HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երկու տարբեր Ջերմուկ՝ «ձմեռային սիթի»-ի հավակնությամբ եւ «արտագաղթող» ներկայով

Զբոսաշրջիկների շնորհիվ ամառվա ամիսներին Ջերմուկում աշխուժություն է տիրում: Սեպտեմբերին ավարտվում է հանգստի շրջանը, եւ քաղաքը վերադառնում է իր հանգիստ կյանքին: Ջերմուկցիներն ասում են, որ հիմա քաղաքում ավելի շատ զբասաշրջիկ կա, քան ջերմուկցի: Վերջիններս արտագաղթում են, քանի որ աշխատանք չունեն: Այս տեսակետին էին նաեւ պետական որոշ պաշտոնյաներ:


Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Ալվարդ Կոստանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հուլիսի 1-ի դրությամբ Ջերմուկի զբաղվածության կենտրոնում գրանցվել է 373 աշխատանք փնտրող, որից 56-ը զբաղված է, իսկ 317-ը` չզբաղված: Գործազուրկի կարգավիճակ ունի 229 մարդ: Կենտրոնում գրանցվել է նաեւ 14 հաշմանդամ, որոնց համար որոշ ծրագրեր են իրականացվում:

Նշենք, որ «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`գործատուների մոտ վարձու աշխատանքային, անհատ ձեռնարկատիրական եւ նոտարի գործունեությունը, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը, ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում եւ ուսուցման այլ ձեւերում առկա ուսուցումը:

Իսկ չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն վերը նշված գործունեության որեւէ տեսակով կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:

Ալվարդ Կոստանյանի ներկայացրած մոտավոր թվերը ցույց են տալիս Ջերմուկում զբաղվածության վիճակը այս պահի դրությամբ: Ջերմուկում (ներառյալ Կեչուտը) զբաղված է համարվում 2178 մարդ: Նրանցից 900-ը աշխատում է գյուղատնտեսության, 500-ը` արդյունաբերության, 100-ը` շինարարության, 50-ը` տրանսպորտի եւ կապի, 114-ը` առեւտրի, 99-ը` առողջապահության, 109-ը` կրթության, 12-ը` մշակույթ եւ արվեստի, իսկ մնացածը այլ ոլորտներում:

Կենտրոն դիմում են հիմնականում աշխատանք փնտրող 25-55 տարիքային խմբի ներկայացուցիչները: Քաղաքում հիմնականում սեզոնային աշխատանքներ են լինում, մշտական աշխատանք գտնելը շատ դժվար է:

«Շատ դժվար է Ջերմուկում աշխատանք գտնելը, հիմա բոլորը գնում են արտագնա աշխատանքի: Այս պահին շատ քիչ բնակչություն է մնացել այստեղ: Անհնդհատ գնում են, նրանցից շատ քչերն են հետ գալիս»,- ասում է Ալվարդ Կոստանյանը:

Նրա խոսքերով` ջերմուկցիները հիմնականում արտագաղթում են աշխատանք չունենալու, իսկ ունեցողներն էլ` ցածր աշխատավարձի պատճառով: «Եթե մարդը աշխատանք չունի, չի կարողանում իր գլուխը պահել, ի՞նչ պետք է լինի: Շատ են գնում հատկապես երիտասարդները, ջահել տղաները, ինչը շատ ցավալի է: Մանավանդ այս տարի շատ-շատ են գնացել: Որ շուրջդ նայում ես, էլ ջերմուկցի չկա, շատ վատ է»,- հավելեց Ալվարդ Կոստանյանը:

Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետը դժգոհեց, որ շինարարության ոլորտում խտրական մոտեցում է ցուցաբերվում ջերմուկցիների նկատմամբ: Օրինակ` խոշոր շինաշխատանքներն իրականացնում են երեւանյան ընկերությունները, որոնք իրենց հետ աշխատուժ են բերում Ջերմուկ: Նրանց տրվում է բարձր աշխատավարձ, իսկ ջերմուկցիներին` ոչ: Վերջիններս հուսահատվում են եւ բռնում արտագաղթի ճանապարհը:

«Հենց գարունը բացվում է, մարդիկ գնում են դաշտերից խոտաբույսեր են հավաքում, դրանով փող են աշխատում: Էլ ուրիշ բան չկա Ջերմուկում»,- ավելացրեց Ա. Կոստանյանը:

Այս ամենի ելքը նա տեսնում է նոր աշխատատեղերի բացման եւ հարկային դաշտի կարգավորման մեջ: Նրա խոսքերով` մեր երկիրն ամենաշատը հարկային դաշտն է քանդել:

«Ջերմուկն ահագին զարգացած էր, փոքր ու միջին բիզնես կար քաղաքում, բայց ամեն ինչ քանդվեց: 2009թ. սկսած՝ այդ բիզնեսը սկսեց հետ գնալ: Հարկային աշխատողները սկսեցին տուգանել, տալ դատարան, ժողովրդին ավելի քամել, նրանք էլ սկսեցին իրենց ձեռնարկությունները փակել: Մանր ու միջինը փակվեց, իսկ մեծերը մնացին: Նման աշխատաոճով հնարավոր չէ տնտեսությունը զարգացել: Պետք է նորմալ հարկային դաշտ ստեղծվի, մի քիչ օգնեն փոքր ու միջին ձեռնարկություններին, որ տնտեսությունը զարգանա, ոչ թե այնպես անեն, որ փակվեն»,- հավելեց Ալվարդ Կոստանյանը:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն այս ամենի վերաբերյալ այլ կարծիք ուներ: Նրա խոսքերով՝ Ջերմուկում այնքան աշխատատեղ կա, որ դրսից են գալիս աշխատելու, հատկապես՝ շինարարության ոլորտում:

«Աշխատանքների կեսից շատը մասնագիտական են, եւ փոքր քաղաքում հնարավոր չէ մեծ բրիգադներ լինեն, ասենք` սալիկապատողներ, գիպսակարդոնե աշխատանքներ, էլեկտրականության հետ աշխատողներ, ինչու չէ՝ նաեւ բարձրակարգ բանվորներ: Իսկ մեր երիտասարդների մեծ մասը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ»,- ասում է Վ. Հովհաննիսյանը: Ըստ նրա` աշխատասեր մարդն աշխատում է, իսկ աշխատանքի հետ սեր չունեցողն էլ պարապ նստում է ու բողոքում, թե աշխատանք չկա:

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Ջերմուկն ակտիվ է միայն ամառվա ամիսներին: Ըստ քաղաքապետի` հյուրանոցներն ու առողջարանները հունվարին աշխատում են նույն ծանրաբեռնվածությամբ, ինչ օգոստոսին: «Բարձրակարգ առողջարաններն ու հյուրանոցներն աշխատում են ամրագրման համակարգով: Եթե հիմա մի առողջարանում հունվարի համար տեղ պահանջենք, կասեն՝ չունենք, բոլորը զբաղված են»,-նշեց քաղաքապետը:

Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ Ջերմուկը փուլ առ փուլ առաջ է գնում: Շվեյցարական ընկերություններից մեկի հետ մշակվել է Ջերմուկի զարգացման ռազմավարական ծրագիրը: Ըստ այդ ծրագրի` Ջերմուկն ընդլայնվելու է, ստեղծվելու են լավ պայմաններ, որոնք համապատասխանելու են եվրոպական չափանիշներին: Կառուցվելու են նոր առողջարաններ, հյուրանոցներ, ճոպանուղիներ: Մեծ զարկ է տրվելու ձմեռային սպորտին եւ ստեղծվելու են «ձմեռային սիթիներ»: Ըստ նրա` այս ամենը չի կարող դրական ազդեցություն չունենալ քաղաքի զարգացման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter