HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի պատասխան Գագիկ Հարությունյանի

2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ևս մեկ անգամ փաստեց իր մեղսակցությունը եռապետերի  կողմից  հայ ժողովրդի իշխանությունը գողությամբ, կողոպուտով և ավազակությամբ հափշտակելու հանցագործության մեջ` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար օրենքով սահմանված 100.000.000. դրամ գումարի եռակի գերազանցումը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը:

Հայ հասարակությունը իր 20-ամյա նորանկախ պետության ձախողման համար  պատասխանատվության կանչելու մեղավոր անձանց: Անշուշտ, գլխավոր մեղավորները երեք նախագահություններն են, սակայն ես այսօր պետք է անդրադառնամ հայ ժողովրդի նորագույն պատմության  աղետի գլխավոր մեղսակիցներից ևս մեկին` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Նրա անմիջական կատարմամբ և  հովանու ներքո 1996 թվականից առայսօր «սահմանադրական արդարադատության» անվան տակ պարտակվել է հայ ժողովրդի դեմ գործված մեծագույն հանցագործությունը`

Հայաստանի Հանրապետության մեկ ու կես միլիոն քաղաքացու  և նրանցից օտար երկրներում ծնված հարյուր հազարավոր հայ երեխաների հայրենազրկումը:

միլիոնավոր հայերի` դեպի Հայրենիք ազգահավաքի գաղափարը կյանքի կոչելու  հավատազրկումը:

 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներով արդարադատության իրականացման մերժումը ոչ միայն լրջագույն սպառնալիք է  այս պահին մեր երկրում ապրելու իրավունքին, այլ նաև փորձ է հավատազրկել աշխարհասփյուռ հայերին իրենց հայրենիքում համախմբվելու և  ապրելու կարևորագույն առաքելությունից:

Հանցագործներին հովանավորելու բազմամյա փորձ ունեցող Գագիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե  որևէ երկրի Սահմանադրական դատարան երբևէ անվավեր չի ճանաչել ընտրությունների արդյունքները, ոչ միայն  ծաղր է իրավունքի գերակայության նկատմամբ, այլ նաև ուղղակի ապտակ մեր արժանապատվությանը:

Համանման կերպով էին նաև «հիմնավորում»  Օսմանյան կայսրությունում ցեղասպան եռապետերը հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը շղարշելու իրենց ցանկույունը`  առաջին համաշխարհային պատերազմում հայերին անվտանգ տարածքներ տեղափոխելու գործողությունը…

Հիշեցում Գագիկ Հարությունյանին և իր մեղսակիցներին.

2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Չորրորդ Հանրապետության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ  Ազատության հրապարակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մենք երդվեցինք`… Մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Հաղթանակ ենք արձանագրելու բոլոր ճակատներում: Երդվեցինք, որ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական Հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և հայաստանցիները, որտեղ կա իրավունք, կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ…:

Ազատության հրապարակը պարտադրում է ոչ միայն ազատություն, այլ նաև արդարադատություն: Ձեր և Ձեր հանցակիցների նկատմամբ անխուսափելի է արդարադատության իրագործումը Ազատության հրապարակում` ժողովրդի իրավազորությամբ:

Սպասեք այդ օրվան:

Զարուհի Փոստանջյան

17.07.2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter