբ հայ է, եթե ինքը կասկածվում է 18 հոգու չկանխամտածված սպանության մեջ: Եվրախորհրդի անդամ է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա է ստորագրել, 3-րդ հոդվածը իր պետքը չէ, փաստորեն»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ավետիք Իշխանյանի գնահատմամբ` տվյալ դեպքում Ռուսաստանի պետությունը կալանավորվածի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք: Նա կարծում է, որ եթե վարորդը լիներ ոչ թե հայ, այլ ռուս կամ սլավոնական որևէ այլ ազգության ներկայացուցիչ, ապա այդպիսի վերաբերմունքի չէր արժանանա:
«Ուղղակի միջնադարյան խտրական վերաբերմունքի հոտ է փչում սրանից: Ճիշտ կաներ` Հայաստանի որևէ պետական գերատեսչությունը, արտգործնախարարությունը նոտա հղեր: Ի վերջո, ունենք նաև սփյուռքի նախարարություն, որը կարծես թե ստեղծված է սփյուռքի հայերին պաշտպանելու համար: Ո՞ւր է նրանց ձայնը, որ միանգամից պիտի հնչեր նրանց ձայնը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նրա կարծիքով` ՀՀ իշխանության պարտականությունն է Հրաչյա Հարությունյանին ապահովել որակյալ փաստաբանով, ով միայն հուլիսի 15-ին դատարանում նվաստացման վերաբերյալ բողոք կներկայացնի, ինչպես նաև անընդհատ ուշադրության կենտրոնում պահել դատավարությունը: Եթե նման պատշաճ աշխատանքներ կատարվեն, գուցե Հրաչյա Հարությունյանին այսպես չնվաստացնեին:
«Նույնիսկ ավելին ձեզ ասեմ. որ այդ մարդը հայտնվել է այնտեղ արտագնա աշխատանքի, նույնպես Հայաստանի իշխանության մեղքն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նրան համամիտ է Լևոն Բարսեղյանը, ում գնահատմամբ` Հրաչյա Հարությունյանի գործում ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները բավարար չափով չեն աշխատել:
«Ժամանակին տեսնեինք, որ մարդը որակյալ իրավաբանական օգնության կարիք ունի: Խելքը գլուխը իրավաբան է, փաստաբան է, հագուստ է, սնունդ է, ծխախոտ է, էդ տարրական հարցերը Հայաստանի իշխանությունները պիտի հասցնեին ավելի շուտ կարգավորել, քան թե որևէ մեկը կհամարձակվեր այդ մասին խոսել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ոչ նա, ոչ էլ Ավետիք Իշխանյանը չեն կարծում, որ Ռուսաստանը ԱԳՆ-ի մակարդակով ներողություն կխնդրի Հայաստանից, քանի որ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքով Ռուսաստանը «դարակում է ծալել-դրել Հայաստանին»: Լևոն Բարսեղյանը Ռուսաստանի դատարանում ՀՀ քաղաքացու նվաստացումը պայմանավորում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Հայաստանի ստորացված վիճակով:
Լևոն Բարսեղյանի խոսքով` Հայաստանի իշխանություններն ամեն ինչ սիրահոժար տալիս են Ռուսաստանին, որին համարում են ռազմավարական դաշնակից, նույնիսկ թույլ են տալիս, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին անցնի ռուսական զորքը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը այդ զորքին ողջունի ռուսերենով:
«Սրանից հետո ինչ ուզեն, կանեն: Իրենց համար ի՞նչ կա: Եվ միայն սա չէ. Ռուսասանի ճանապարհների վրա հայաստանյան վարորդների հետ բազմիցս այդպես են վարվում (ճիշտ է` այս սրության չի հասնում խոսակցությունը). կամ պիտի կաշառքները ունենաս, ճանապարհին ոստիկաններին բաժանելով գնաս, կարողանաս շնչել, կամ էլ ստորացնում են այնքան, ինչքան կարողանում են»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ավտովթարի մերձակայքի բնակիչները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ խաչմերուկում չափազանց հաճախ են ավտովթարներ լինում: Տարածքում նույնիսկ լուսացույց չի եղել: 18 մարդու կյանք խլած ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կարգադրել է խաչմերուկում լուսացույց տեղադրել և այդ ճանապարհահատվածում սահմանափակել բեռնատարների երթևեկությունը:
Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ մի պահ լարվածություն առաջացավ մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները պահանջում էին չկանգնել ուղիղ դեսպանատան առջև և «չփակել մեքենաների ճանապարհը»: Մի ոստիկան մասնակիցներից մեկին հրեց փոքր-ինչ դեպի մայթ, բայց մասնակիցները դրանից հետո մնացին իրենց տեղում և ավելի հեռու այլևս չգնացին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել