Բարի ցանկություններով համայնք չի զարգանում
Սեւանում այս օրերին ընթանում են քաղաքային մարզահրապարակի կառուցման աշխատանքները, որը Սայաթ-Նովա անունը կրող կառուցվելիք պուրակի մի բաղադրիչն է: Սեւանցիների եւ քաղաքում հյուրընկալվողների հանգստի, ժամանցի լիարժեք կազմակերպման նպատակով քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի նախաձեռնություն-ցանկությունը, այն է` ունենալ ժամանակակից պահանջներին համապատասխան համալիր պուրակ, ներառված է Սեւան համայնքի 2013-2016 թթ. քառամյա զարգացման ծրագրում եւ փուլ առ փուլ դառնալու է իրողություն:
Սեւանի քաղաքապետարանի համայնքի զարգացման ծրագրերի եւ գնումների բաժնի պետ Գնել Գաբրիելյանը, ով զարգացման ծրագրեր կազմելու մեծ փորձ ունի, փաստում է. «Նախորդ տարիներին դրանք կազմվել են ներքաղաքապետարանային սկզբունքով: Այս անգամ ծրագրի կազմմանը նախորդել են մի շարք միջոցառումներ: 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաունթերփարթ ինթերնեշնլի (ՔԻ) հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ հանդիպումներ կազմակերպվեցին 7 ֆոկուս խմբերում, այնուհետեւ հրավիրվեց համայնքային ժողով, որի ընթացքում բնակիչները ոչ միայն վեր հանեցին համայնքային նշանակության հիմնախնդիրները, այլեւ ներկայացրին առաջնահերթությունները: Այդ հիմնախնդիրներն ու ծրագրերը դարձան քառամյա զարգացման ծրագիրը կազմելու առանցքը»:
ՏԻՄ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը քառամյա զարգացման ծրագիրը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը` վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից եռամսյա ժամկետում: Սակայն, տվյալ դեպքում եռամսյա ժամկետ ասվածը խիստ հարաբերական է, որովհետեւ մի շարք համայնքներում դրանք դեռեւս վերջնական տեսք չեն ստացել, բովանդակային առումով բացերն զգալի են:
ՔԻ-ի Տեղական ինքնակառավարման հարցերով ավագ խորհրդական Արմեն Վարոսյանը նշում է, որ համայնքի քառամյա զարգացման ծրագիրը չի դիտվում որպես համայնքի զարգացման ուղեցույց: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ծրագրերի ոչ կենսունակ լինելը` ՔԻ-ին իր աջակցությունը ցուցաբերեց համայնքների քառամյա զարգացման ծրագրերի մշակմանը: «Դրանք հաճախ հիշեցնում են «բարի ցանկությունների» փաստաթուղթ եւ այնտեղ արտացոլված սովորաբար բազմաթիվ հիմանխնդիրների լուծումները կապված չեն ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հետ (համայնքի բյուջե, այլ աղբյուրներ): Ներկայացրած հիմանխնդիրների քանակը սովորաբար այնքամ մեծ է, որ նույնիսկ, ֆինանսավորման առկայության դեպքում, հնարավոր չէ 4 տարում դրանք իրականացնել, այսինքն կա պլանավորման խնդիր»,- ասում է Ա. Վարոսյանը:
Ըստ էության, զարգացման ծրագրերը համայնքների այցեքարտն են, որ ներառում են համայնքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը (բնութագիրը), ռազմավարական տեսլականը, զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերն իրենց բաղադրիչներով: Սեւանի քաղաքապետարանի համայնքի զարգացման ծրագրերի եւ գնումների բաժնի պետը թվարկում է այն ծրագրերը, որոնց համար կատարման ժամկետ է սահմանված 2013թ.-ը: Ծրագրերի մի մասը համայնքապահպան է, մյուս մասը` զարգացման: Սեւան համայնքի 2013թ. բյուջեն կազմում է 560 մլն 220 հազար դրամ: Բյուջեում իրենց մասնաբաժինն ունեն կապիտալ եւ ընթացիկ ծրագրերի իրականացման ֆինանսական հիմքերը:
«Համայնքային բյուջեն պետք է համապատասխանի զարգացման ծրագրում ներառված ծրագրերի իրականցման գումարային արտահայտությանը,- ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանը եւ հավելում,- առաջին կիսամյակում ծրագրերի իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 31.3 մլն դրամ, որը նպատակաուղղվել է ճանապարհային տնտեսության նորոգմանը, խաղահրապարակի կառուցմանը, փողոցային լուսավորության ցանցի, վերելակների շահագործմանը, անձրեւաջրատարերի ցանցի, դիտահորերի մաքրմանը, գլխավոր եւ երկրորդական փողոցները միացնող աստիճանաանցման կառուցմանը»:
Ի դեպ, քառամյա զարգացման ծրագրում առաջին անգամ` որպես հիմնախնդիր եւ ծրագրային բաղադրիչ, ներառվել է աստիճանաանցումների հիմնանորոգումը (թվով` 5), որը քաղաքապետ Ռ. Ղուկասյանի համայնքային ժողովի ընթացքում ներկայացված հիմնախնդիրներից մեկն է եղել:
ՔԻ Տեղական ինքնակառավարման հարցերով ավագ խորհրդական Վարոսյանը ողջունում է համայնքների շահագրգիրռ վերաբերմունքը եւ մոտեցումը զարգացման ծրագրերը կազմելիս: «Համայնքների պատրաստակամությունը կախված է համայնքներից, ՏԻՄ-երի՝ իրատեսական պլաններ մշակելու եւ իրենց համայնքներում փոփոխություններ մտցնելու կամքից: ՔԻ-ն բացահայտում է բացերը եւ առաջարկում իրավիճակի բարելավման տարբերակներ, սակայն չի կարող պարտադրել համայնքներին: Որպես սկզբունք՝ ՔԻ-ն ձգտում է, որ համայնքները գիտակցելով խնդիրների կարեւորությունը իրենք փորձեն լուծել իրենց խնդիրները: Այս դեպքում էլ ՔԻ-ն համայնքների փոխարեն չի մշակելու նրանց քառամյաները, համայնքներն իրենք են դրանք մշակելու՝ ՔԻ-ի դասընթացների հիման վրա, այսինքն՝ գործում է աշխատելով, իրականացնելով սովորելու սկզբունքը, իսկ ՔԻ-ն ծրագրերի մշակման ողջ գործընթացում հետաքրքրություն ցուցաբերած համայնքներին տրամադրում է խորհրդատվություն, ցանկության դեպքում պատրաստակամ է ներկայացնել իր մասնագիտական առաջարկությունները նախագծերի վերաբերյալ»,- մասնավորեցնում է Վարոսյանը:
Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքի զարգացման ծրագրերի եւ գնումների բաժնի պետը բարձր է գնահատում ՔԻ-ի կողմից իրականացվող աշխատանքը, սակայն միաժամանակ նշում է, որ որքան էլ մի շարք ծրագրեր լինեն առաջնային եւ խիստ կարեւոր, կյանքի չեն կոչվի, եթե չլինեն դոնոր կազմակերպությունների ներդրումները եւ այլ աղբյուրների օգտագործումը:
«Սեւան քաղաքի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցումն իրականացվում է «Ակտիվ մարզական կյանք Սեւանում» ծրագրի շրջանակներում, որը համայնքի, ՔԻ-ի Հայաստանյան ներկայացուցչության եւ կառավարության համատեղ միջոցներով է իրականացվում: Դոնոր կազմակերության ներդրումը 18 մլն դրամ է, կառավարության կողմից նպատակային հատկացումը` 16 մլն դրամ, համայնքայինը` 12 մլն դրամ: Այս ծրագիրը համայնքի զարգացման համար լուրջ խթան է: Մարզահրապարակը նախատեսված է համայնքային եւ տարածաշրջանային մրցույթների, մարզումների անցկացման համար, որի շնորհիվ մարզական կյանքի ռիթմը կաշխուժանա: Ձմռանը տարածքը վերածվելու է սահադաշտի: Տեղադրվելու են բեմահարթակ, 500 նստարան»,- ներկայացնում է Գնել Գաբրիելյանը:
Ընթացիկ ծրագրերի համար, եթե բյուջեում գումարներ նախատեսված են, ապա մեծ ծրագրեր իրագործելը, որոնք իսկապես համայնքային զարգացման հեռանկարներ են, շատ դեպքերում մնում են որպես գաղափար: Ինչպես հավաստիացնում են քաղաքապետարանի պատասխանատուները, միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ մեծամասշտաբ ծրագրեր իրականացնել, եթե չլինեն դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորումը, դրամաշնրոհների տրամադրումը կամ կառավարության նպատակային գումարների հատկացումը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ զարգացման ծրագիրն առանց դրսի միջամտության շատ դեպքերում վերածվում է գոյատեւման կամ պահպանման ծրագրի: Սեւան համայնքը հիմնախնդիրների պակաս չունի, սակայն որքան էլ դրանց աշխարհագրությունը լայն լինի, 2013-2016 թթ. զարգացման ծրագիրը կազմելիս փորձել են մնալ իրատեսականի սահմաններում:
Համայնքի զարգացման գերակայությունները թվարկելիս Գ. Գաբրիելյանը կոնկրետացնում է ամենակարեւորը` Սեւանի զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ տալու խնդիրը, որից էլ բխում է զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման ընթացքը: «Առաջիկայում իրականացվող բազմաբնույթ ծրագրերն էլ նպատակուղղվելու են դրան. քաղաքը պետք է ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք այսօր կամ բացակայում են, կամ էլ չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին: Կարծում եմ` առաջիկա տարիներին ծրագրերի ցանկն առավել կհստակեցվի: Ամեն դեպքում, դրանք պետք է լինեն ճկուն, դինամիկ եւ իրատեսական»,- ավելացնում է Գաբրիելյանը:
Տարիներ շարունակ բարի ցանկություններով ողողված ստվար կամ սեղմ փաստաթղթից քառամյա զարգացման ծրագրերը մի նոր փուլ են մտել, ու շատ կարեւոր է, որ դրանք դառնան համայնքերի աշխատանքային ուղեցույցներն ու ռազմավարական գործիքները` օրենքի պահանջից վերածվելով անհրաժեշտության:
«Եթե քառամյաները լինեն իրատեսական եւ մասնակցային, ապա համայնքի բնակիչները կլինեն ոչ միայն զուտ պահանջատեր այլ նաեւ աջակից՝ համայնքային խնդիրների լուծման հարցում: Մասնակցելով ամբողջ գործընթացին, իրազեկ լինելով ՏԻՄ հնարավորություններին՝ համայնքի բնակչության մոտ չեն առաջանա սին ակնկալիքներ այս կամ այն խնդիր իրականացման հետ կապված: Ավելին՝ արդեն ունենալով վերհանած հիմնախնդիրներ, նրանք ՏԻՄ-երի հետ միասին արդեն կսկսեն մտածել երկարաժամկետ պլանավորման մասին՝ տվյալ քառամյայում չներառած խնդիրները պլանավորելով հաջորդ քառամյաների մեջ»,- վստահեցնում է ՔԻ-ի Տեղական ինքնակառավարման հարցերով ավագ խորհրդական Արմեն Վարոսյանը:
Արմինե Ղուկասյան
Սեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել