
«Դա դժվար թե լիներ իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումը»
«Այն, որ այս ողբերգությունն օգտագործվեց հատուկ հակահայ քարոզչության համար, դա ակնհայտ էր»,- օրերս Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության և Հրաչյա Հարությունյանի իրավունքների մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանի կարծիքով` նույնիսկ այն դեպքում, եթե վարորդը մեղավոր է, և ողբերգություն է տեղի ունեցել, այդպիսի նվաստացուցիչ վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ` խալաթով դատարանի դահլիճ բերելը, հստակ քաղաքական դիրքորոշում էր, և դժվար թե լիներ իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումը: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ դա իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումն էր, Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ, գոյություն ունի դատարան, որը կոչված է այլ իշխանություն լինելու:
Անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ իրավապաշտպանն ասաց, որ ծանոթ չէ Ռուսաստանի օրենսդրությանը, և եթե անգամ ընդունենք, որ ապրում ենք միջնադարում, և ոչ մի կոնվենցիա գոյություն չունի, ամեն դեպքում այդպիսի երևույթը ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը մարդու նկատմամբ, իսկ թե ինչ հոդված կա Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունում մարդու իրավունքերի հետ կապված, էական չէ:
«Բնականաբար, բոլոր հոդվածներն էլ կան, չմոռանանք նաև, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և ի՞նչ: Վերցնենք ցանկացած պետություն. ոչ մի տեղ գրված չէ, որ մարդու արժանապատվությունը պետք է նվաստացնել»,- ասաց Իշխանյանը և հավելեց, որ այս թեմայի շուրջ չէր ցանկանա որևէ ռուս ազգայնամոլի կամ իրավաբանի հետ մտնել բանավեճի մեջ` կար դիտավորություն խալաթ հագցնելու մեջ, թե ոչ, իր համար հստակ է` սա հատուկ նվաստացուցիչ վերաբերմունք էր այդ մարդու և մեր հանրապետության նկատմամբ, սկսած նախագահից, մինչև ցանկացած քաղաքացի:
Իշխանյանը նշեց, որ մինչև այժմ ինքը չի կարողանում այդ վիրավորանքից դուրս գալ, և այդ վիրավորանքը մի քանի շերտերով է ապրում` որպես աշխարհի քաղաքացի, որպես Հայաստանի քաղաքացի և պարզապես որպես մարդ:
Մեկնաբանել