HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետիոտներին պետք է սիրել…

Հետիոտներին պետք է սիրել:
Հետիոտները մարդկության
մեծամասնությունն են կազմում:
Ավելին՝ նրա լավագույն մասը:
Հետիոտներն են ստեղծել աշխարհը:

Ի. Իլֆ, Ե. Պետրով, «Ոսկե հորթը»

Տարիներ առաջ էր: Հրադադարն արդեն հաստատվել էր, ու բոլորս հույսով մտածում էինք, որ պետությունը մեջքն ուղղելու է, որ տնտեսությունն սկսելու է ոտքի կանգնել, որ սկսվելու է դեպի ապահով Հայաստան երթը… Շատերս վարչապետերի հոգսերը կամավոր վերցնելով մեր վրա՝ թե՛ առանձին, թե՛ զրույցներում, թե՛ տաք քննարկումների ու վիճաբանությունների ժամանակ երկրի տնտեսության զարգացման՝ մեր հասկացածով, հնարավոր հեռանկարային ու խոստումնալից ուղիներ էինք «որոշում»… Բնականաբար, մեր լավատեսության «մեխը» մեր մտավոր ներուժն էր, գիտությունը, արդյունաբերական հիմնարկները նոր պայմաններում կրկին աշխատեցնելու տարբերակները եւ այլն: Մի խոսքով՝ գիտելիքահենքությունը (չնայած էն ժամանակ այդ բառը չգիտեինք): Դե Ջերմուկն ու ծիրանն էլ չէինք մոռանում, բայց նրանց դերը որոշիչ չէր՝ իրենց փոքր «նիշան» ունեին…

Մեկ էլ ասացին, որ էլեկտրացանցերը ծախում են… Էդ ժամանակ դա աբսուրդ էր թվում: Երեւի միակ գործող ու օգուտով աշխատող բանն էր՝ լույս էին տալիս, փողերը հավաքում… Բա դրանից էլ լավ տարբերա՞կ: Պետություն ջան, գործող համակարգ ա՝ աշխատեցրու, օգուտներով բյուջեն լցրու, ուրիշ կարեւոր ճյուղերի «տեր կանգնիր»… Չէ, ասին պիտի ծախենք՝ ներդրումներ են անելու…

Հետո սովորեցինք: Իշխանություններ մնացին, փոխվեցին ու ինչ աշխատող համակարգ կար՝ հերթով ծախեցին… Էժան… (Մինչեւ հիմա ականջներումս հնչում է Սադոյանի հուսահատ ելույթը… համարյա լացելով… Ասում էր Կոնյակի գործարանը 30 մլն դոլարով չի՛ կարելի վաճառել՝ նկուղներում 700 մլն-ի լցված տակառներ կան…)

Չգիտեմ, ինչու՞ էին ծախում (չնայած, միշտ ասում էին՝ ներդրումներ են անելու), բայց իրար հաջորդող պաշտոնավորները հարստանում էին…

­Էս գիտնականներն էլ՝ դե ըմբռնումով էին մոտենում, հետո մյուսների վիճակն էլ սկզբում մի բան չէր, ու սրանք գլուխները կախ իրենց գործն էին անում: Մեկ էլ գլուխները բարձրացրին՝ տեսան շուրջը բացի իրենցից ու էլի մի երկու բախտակիցներից, մնացածի փողերն, օրինակ, մի քանի անգամ ավել են իրենցինից: Թարսի պես էլ ՅՈՒՆԵՍԿՈ-ն ասում էր լավ են աշխատել:

Պետությունս էլ շարունակում էր եղած-չեղածը ծախելը: Նույնիսկ մի քիչ ոգեւորվեցին՝ պարտքերի տակ էլ ընկան ու սկսեցին էն մի քանի ոտի վրա մնացած, կարգին գույքերը պարտքի դիմաց տալ…

«Մարս» գործարանում եմ եղել շատ անգամ ու միշտ մի տեսակ հպարտացել եմ, որ նման մասշտաբներով, նման տեխնոլոգիաներով, նման հզորություններով գործարան կա Հայաստանում: Չնայած երեւի կարողությունների մի քանի տոկոսն էին աշխատեցնում, բայց որ ունեինք՝ դրանով էի հպարտանում: Հիշում եմ, այնտեղ աշխատակիցների հետ զրույցի ընթացքում մեկն ասաց՝ «Մարս»-ում հնարավոր է զրոյից, իրենց հզորություններով, մինչեւ պատրաստի արտադրանք սարքել օրինակ՝ էս մոնիտորը: Օրինակի համար ասաց: Այդ պահին մոնիտորն աչքովն ընկավ: Մեծ մոնիտոր էր՝ տրուբկայով…Կարող է մի քիչ չափազանցեցրեց, բայց հաստատ՝ մի քիչ… Եվ ուրախանում էի, որ կարողացել են պահպանել, չեն տրվել որպես մետաղի ջարդոն ծախծխելու գայթակղությանը: Բայց դե վերջը գույք դառավ… Տվեցին ուրիշի… Այստեղ մեծ ներդրումներ անելու կարիք հաստատ չկար… Ու տվեցին ուրիշի… Ուրիշն էլ չի աշխատեցնում…

Էս գիտնականներն էլ հանկարծ սկսեցին իրենց ֆինանսավորման ավելացում պահանջել: Անհարմար ժամանակ է էլի… Պետությունս հազիվ մի քանի տարով գույք զիջելով գազի գները անփոփոխ թողեց՝ դժգոհների բերանը փակեց… Հիմա էլ սրանք են կպել, թե մենք լավն ենք, մեր փողերն ավելացրեք՝ գոնե հանրապետության միջինին մոտ դառնա…

Բա դե պետությունս էլ իրավացիորեն կասի.

-գիտնական են, բայց չեն հասկանում, որ հիմա դեռ հարմար չի, չեն գնահատում, որ խոսքերով իրենց ինչքան ենք կարեւորել, որ գիտությունը գերակա ճյուղ ենք հայտարարել (հայտարարելը գործի կեսն է՝ էն մյուս կեսը կսպասի), որ ապագայի համար ծրագիր ենք գրել (ներկայի համար չի էլ սազում՝ ռազմավարական չէր լինի), 100 մլն դրամ ենք տվել ջահելներին (քիչ էր մնում ասեի՝ 2 զուգարանի)…

-Գազը թանկացավ՝ կրակն ենք ընկել: Հիմա պիտի մի քիչ առաջ մտածենք՝ էն Հայռուսգազարդ-ում մնացած մեր 20 տոկոսն էլ ռուսներն տանք ու խնդրենք մի 5 տարի էլ գազից չխոսեն… թե չէ, եկել են՝ գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն…

-Ախր մենակ գիտնականները չեն է՜… Տրանսպորտի գներն «ի հոգուտ ժողովրդի» բարձրացնում ենք՝ բունտ են ուզում անել… Որ մի բան մնացած լիներ՝ մեկի տայինք, ու մի 5 տարի տրանսպորտի գների տարբերությունը փակվե՜ր… Գիտնականներին էլ որ կարողանայինք մի 5 տարով ըմբռնեցնել՝ դրանից հետո կամ գիտությունը կսատկեր կամ գծատերը…

Հ.Գ. –Ռուսները Ակադեմիան չեն առնի՞, արա…

Ի՜նչ գաղափար է կորչու՜մ… Մի կրակոցով 2 նապաստակ՝ հետիոտները կխախանդվեին, գիտնականներն էլ ռուսներից ֆինանսավորում կուզեին… Թող մեր ծերացող Ակադեմիան էլ կոչվեր РАН-ի НАН… Չկազմե՞լ նամակ ռուսաց թագավորին… Բայց մի վերապահումով՝ մեր գիտնականների գործերով առաջինը գլուխ գովելու իրավունքը մերը լինի…

Հ.Գ.2 –Էս հեղինակը տեղյա՞կ չի, որ օգոստոսի 1-ից «Մարս»-ում ու Մերգելյանում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծում…

Հ.Գ.3 Հեղինակ. –Տեղյակ է, Պետություն ջան: Բա ինչու՞ այսքան տարի հետո… Կարո՞ղ ա դա էլ է գազի գնի հետ կապված: Կարո՞ղ ա եթե այդ գոտին չստեղծվեր՝ գազն ավելի թանկ լիներ…

Հ.Գ.4 -Հետիոտնին սիրել է պետք, Պետություն ջան…

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter