Գորիսում հիվանդ մսի վաճառքի դեպքեր չեն արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ այն բացառվում է
Գորիսում ու նրա շրջակա գյուղերում սպանդանոցներ չկան, անասունների մորթն իրականացնում են բակերում կամ սանիտարական նորմատիվներին անհամապատասխան վայրերում, որն էլ կարող է որոշ հիվանդությունների տարածման պատճառ հանդիսանալ:
Մինչեւ 90-ական թվականները Գորիսում գործում էր անասնասպանդի հրապարակ: Գյուղերից անասունները մթերվում էին Գորիսի մթերման գրասենյակ, այնուհետեւ կենդանիներն սպանդանոց ուղարկվելուց առաջ մաքրվում էին, անասնաբույժը զննում էր նրանց, որից հետո միայն սպանդի էին ենթարկում: «Միսը մթերել ենք ու բաց թողել վաճառքի՝ Գորիս, Սիսիան քաղաքներ, «Արփա-Սեւան» կազմակերպությանը, ավելցուկն` ուղարկել ենք Երեւանի մսի կոմբինատ` երշիկի արտադրության համար, իսկ ենթամթերքներն էլ` Կապանի մսի կոմբինատ»,- ասում է Գորիսի նախկին անասնասպանդի հրապարակի տնօրեն Վոլոդյա Ղազարյանը:
Մի քանի տարի առաջ օտարերկրյա տարբեր կազմակերպություններ խոստացել էին բարեկարգել Գորիսի նախկին անասնասպանդի հրապարակը, սակայն այդպես էլ չի հաջողվել ծրագիրն իրականացնել: Վ. Ղազարյանը նշում է, որ բոլոր սարքավորումները հին են, հրապարակը վերագործարկելու համար ամբողջը պետք է նորացվի, իսկ դրա համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ:
«Էն ժամանակ, երբ դեռ գործում էր անասնասպանդի հրապարակը, ամեն ինչ անում էինք բնակչությանն առողջ միս ապահովելու համար, առանց անասնաբույժի անասուն չէր մորթվում, իսկ հիմա որտեղ ասես մորթ են կատարում ու ինչպիսի~ հակասանիտարական պայմաններում: Մորթից հետո էլ արյունոտ շորն առվի մեջ լվանում են, դանակն էդ շորով մաքրում ու միսը կտրում»,- ասում է Վ. Ղազարյանը: Նրա ասելով՝ սպանդանոցներում պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմանները, մորթից հետո մսեղիքը, թափոնները պարտադիր հսկվում են, վարակի դեպքում էլ`չեզոքացվում:
Զրուցակիցս նշում է, որ հիվանդ կենդանու արյունը կարող է վարակել մյուս կենդանիներին, օրինակ` սիբիրախտի ցուպիկը հողում մնում է 30-40 տարի եւ հողից էլ կարող է վարակի աղբյուր հանդիսանալ:
«Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի» համայնքային զարգացման կապերի մասնագետ Անուշավան Հովսեփյանի խոսքով` սպանդանոցներ չլինելու պատճառով անասունների մորթը գտնվում է բարձիթողի վիճակում: Նա նշում է նաեւ, որ ամեն մի գյուղական համայնք պետք է պարտադիր ունենա իր մորթի հրապարակը, որը պետք ապահովված լինի ջրով, ինչպես նաեւ հոր ունենա, որպեսզի չօգտագործվող ենթամթերքները լցվեն այնտեղ, իսկ հարկադիր մորթը պարտադիր պետք է կատարվի սպանդանոցում կամ մորթի հրապարակում:
«Բիոլան» ՍՊԸ անասնաբուժական փորձաքննության բժիշկ Ռիմա Համբարյանը վստահեցնում է, որ պարտադիր ստուգման է ենթարկում խանութներում վաճառվող միսը: «Մսի վաճառակետերում, երբ նոր միս են ստանում`ինձ տեղեկացնում են, ես ստուգում եմ այն, իսկ եթե մսի արտաքին տեսքը, հոտը չեն համապատասխանում նորմատիվներին, ապա լաբորատոր ստուգման եմ ենթարկում»,- ասում է բժիշկը:
«Սննդի անվտանգության մասին» օրենքի համաձայն` մորթելու գործընթացին պիտի մասնակցի համայնքի անասնաբույժը: Մորթը հիմնականում կատարվում է գյուղական համայնքներում, իսկ անասնաբույժը մասնակցո՞ւմ է մորթին, թե` ոչ, հայտնի չէ, սակայն վերջինիս տված համապատասխան փաստաթղթի հիման վրա է անասնաբուժական փորձաքննության բժիշկը ստուգումները կատարում, այնուհետեւ գնահատում մսի որակը՝ (I, II, III կարգ), դրանից հետո էլ բաց է թողնվում վաճառքի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Արտեմ Մինասյանի խոսքով՝ իրենք վերահսկում են գործընթացը, այսինքն՝ մսի իրացման կետերում ստուգում են, թե արդյոք անասնաբույժի ուղեկցող փաստաթուղթը եւ «Բիոլան» ՍՊԸ-ի կնիքն ունե՞ն: Ա. Մինասյանը նշում է նաեւ, որ վերահսկողության ընթացքում մսի վաճառակետերում հիվանդ մսի վաճառքի դեպքեր չեն արձանագրել:
Սա իհարկե, չի նշանակում, որ այն բացառվում է, քանի որ Գորիսում, անգամ նվազագույն պայմաններ ապահովող սպանդանոցներ չկան:
Քրիստինե Հայրապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել