HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ի եւ հասարակության անջրպետը. ինչու՞ Գալուստ Սահակյանին չի հուզում ուղեվարձի թանկացումը

Պատգամավորներն ամեն օր են ապացուցում, որ ԱԺ-ի եւ հասարակության միջեւ խոր անջրպետ կա: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը նախընտրում է «կոճակ սեղմելու» գործելաոճը եւ ծանոթ չէ իրեն ընտրած քաղաքացու հոգսերին, խնդիրներին, մտահոգություններին: Նրանց մի մասն էլ լավ տեղյակ է խնդիրներին, պարզապես անձնական շահը թույլ չի տալիս, որ ունեցած մանդատը «ստորադասեն» եւ խոսեն ընտրողի շահերից: Օրինակ՝ ինչպե՞ս կարող են մենաշնորհ ունեցող պատգամավորին պատկանող «Փարվանա» ռեստորանում քննադատել երկրի տնտեսությունը կործանող մենաշնորհները, կամ ինչպե՞ս քննադատել տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը, երբ իրենք էլ գծատեր են:

Միայն տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքը հերիք է, որպեսզի ընտրողը հասկանա Ազգային ժողովն իրեն չպատկանելու մասին:

Գալուստ Սահակյանը «Առավոտին» ասել էր, թե ամբողջ աշխարհում որեւէ մի տեղ չեք կարող մատնացույց անել, որ այդքան էժան լինի տրանսպորտը, ինչպես որ Հայաստանում է։ «Այլ բան է, որ ժողովուրդը վճարունակ չէ։ Իսկ դրա համար էլ կառավարությունը հայտարարել է՝ 2014 թ. հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացումներ կլինեն, այնպես որ չի կարելի ամեն ինչում լուն դավա դարձնել։ Բնական է, որ իշխանությունների համար ամենացանկալին կլիներ, որ երկնքից մանանա թափվեր, ու ամեն ինչ ձրի արվեր, ի՞նչ կապ ունի, որ ամեն ինչը ասվում է իշխանությունները, իշխանությունները… »,- ասել է Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանի բերանով խոսում են խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, որովհետեւ Գրիգորիչն է կարծիք թելադրում բոլորին: Նա է հրահանգում, որ պատգամավորները «կոճակ սեղմելով» անցկացնեն իրենց համար օգտակար օրինագծերը, որոշումները, հետեւաբար այս դեպքում էլ նրա կարծիքը «օրենք» է:

«Լուն դավա» սարքելը կարող է դիտարկվել Գրիգորիչի հերթական «շուլուխը», որովհետեւ նա երթուղային տրանսպորտից չի օգտվում: Ավելին` լինելով խմբակցության ղեկավար՝ նրա համար ստեղծված են այլ արտոնյալ պայմաններ:

Ազգային ժողովն ունի 65 ծառայողական ավտոմեքենա, որոնք սպասարկում են ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի երկու տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին, խմբակցություններին եւ Ազգային ժողովի աշխատակազմին: Այդ ավտոմեքենաների միայն սպասարկման համար ամսական նախատեսված է 700.000 դրամ: Մեկ ծառայողական ավտոմեքենան ամսական օգտագործում է 240 լիտր բենզին:

2013 թ. պետական բյուջեով ԱԺ-ի համար նախատեսված է 218 հազար լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին` մոտ 97 մլն դրամ արժեքով, 20 հազար լիտր «Պրեմիում» տեսակի բենզին ` 9 մլն դրամ, եւ 5 հազար լիտր դիզելային վառելիք` 2 մլն 150 հազար դրամ:

Գալուստ Սահակյանը, լինելով խմբակցության ղեկավար, օգտվում է խմբակցությանը հատկացված ավտոմեքենայից, եւ պարզ է, որ նրան ամենեւին էլ չի հուզելու տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:

Գալուստ Սահակյանի երկու որդիները եւս երթուղայինով աշխատանքի գնալու խնդիր չունեն: Արման Սահակյանը պետական գույքի կառավարման վարչության պետն է, իսկ Տիգրան Սահակյանը` առողջապահության նախարարի տեղակալը, հետեւաբար նրանք էլ պետության հաշվին օգտվում են ծառայողական ավտոմեքենաներից: Ավելին` լինելով պետական պաշտոնյաներ` հասցնում են ձեռքի հետ էլ գումար «հետ գցել»:

Ըստ 2012 թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի` Արման Սահակյանն իր հաշվին ունեցել է 101 մլն 500 դրամ` 6.5 մլն դրամով ավելին, քան 2011 թ.-ին: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 2 մլն 276 հազար դրամ: Իսկ Տիգրան Սահակյանը 2012 թ. ունեցել է մոտ 84 մլն 445 հազար դրամ` 40 մլն 705 հազար դրամով ավելi, քան 2011 թ. էր հայտարարագրել: Տիգրան Սահակյանի տարեկան աշխատավարձն էլ կազմում է 2 մլն 433 հազար դրամ:

Գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի գների աճը չի հուզում շատ պատգամավորների եւս:

Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնային դրույքաչափը կազմում է 357.810 դրամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի դրույքաչափերը` 331.595 դրամ: Բացի այդ` պատգամավորական գործունեության հետ կապված ամեն ամիս յուրաքանչյուր պատգամավոր ստանում է հավելյալ 15.000 դրամ: Երեւանում բնակարան չունեցող պատգամավորներին տրվում է ամսական 100.000 դրամ փոխհատուցում:

ԱԺ նախագահի երկու տեղակալներին, բոլոր հանձնաժողովների նախագահներին հատկացված է նաեւ անվճար րոպեներ բջջային ցանցում` ԱԺ նախագահի տեղակալների համար` 25.000 դրամի, իսկ հանձնաժողովի նախագահներինը` 10.000 դրամի սահմաններում: Իհարկե, միամտությանուն կլինի, եթե ասենք, որ պատգամավորների միակ եկամուտը վերը նշված գումարներից է գոյանում:

Պատգամավորների զգալի մասը բիզնեսներ ունի եւ ԱԺ-ից ստացած աշխատավարձը նրանց համար «ձեռի ծախսելու» գումար է: Դրա պարզ օրինակ է նաեւ Արմավիրի կարկտահարության հետեւանքով գյուղացիներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարներին նրանց մեկ ամսվա աշխատավարձի փոխանցումը: Եթե այդ պատգամավորների միակ եկամուտը լիներ աշխատավարձը, ապա ինչպե՞ս կարող էին ամբողջությամբ փոխանցել եւ սոված նստել: Դժվար է հավատալ, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը աշխատավարձը փո[անցելուց հետո խանութից «նիսյա» սննդամթերք է գնել, որ մեկ ամիս ապրի:

ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք սրտացավ են, կամ փորձում են այդպիսին երեւալ, սակայն նրանց թիվը կարող ենք հաշվել ձեռքի մատների վրա:

ԱԺ-ի եւ հասարակության տարանջատման եւս մեկ դրսեւորում էր հունիսյան արտահերթ նստաշրջանը: Երբ քվեարկվում էին վերահսկիչ պալատի բացահայտումներն ու պետական բյուջեի փոշիացումները, ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում դրան անդրադառնալու փոխարեն խոսում էին իրենց նախասիրություններից: Մասնավորապես` Սամվել Ֆարմանյանը ԱԺ ամբիոնից խոսում էր ֆուտբոլի մասին հայտարարելով` «մեր հավաքականի աստեղային ժամը առջեւում է»: Կարեն Ավագյանը հերթական անգամ փորձում էր լեզվակռվի մեջ մտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, նրան փաստերով հակադարձելու փոխարեն գործի դնելով վիրավորանքը. «Դահլիճում ջերմաստիճանի բարձրացումից Զառաները զառանցում են»: Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուրախանում էր, որ «Ադրբեջանում բռնապետություն է, իսկ Հայաստանում՝ ժողովրդավարություն: Ադրբեջանում խոսքի ազատությունը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ Հայաստանում` իրականություն»:

Պատգամավորների զգալի մասը  օլիգարխի համբավ ունի, թեեւ դրանից վերջիններս վատ չեն զգում` վստահ լինելով, որ, սպասարկելով իշխող կուսակցության շահերը, իրենց «հավին քշա» ասող չի լինի: Իրականում այդպիսի պատգամավորներ ունենալը կործանիչ կարող է լինել հասարակությունների համար, որովհետեւ հենց նրանք կարող են երկրի համար ազգային անվտանգության խնդիր ստեղծել: Այսքանից հետո միթե՞ հնարավոր է ԱԺ-ի վրա հույս դնել:

Մեկնաբանություններ (1)

ԳԱՌՆԻԿ
ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՅԴՊԵՍ ՉԷ,,,ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ 3 ԵՐԹՈՒՂԻ ԷԼ ՆԱ ՈՒՆԻ,,,ՈՒՄԻՑ ՊԱԿԱՍ ՏՂԱ Է ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter