HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կստեղծվի ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն

Այսօր ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը: 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն էր տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որին հաջորդել է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ համաձայնագրի նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` միջազգային չափանիշներին համապատասխան: Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ: 

Որպես ՀՀ կառավարության կողմից ներդրում և մասնակցություն ծրագրին` նոր ընկերության կապիտալում կներդրվի հողամաս «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքից` շուրջ 1 հա չափով:

«Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է մեզ համար, - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter