
«Թանկացումն անհրաժեշտ է Երևան քաղաքի տրանսպորտի կուլտուրական սպասարկումն իր բարձրության վրա պահելու համար»
Հուլիսի 20-ից Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը կդառնա 150 դրամ՝ ներկայիս 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսների ուղեվարձը՝ 100 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Վերջին շրջանում մեր քաղաքային տրանսպորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմիցս ներկայացվել են հայտեր քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը բարձրացնելու կապակցությամբ` հիմք ընդունելով, որ տարիների ընթացքում թանկացել են ավտոմեքենաները, պահեստամասերը, քսայուղերը, վառելիքը»,- լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և ավելացրեց, որ տնտեսվարողներն իրենց կողմից ներկայացված հայտերում սակագինն առաջարկել էին 170-200 դրամ:
Ալբերտ Գևորգյանը նշեց, որ այդ կապակցությամբ իրենք կազմակերպել են մի շարք քննարկումներ տարբեր կազմակերպությունների, ՀԿ-ների հետ, ծավալուն քննարկում է եղել նաև Հանրային խորհրդում: Այդ քննարկման արդյունքների, ինչպես նաև տրանսպորտի մրցութային հանձնաժողովի ներկայացրած հաշվարկների և հիմնավորումների հիման վրա ստացվել է քաղաքային տրանսպորտի ուղեվարձի համար տվյալ սակագինը:
Հենրիկ Նավասարդյանի խոսքերով՝ իրենք նախատեսել են այնպիսի սակագին, որ հնարավորություն կտա և՛ տնտեսվարող սուբյեկտին հետագայում թարմացնել իր երթուղու շարժակազմը, ունենալ որոշակի շահույթ և բարձրացնել սպասարկման որակը, և՛ ինչ-որ չափով նաև մատչելի լինի ժողովրդին:
«Սակագնի բարձրացումն անհրաժեշտություն էր, որ Երևան քաղաքի տրանսպորտի կուլտուրական սպասարկումն իր բարձրության վրա լինի և պարտավորեցնող տնտեսվարող սուբյեկտներին` այսուհետ ամեն օր հետևողականորեն տրանսպորտի սպասարկումն իր բարձունքի վրա պահելու համար»,- ասաց Երևանի քաղաքապետի խորհրդականը:
Լուսանկարում ձախից՝ Հենրիկ Նավասարդյան, Ալբերտ Գևորգյան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել