HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎԶԵԲ-ը 5,4 մլն եվրո սուվերեն վարկ կտրամադրի Երևանում ջրամատակարարումը բարելավելու համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Երկուստեք կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները: ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունն այդ գործընթացներում: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարները ևս:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը, ի դեմ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ի դեմ բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, ստորագրել են վարկային համաձայնագիր՝ Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ:

Ստորագրվել է նաև ծրագրի համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետարանի, «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետարանի անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության անունից՝ ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի անունից՝ բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Ըստ համաձայնագրի՝ ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը՝ բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները:

«Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր»,- հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter