HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները հանդիպել են մայրաքաղաքի միկրոավտոբուսային և ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացնող մասնավոր ընկերությունների տնօրենների հետ:

Ինչպես նշված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն տարածած հաղորդագրության մեջ, բնագավառի ղեկավարներն ընդգծել են, որ 2013 հուլիսի 20-ից միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներում նախատեսվող ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խստագույնս հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանը`ուղևորափոխադրումները ավելի քաղաքակիրթ դարձնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ անհրաժեշտ է վարորդների աշխատավարձերի բարձրացման միջոցով հնարավորին շատ վարորդներ ընդունել աշխատանքի` անհրաժեշտ պահանջարկը բավարարելու ու այդ նպատակով նաև նոր ավտոբուսներ ներկրելու համար:

Վերջինիս խոսքով՝ ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է տրանսպորտային ընկերությունների պայմանագրերում ամրագրված սահմանված չափանիշների կատարմանը: Մասնավորապես, խիստ վերահսկվելու է տրանսպորտային միջոցների աշխատանքի պարբերականությունը հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին:

Բացի այդ, երթուղիներում չպետք է լինեն տեխնիկապես անսարք կամ  սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող  փոխադրամիջոցներ: Ուղևորափոխադրող ընկերությունների առջև պահանջ է դրվել նաև հետևել վարորդների սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն և ուղերթի տևողության ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը:

Հատկանշվել է նաև, որ պարտավորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ ծառայությունները  ոչ լիարժեք շարունակելու դեպքում ընդհուպ մինչև կխզվեն պայմանագրերը տվյալ տրանսպորտային ընկերությունների հետ: Ծավալված երկխոսության ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են տնտեսվարողների  հարցերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter