HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործազրկությունը նպաստում է, որ երեխաները գիշերօթիկ հաճախեն

Արդեն 12 տարի է` 11-ամյա Մարիամին եւ 12-ամյա Ռոզային խնամում է նրանց 65-ամյա տատը` Ռոզա Սարգսյանը: Երեխաների մայրն առողջական խնդիրներ ունի եւ իրենց հետ չի ապրում, իսկ հայրը, երկար ժամանակ աշխատանք փնտրելով ու այդպես էլ չգտնելով, երեխաներին թողել է թոշակառու մոր հույսին եւ գնացել Ռուսաստան:

Մեր այցելության պահին Ռոզա տատը էլեկտրական վառարանի մեջ հաց էր թխում: Նրանց ուտելիքը վերջացել էր, եւ տատը երեխաների համար գոնե ցամաք հաց էր ապահովում: Սկզբում նրանք ապրել են Սյունիքի մարզի Անդոկավան գյուղում: Տղան` Մարտիրոսը, գյուղի դպրոցի ուսմասվարն է եղել, սակայն կրճատման տակ է ընկել եւ դարձել գործազուրկ, ինչն էլ ստիպել է, որ հեռանա Հայաստանից եւ ընտանիքից: Չդիմանալով անգործությանը եւ ընտանեկան խնդիրներին` Մարտիրոսը մեկնել է արտագնա աշխատանքի եւ վերադառնալու մտադրություն չունի:

«Առաջ շատ լավ էր, տղայիս գործերը լավ էին, կարողանում էր օգնել, բայց հիմա ընդեղ էլ է կրիզիս, չի կարողանում շատ փող ուղարկել: 2-3 ամիսը մեկ անգամ մի 100 դոլար ուղարկում է, յոլա ենք գնում»,- ասում է Ռոզա տատը:

Չհաշված որդու ուղարկած գումարները` Սարգսյանների ամսական եկամուտը կազմում է միայն Ռոզա տատի թոշակը` 20 հազար 300 դրամ: Իսկ եթե մի քանի ամիսը մեկ անգամ Մարտիրոսը փող է ուղարկում երեխաների համար, այդ գումարով տան վարձն են տալիս:

Չկարողանալով երեխաներին խնամել` Ռոզա տատը գյուղից տեղափոխվել է Կապան քաղաք, վարձով տուն է գտել եւ թոռներին տեղավորել «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում»: Այնտեղ երեխաներն անվճար սնվում են, որոշ հագուստ, գրենական պիտույքներ ստանում:

Նրանց ընտանեկան եկամուտը կարող էր համալրվել նաեւ նպաստով, սակայն երեխաների անունով նպաստը ստանում է նրանց մայրը: Օրեր առաջ էլ նա եկել է աղջիկներին տեսության եւ տարել նրանց ծննդյան վկայականների պատճենները, որ իր համար նպաստի թղթերը դասավորի:

12 տարեկան Ռոզան մեզ հետ զրույցում ասաց, որ մայրը հաճախ չի այցելում իրենց, սակայն հիշում է իրենց ծննդյան օրերը եւ մեկ-մեկ նվերներ է գնում: Պատահել է, որ մայրը գյուղում պատրաստություն է տեսել, տորթ է թխել ու, աղջիկներին տանելով գյուղ, նշել է նրանց ծննդյան տարեդարձերը: Ռոզա տատն ասում է, որ երբեք չի արգելում երեխաներին շփվել մոր հետ, սակայն լիարժեք չի վստահում նրան: Հարցին, թե երեխաներն առաջնահերթ ինչի կարիք ունեն, տատը, նայելով աղջիկներին, ժպտալով ասաց. «Կոշիկների կարիք ունեն, ընդեղ առնում եմ, ընդեղ պատառոտվում է, չեմ հասցնում»:

Սպառողական գների պատճառահետեւանքային կապը` երեխաների ճակատագրի վրա

Կապանի թիվ 1 հատուկ դպրոցը 2010 թ.  վերակազմավորվել է «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի:

Հաստատությունը գործում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ: Այս տարի հաստատությունն արձակուրդի է գնացել 90 հաճախող երեխաների ցուցանիշով, որոնց գերակշիռ մասը Կապանի բնակիչներ են: Այցելողներ կան նաեւ գյուղերից եւ մարզի այլ քաղաքներից: 2010 թ. սեպտեմբերից մինչեւ այս ուսումնական տարվա ավարտը ընտանիք է վերադարձել 37 երեխա, իսկ գիշերօթիկ է ընդունվել 25-ը:

«Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահան Կարախանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաստատություն ընդունվող երեխաների եւ ընտանիք վերադարձողների թվի հարաբերակցությունը տարբեր տարիների տարբեր է եղել. «Հաստատություն երեխաների հոսքին առաջին հերթին նպաստում է  գործազրկությունը, հետո` թանկացումները: Հաճախումները մեզ մոտ նույնիսկ սեզոնային բնույթ են կրում: Դպրոցի շեմին, հատկապես օգոստոսի վերջերին, ընտանիքների մի մասը չի հասցնում երեխաների դպրոցական կարիքները հոգալ եւ նրանց ստիպված բերում է հաստատություն»:

Սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաները խոցելի են դառնում հատկապս դպրոց հաճախելու ամիսներին, քանի որ հագուստի, գրենական պիտույքների կարիք են ունենում: Գիշերօթիկ եւ խնամքի կենտրոն հաճախելով` նրանք այդ ամենը ստանում են անվճար, ուստի ծնողները փորձում են այդ կերպ ապահովել երեխաների կրթությունը:

Ըստ տնօրենի` որքան էլ իրենք աշխատեն, միեւնույն է` չեն կարող երեխաների համար ապահովել ընտանեկան պայմաններ: «Ամենալավն այն է, որ երեխան իրեն լավ զգա իր ընտանիքում: Բայց սոցիալական պայմաններից ելնելով` ընտանիքներն էլ չեն կարողանում նորմալ պայմաններ ապահովել նրանց համար»,- նշում է Վ. Կարախանյանը:

Հաստատություն կարող են հաճախել մինչեւ 18 տարեկան երեխաները: Նրանց համար ապահովված է ազատ ռեժիմ: Կոնկրետ սահմանված են միայն քնի եւ ճաշի ժամերը, իսկ օրվա մնացած մասը երեխաներն ինքնուրույն են պլանավորում: Հաստատությունում նույնիսկ դասապատրաստման սենյակներն են տարբերվում դպրոցական դասարաններից, տարբեր է սեղանների դիրքը, գույնը եւ այլն:

Շենքը, որտեղ շաբաթվա 5 օրերին ապրում է 90 երեխա, կառուցվել է 1962 թ.: Մինչ օրս պատերի վրա նշմարվում են արցախյան ազատագրական մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծությունների հետքերը: Տնօրենի խոսքերով` շենքը երբեւէ չի վերանորոգվել եւ կապիտալ վերանորոգման խիստ կարիք ունի:

Անմխիթար վիճակում են հատկապես որոշ ննջասենյակներ: Մտնելով ներս` զգացվում է խոնավության հոտը, իսկ քայքայված տանիքից հոսած անձրեւաջրերն ամբողջությամբ «լվացել» են ներսի պատերը:

Կազմվել է նախահաշիվ. շենքի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 156 մլն դրամ: «Խոսակցություն կար, որ 2010-11 թթ. զարգացման ծրագրով պետք է վերանորոգվեր հաստատության շենքը, բայց ֆինանսական ճգնաժամը թույլ չտվեց աշխատանքները սկսել: Հույս կա, որ եկող տարվա մեջ սայլը տեղից կշարժվի, եւ վերանորոգման հարցը կլուծվի»,- ասում է Վահան Կարախանյանը:

Կապանի գիշերօթիկ եւ խնամքի կենտրոն հաճախող ամենակրտսեր երեխան 6 տարեկան է: Դասերի ընթացքում շաբաթ-կիրակի օրերին երեխաները գնում են տուն, իսկ եթե ընտանիքը ռիսկային է եւ կասկածներ կան, որ այդ մթնոլորտը բացասական հետեւանքներ կարող է ունենալ երեխայի վրա, ապա հաստատության տնօրենը համայնքապետարան նամակ է ուղարկում, որպեսզի հոգաբարձուների մարմինն այդ 2 օրերի ընթացքում հետեւի երեխայի կեցությանը:

Հաստատություն հաճախող երեխաների գերակշիռ մասը տղաներ են: Ըստ Վ. Կարախանյանի` երեխաները գիշերօթիկ եւ խնամքի հաստատությունում ներգրավվելու, հարմարվելու խնդիր ունեն: Աղջիկները որոշ դեպքերում ամաչում են հաճախել հաստատություն, իսկ տղաներն ավելի ուշ են հասունանում եւ սովորաբար ինտեգրվելու խնդիր չեն ունենում: Հաճախողների զգալի մասը միակողմանի ծնողազուրկ է:

«Հետո էլ` մայրերն ավելի շատ կապված են լինում աղջիկների հետ, նրանց իրենց մոտ են պահում, այդ իսկ պատճառով տղաները գերակշռում են մեզ մոտ»,- ավելացրեց տնօրենը:

Վահան Կարախանյանն ասաց, որ սոցիալապես անապահով ընտանիքներում հատկապես վատ է ծնողավարման մակարդակը, եւ երեխաները հաճախ են իրենց անտեսված զգում:

«Մեկը` հենց երեխաների դասերով չզբաղվելը, կամ ընտանիքում երեխաների միջեւ տարբերություն դնելը: Սրանք տարածված օրինակներ են, որոնց հաճախ են երեխաները բախվում»,- ավելացրեց Վ. Կարախանյանը:

Առայժմ ֆիզիկական բռնության ենթարկված երեխա չի դիմել հաստատություն, սակայն դա չի նշանակում, որ Սյունիքում նման դեպքեր չկան:

Մեկնաբանություններ (2)

ՀԵՏՔ
Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով. 093-87-31-13: Շնորհակալություն արձագանքելու համար:
Zara
xndrum em indz asel inchpes karox em ognel ayd erexanerin, indz tveq kontaktayin informacia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter