Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ընդունում են բնակիչներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչության պետերն անձամբ են ընդունում քաղաքացիներին:
Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, կազմակերպում են բնակիչների ընդունելություն:
Հուլիսի 18-ին Տարոն Մարգարյանը անակնկալ այցերով եղել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:
Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի՝ բնակիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն ասել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերական ու շարունակական:
«Լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ու միայն սրանով չի սահմանափակվելու քաղաքացիների հետ մեր շփումը»,- ասել է նա:
Բնակիչները նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն անհրաժեշտ է:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորիս արագ լուծել քաղաքացիների բարձրացրած հարցերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել