
2014-ին կկատարվի Սեդվու միջնադարյան վանքի տեխնիկական վիճակի դիտանցում (լուսանկար)
2014 թվականին Մշակույթի նախարարությունը նախատեսվում է իրականացնել Լոռու մարզի Սեդվու վանքի (Սբ. Նշան եկեղեցի) տեխնիկական վիճակի դիտանցում՝ հուշարձանն ամրակայման և վերականգնման ցանկում ընդգրկելու նպատակով: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:
Սեդվու վանքը պետական սեփականություն է: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի աշխատակիցները պարբերաբար կատարում են շրջայցեր ու պահպանվածության վիճակի դիտանցում:
Սեդվու վանքը գտնվում է Կաճաճկուտ գյուղից 3 կմ հարավում՝ Սեդվու ձորում: Հուշարձանը կառուցվել է 13-րդ դարում:
Եկեղեցու հյուսիսային պատին կից հետագայում կառուցվել է մատուռ, որի միակ մուտքը բացվում է դեպի եկեղեցի:
Եկեղեցու մոտ կան հին ու ժամանակակից տապանաքարեր:
Սեդվու վանքի որոշ քարեր փլվում են:
Հուշարձանի վրա առատ խոտեր ու թփեր են աճում:
Վանքի ներսը ևս անխնամ է:
Եկեղեցում ու կից մատուռում այցելուները մոմերը վառել են ուր պատահի՝ կեղտոտելով հուշարձանի պատերը:
Եկեղեցու ներսում կան աղբ ու կենդանիների՝ հուշարձան մտնելու հետքեր:
Աղբ է թափված նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ՝ մեկանգամյա օգտագործման ափսեներ, բաժակներ, շշեր, տոպրակներ: Այս միջնադարյան հուշարձանի մոտ ևս խորոված պատրաստելու հարմարանք կա:
Մեր այցելության պահին Սեդվու վանքի մոտ տաղավար էին կառուցում:
Մեկնաբանել