HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյան. Մայր Հայաստանի ԱԳՆ շարունակելու է համակողմանի աջակցել Արցախի ԱԳՆ-ին

Հուլիսի 18-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին և ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։

Բ. Սահակյանն ու Է. Նալբանդյանը զրուցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Երկուստեք կարևորվեց ՀՀ-ի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև ակտիվ և համակարգված աշխատանքը:

Հուլիսի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ արտգործնախարարությունում հանդիպեց նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում Արցախի ներկայացուցիչների և նախարարության աշխատակիցների հետ։ Շնորհավորելով արցախցի դիվանագետներին ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի առթիվ՝ Է. Նալբանդյանը նշեց, որ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի ԱԳՆ գործունեությանը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, պատասխանեց արցախցի դիվանագետների հարցերին։

Նույն օրն Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մասնակցեց Արցախի ԱԳՆ 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, որում, մասնավորապես, ասաց.

«Մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ նպատակով մենք համատեղ և հետևողական ջանքեր ենք գործադրում։ Երկու նախարարությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկն է։ ... Մայր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նախկինում, այսօր էլ իր բոլոր հնարավորություններով կանգնած է ձեր կողքին և շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը»:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ հուլիսի 19-ին Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երևան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter