Նախագահ. աշխարհի լավագույն բուհերում սովորած ու Հայաստան վերադարձած երիտասարդների օրինակը շատ ավելի գրավիչ է
ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:
Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին հաջողությունները:
Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:
«Տարեցտարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է: Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական: Ինձ համար չափազանց կարևոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ և զրուցել:
Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, և իրավունք է, և հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը:
Մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու: Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ: Ինչպես գիտեք, հայերը մշտապես ձգտում էին գնալ աշխարհի գիտական և կրթական կենտրոններ, բայց վստահ եմ, որ նաև գիտեք, որ այդ գործընթացը միանշանակորեն չի գնահատվել և այսօր էլ, թերևս, կան նման մոտեցումներ:
Օրինակ՝ մեր մեծ մտածողներից Ռաֆայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից և արագ ուծանում: Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացած մարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, և շատ դեպքերում դա էլ տեղի էր ունենում:
Այս դահլիճում ներկա են նաև այն երիտասարդները, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան և այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով: Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է:
Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից և դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում:
Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատև չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք, և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաև այլ առումով: Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը: Չափազանց կարևոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ և իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ: Յուրաքանչյուր երկրի հարստություն առաջին հերթին առողջ և կրթված երիտասարդներ են:
Ես վստահ եմ և կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք, գիտելիք ստանալով, ավելի եք ուժեղանալու, որովհետև մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, և ինքներդ ուժեղանալով, ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը:
Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն: Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք:
Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք՝ առանց կարդալու՝ անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն: Իսկ առանց լայնախոհության՝ շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որ օգտակար լինի և՛ ձեզ՝ կոնկրետ անձին, և՛ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում և գործում եք»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Սերժ Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել