HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բոլորը համառորեն պնդում էին, թե կինոյի միջի Ռևազը չի կարող գյումրեցի լինել

«...Ես սկզբում անում, հետո եմ միայն մտածում, թե ինչու հենց այդպես և ոչ թե այլ կերպ արեցի: Եվ երբ ինձ հարցնում են, թե որն է ձեր ֆիլմերի ֆենոմենը, պատասխանում եմ՝ ես չգիտեմ: Այն, ինչ իմ ստեղծած համակարգն են անվանում, իրականում ոչ այլ ինչ է, քան իմ աշխատանքի իմաստը գտնելու փորձն ու ամբողջականի յուրահատկությունը հասկանալը: Այնպես որ, իմ կինոօրգանիզմների ստեղծման մասին ես շատ բան ասել չեմ կարող...»: Շատ տարիներ առաջ, ահա այսպես է պատասխանել համաշխարհային կինոյի մեծագույն դեմքերից մեկը՝ Արտավազդ Փելեշյանն, իրեն ուղղված հարցին, թե ինչպես են ծնվում իր ֆիլմերը:

Սեփական ծննդավայրում ևս տաղանդաշատ ռեժիսորը շատ քիչ խոսեց: Հուզված էր այն ընդունելությունից, որն իր համար կազմակերպել էին գյումրեցիները: Հիմնականում արտահայտվեցին հյուրընկալ տանտերերը: Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի առաջակով և ավագանու հավանությամբ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի շեմքում շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Առաջարկի հեղինակ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը պատմեց, որ ուսանողական տարիներին լոռեցի ընկերների հետ մի 10 անգամ «գրազ է եկել», թե որտեղ է ծնվել Արտավազդ Փելեշյանն, ու գրազը տարել է:

«Բոլորը համառորեն պնդում էին, թե կինոյի միջի Ռևազը չի կարող գյումրեցի լինել: Ես իհարկե բացատրում էի, որ «Ռևազ»-ն էն ամենափոքրիկն է, ինչ արել է պարոն Փելեշյանը: Ձեր դոկումենտալ ֆիլմերը համաշխարհային, դասական ուսուցանելիք են կինոյի հետ գործ ունեցող ցանկացած մեկի համար: Վիճում էինք ամեն անգամ ձեր ծննդավայրի մասին, ու ես ամեն անգամ սովետական հանրագիտարանը բացում-դնում էի դեմները, ասում էի՝ նայեք, թե մարդը որտեղ է ծնվել,- քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ պատմեց Լևոն Բարսեղյանը:- Պարոն Փելեշյանը Գյումրիում է ծնվել: Համաշխարհային մեծության մարդու ենք մենք այսօր հյուրընկալել, այնպիսի մարդու, ում մասին շատ խոսել պետք չէ: Շնորհակալություն, որ դուք կաք: Փառք ու պատիվ ձեզ, փառք ու պատիվ էս քաղաքին որ ձեր նման մարդ է տվել»:

Գյումրի քաղաքի 24 փողոցի (ներկայիս Սպանդարյան փողոց, քաղաքապետարանի հարևանությամբ) թիվ 25 տանն է 1938թ. փետրվարի 22-ին ծնվել Արտավազդ Փելեշյանը: Քաղաքապետարանի մշակույթի բաժինը բավական խնդիրներ է ունեցել այս տվյալները ճշգրտելիս: Բաժնի վարիչ Արատաշես Կարապետյանը հայտնեց, որ մինչև հիմա էլ այդ տունը պահպանվում է, և իրենք մեծ վարպետին անպայման կառաջնորդեն այնտեղ:

«Երբ ձեր տունն էինք փնտրում, հարկ եղավ մի 20 տուն այցելել, որտեղ շարքային մարդիկ են ապրում, սովորական գյումրեցիներ: Երբ ես ասում էի գալուս նպատակը, հավատացեք, չեղավ մարդ, ում ձեր ազգանունը ծանոթ չէր,- ասաց Արտաշես Կարապետյանը:- Տանտիկիններից մեկն անգամ դիտողություն արեց, թե ինչու եք նշում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն ու Ռևազին այն դեպքում, երբ Փելեշյանն այդքան վավերագրական ֆիլմեր է ստեղծել: Եվ ես ինձ շատ լավ զգացի, որ մեր բնակիչները գիտեն ձեզ ու ձեր ֆիլմերը»:

«Ռևազը իմ երիտասարդական տարիների սխալն է,- ծիծաղելով հայտարարեց տարածական մոնտաժի մեծ վարպետը:- Ես միայն կասեմ, որ ինձ համար շատ մեծ պատիվ է լինել Գյումրու պատվավոր քաղաքացի, և պարտականություն է դա: Շնորհակալություն քաղաքապետին, ավագանուն և գյումրեցիներին»:

Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զատ՝ Արտավազդ Փելեշյանին հանձնվեցին նաև իր նոր ծննդականը, քաղաքի խորհրդանիշ «կլկլան» բաժակը, Գյումրու մասին պատմող նոր, եռալեզու գիրքը: Մեծ վարպետը, բացի Գյումրուց, ևս երկու քաղաքի պատավավոր քաղաքացի է: Արտավազդ Փելշյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել էր դեռես 2000թ., իսկ 2006թ. նա արժանացել էր Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter