
Լուսանկարիչ Հայկ Ադամյան. «Ծննդավայրիցս հեռու՝ ես աշխարհի ամենամիայնակ մարդն եմ»
Անցյալ դարի 90-ականներին Գյումրիից շատերը հեռացան՝ ԱՄՆ-ում հիմնովին հաստատվելու նպատակով: Այդ տարիներին գնում էին հիմնականում արվեստագետները: Գերադասում էին Լոս Անջելեսում, հայ ոսկերիչների մոտ սկզբնական շրջանում մանր-մունր աշխատանքներ կատարելով ընտանիք պահել, քան թե շարունակել ապրել երկրաշարժի արհավիրքից դեռ ուշքի չեկած քաղաքում, ուր գլխավերեւում տանիք ունենալը հետին պլան էր մղել արվեստի ծարավը:
Դերասաններ էին մեկնողները, երաժիշտներ՝ մարդիկ, ովքեր այդպես էլ չկարողացան տիրապետել «արդիբաշի»՝ ոսկի հանելու ու ՌԴ-ում վաճառելու գաղտնիքներին: Չկարողացան շատերի նման կանգնել փողոցում ու «էստի համացեք» կանչել: Շատ հաճախ մեկնում էին հյուրախաղերի արտերկիր ու չէին վերադառնում:
Լուսանկարիչ Հայկ Ադամյանի՝ Կալիֆոռնիայի Բերբանկ քաղաքում հաստատվելն այլ պատմություն ունի: Ընտանիքով Գյումրիից հեռացավ 2000թ., թեպետ ԱՄՆ-ում ապրելու թույլտվություն ուներ 1989-ից: Գնաց, որովհետեւ, ինչպես ինքը բացատրեց՝ «հողմաղացների» դեմ պայքարելու ուժ չուներ էլ: Գնաց, որովհետեւ աչքի առաջ քանդում էին այն, ինչ այնքան դժվարությամբ մի քանի էնտուզիաստների հետ ստեղծել էր 1991-ին: Հայկը «Շիրակ» հեռուստաստուդիայի հիմնադիրներից էր: «Ես էդ մասին չեմ ուզում խոսել, բայց կասեմ, որ գնալու որոշումը կայացրել եմ մի գիշերվա մեջ»,- հարցիս պատասխանում է Հայկն ու ձեռքը թափ տալիս՝ խնդրելով անցնել այլ թեմաների:
Պոլսից Գյումրի գաղթած Ադամյանների ընտանիքում մեծացած տղայի համար գաղթականի կարգավիճակը չէր կարող նախընտրելի լինել՝ հանգամանքներն այդպես դասավորվեցին: Չի ափսոսում հեռանալու համար, բայց մշտական կարոտը, որ կա հարազատ քաղաքի նկատմամբ, իրեն աշխարհի ամենամիայնակ մարդն է դարձնում Ամերիկայի նման բազմադեմ երկրում:
«Ծննդավայրիցս հեռու՝ ես աշխարհի ամենամիայնակ մարդն եմ: Չնայած դրան՝ եղել է, որ ամիսներ շարունակ չեմ ուզել ոչ հեռախոսով, ոչ skype-ով զրուցել Հայաստանում գտնվող իմ ընկերների ու հարազատների հետ,- խոստովանում է Հայկը,- պատճառը կարոտն է: Խոսելով կարոտը չի կոտրվում, ավելի է մեծանում: Կինս մեկ-մեկ ասում է՝ ել գնա Հայաստան, զգում եմ, որ էլ չես դիմանում, բայց ես չեմ ուզում, հետ գալուց հետո կարոտն ավելի է մեծանում: Հարցն էն չի, որ Ամերիկայում ես մենակ եմ: Չէ, էստեղ էլ լավ ընկերներ ունեմ, բոլորն էլ զբաղված մարդիկ են: Բայց նրանց չես կարող ասել՝ գիտես, արի մի տեղ գնանք նստենք-զրուցենք կամ պարզապես նստենք-լռենք: Իրանց հետ ես չեմ կարող կիսվել, ազատ շնչել, կոմպլեքսներ չունենալ, իրանց հետ չեմ կարող պարզապես լռել…սա է խնդիրը»:
Հինգ տարի առաջ մեկ ամսով եկել էր հայրենի քաղաք: Մեկնումից 8 տարի էր անցել: Իր ճանաչած Գյումրին, որի ամեն մի անկյունը ժամանակին լուսանկարել էր, շատ էր փոխվել: Սակայն Հայկին առավել հուսահատեցրել էր ոչ թե փոփոխությունը, այլ քաղաքի փողոցների դատարկությունը:
«Տեղ հասնելուս հենց առաջին օրը դուրս եկա Գյումրիում քայլելու: Երեկոյան ժամը 7-ն էր, Կիրովի փողոցով ցած էի իջնում, քաղաքի դատարկությունն ահավոր ճնշող էր, փողոցներում մարդ չկար,-հիշում է Հայկը,- Կիրովի ճեմափողոցը գիտեք, էն տեղն է, որտեղ սովորաբար մարդիկ իրար ժամադրում են հանդիպման համար, չժամադրեն էլ, էլի հանդիպում են: Ու հանկարծ հասկացա. շատերն են գնացել: Էդ օրը սրտիս տեղն իմացա, հետո 24 օր շարունակ դեղեր էի խմում: Նստել էի մայթին՝ գլուխս բռնած: Երեւի մի ժամ էդպես նստել եմ: Ահավոր ծանր զգացողություն էր: Մի գնացողն էլ ես էի: Իմ գնալով էլ էր քաղաքը դատարկվել»:
Զրուցակիցս գլուխը մի պահ խոնարhում է ու լռում՝ հավանաբար հուզված արթնացած հիշողություններից: Հարցազրույցը վարում եմ skype-ով, եւ համակարգչի էկրանը թույլ չի տալիս հստակ տեսնել Հայկի աչքերը: Երբ սկսում է խոսել, ձայնը ընդհատումներով է հասնում ինձ: 2008թ. կատարած այցի ժամանակ Գյումրին չի լուսանկարել:
«Ոչ թե նրա համար, որ ցանկություն չունեի,- Հայկի դեմքին տխուր մի ժպիտ է գծագրվում,- չէ, պարզապես դրա համար շատ ավելի երկար ժամանակ էր պետք ինձ, գոնե մի քանի ամիս: Իսկ ես այդ ժամանակ եկել էի հանգստանալու, հարազատներիս տեսնելու, գործեր ունեի: Հետո քաղաքն էլ էր փոխվել: Այն ընկալելու, մարսելու համար ժամանակ էր պետք, որ ես չունեի»:
Սեւ-սպիտակ լուսանկարներն ավելի խոսուն են
Հայկը ծնվել է 1952թ. Լենինականում: Լուսանկարչությամբ հրապուրվել է, երբ ընդամենը 11 տարեկան էր: Առաջին ֆոտոխցիկը «Ֆեդ» էր: Լուսանկարչության նկատմամբ սերն իր մեջ արթնացրել է հորեղբոր տղան՝ Մկրտիչը, ով իրենից մեծ էր ու արդեն հմտացած այդ գործում: Հետո գնում էր կինո «Հոկտեմբեր» «ֆատոգրաֆ» Գուրգեն Կարախանի մոտ: 15 տարեկանում արդեն լուսանկարչի որակավորում ուներ: Խորհրդային տարիներին աշխատել է կենցաղային սպասարկման ոլորտում:
«Նախորդ օրը, որ հարց էիր տվել, թե ով է ինձ մղել դեպի ավեստը, դեպի լուսանկարչությունը, ես չէի կողմնորոշվում՝ ինչ ասեի, որ ավելի անկեղծ հնչեր: Հիմա անպայման կուզեմ նշել հորս մասին, որ մասնագիտությամբ կոշկակար էր, սակայն հրաշալի ջութակ էր նվագում: Ազնվագույն այդ գործիքը նա պատյանից հանում էր, երբ «բարի գիշեր» էր մեզ մաղթում, մեկ էլ Նոր տարուն: Իմ մեջ եղած սերը արվեստի, գեղեցիկի հանդեպ հայրս է սերմանել»,- հավելում է Հայկը՝ նկատի ունենալով նախորդ օրվա կիսատ մնացած զրույցը:
Հայկի տարերքը սեւ-սպիտակ լուսանկարչությունն է: Հարցնում եմ՝ ինչու՞, գույնը խանգարու՞մ է քեզ, թե՞ նախասիրություն է: Ցույց է տալիս իր գործերից մեկը՝ «Շունն ու ստվերը», որ նկարել է 15 տարի առաջ, հետո հարցնում է. «Դու այս նույն լուսանկարը կարող ես պատկերացնել գունավոր: Սա զգացողություն է, քո ասած նախասիրությունն այլ բան է: Ինձ համար սեւ-սպիտակ լուսանկարչությունն ավելի շուտ զգացողություն է: Հիմա գիտես, թե տեխնոլոգիաները որքան են զարգացել, դիջի՜թլ, բա՜ն… բայց ես չեմ կարողանում համակերպվել: Գույնը շատ դեպքերում խանգարում է տեսնել իրականը: Այն, ինչ ազդեցիկ է սեւ-սպիտակի դեպքում, գույնը կարող է լրիվ հասարակ դարձնել: Ստվերներ, տրամադրություն, ինչ-որ տեղ նաեւ հստակություն, ահա թե ինչ է ինձ համար սեւ-սպիտակ լուսանկարչությունը: Իհարկե, դա չի նշանակում, թե գունավոր լուսանկարչությամբ չեմ զբաղվում, բայց…սեւ-սպիտակ լուսանկարների մեջ խորություն կա: Եթե ինձ ուզում ես հասկանալ, ապա վերցրու նույն լուսանկարը գունավոր եւ սեւ-սպիտակ տարբերակով, համեմատիր ինքդ ու կհասկանաս»:
Ամերիկան ինձնից չկարողացավ հարսանիք նկարող սարքել
«Ես Ամերիկայում այդպես էլ չդարձա հարսանիք նկարող,- զրույցը շարունակում է Հայկը,- հա, երբ պետք է լինում ալբոմների համար, ասենք, թանկարժեք զարդերի, ցուցահանդեսների, ֆոտոմոդելների ֆոտոսեսիաների մասնակցում եմ ու այդքանը: Ես Գյումրիում բացի լուսանկարչությունից նաեւ հեռուստատեսությունում տեսախցիկով էի նկարում, պիտի հիշես, բայց Ամերիկան ինձնից չկարողացավ հարսանիք նկարող սարքել ու այդ առումով գոնե խիղճս հանգիստ է»:
Հայկի կինը՝ Անահիտը, Գյումրիում նախքան երկրաշարժը աշխատում էր Չկալովի անվան կարի գործարանում՝ որպես գլխավոր կոնստրուկտոր: Աղետի ժամանակ արտադրամասից հրաշքով փրկված երեք աշխատակիցներից մեկն էր Հայկի կինը: Երբ հաստատվում էին Բերբանկում, մտքներով անգամ չէր անցնում, թե հենց Անահիտի արհեստն է իրենց ընտանեկան բիզնեսի հիմքը դառնալու: Ամերիկայում Անահիտը սկսում է աշխատել մի գործատուի մոտ, որտեղ հայտնի մարդկանց թանկարժեք ջինսեր էին վերանորոգում: Հետագայում խանութի տերը որոշում է վաճառել իր բիզնեսն, ու Ադամյան ամուսիններն առանց վարանելու գնում են այն: Ահա այսպես ծնվում է Denim Revival-ը:
Լոս Անջելեսի քաղաքապետարանն արդեն 3-րդ տարին է՝ Ադամյանների տնօրինած Denim Revival ջինսերի նորոգման խանութը ճանաչում է լավագույնը, իսկ Ջեյ Քյու պարբերականն՝ իր տեսակի մեջ լավագույնը ողջ Ամերիկայում: Այստեղ նորոգում են կաշվե, ջինսե հագուստներ, կոշիկներ ու պայուսակներ: Լայոնել Ռիչիի, Թոմ Կրուզի, Ռոբերտ դե Նիրոյի եւ այլ հայտնիների սիրելի ջինսե տաբատները նոր կյանք ու շունչ են ստանում հենց տիկին Անահիտի շնորհիվ: Փոստային պատվերներ Ադամյանները ստանում են Ամերիկայի տարբեր ծայրերից, Եվրոպայից, անգամ Նոր Զելանդիայից: Հայկը թեպետ օգնում է տիկնոջը խանութում, սակայն, ինչպես ինքն է սիրում կրկնել՝ «կարուձեւի մեջ ես չկամ, իմը արվեստն է»:
«Ես հիմա մտածում եմ մի պրոյեկտի մասին,- ասում է Հայկը,- շատ չէի ուզենա փակագծերը բացել, որովհետեւ դեռ ամբողջական չէ: Ես որոշել եմ վերադառնալ լուսանկարչության ակունքներին, անգամ սարքավորումները, որոնցով աշխատելու են, դրանք ժամանակակից չեն լինելու: Այս պահին այսքանը կասեմ: Բայց երբ նախագիծը հունի մեջ ընկնի, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կհամարեմ»:
Մտածու՞մ է, արդյոք, Հայկը ցուցահանդես կազմակերպել հարազատ ծննդավայրում: Հարցիցս հետո մի քանի րոպե լռում է. «Պարզապես հիշեցի երկրաշարժը: Երեւի հինգերորդ, թե վեցերորդ օրն էր՝ ձեռքս վերցրեցի ֆոտոխցիկը: Խելագարության նման մի բան էր, բայց հասկանում էի նաեւ, որ պիտի լուսանկարեմ, պատմության համար էր պետք,- Հայկը կրկին տխրում է,- ինչ վերաբերում է ցուցահանդեսներին, ասեմ, որ երբեք չեմ ձգտել ցուցադրվել: Երկրաշարժից հետո արված լուսանկարների ցուցահանդեսն էլ եմ դժվարությամբ արել: Ես ինձ վատ էի զգում: Էն տպավորությունն էր, որ արհավիրքի ու ցավի, ողբի վրա ինչ-որ բան ես փորձում շահարկել քո օգտին: Չգիտեմ, բայց այն ժամանակ այդպիսի զգացողություն ունեի: Ուրիշ է, երբ դու անծանոթ երկրում ես ու պարզապես աշխատում ես, քո գործն ես անում: Եւ ուրիշ է, երբ դու քո իսկ հարազատ, բայց ավերակների վերածված քաղաքն ես նկարում, քեզ հարազատ մարդկանց վիշտը, քո տունն ես նկարում: Դրանք տարբեր բաներ են»:
ԱՄՆ-ում գտնվելու տարիներին Հայկը 5 անգամ մասնակցել է Նյու Յորքում կազմակեպվող հեղինակավոր «Լյուսիի մրցանակ» ֆոտո-ցուցահանդեսին եւ ամեն անգամ ընտրվել որպես մրցույթի մասնակից ու ստացել համապատասխան սերտիֆիկատ: «Սա հեղինակավոր մրցույթ է, որին աշխարհի տարբեր անկյուններից 30 հազարից ավելի լուսանկարիչներ իրենց գործերն են ուղարկում, սակայն ընտրվում է 1200 կամ 1500 լուսանկար: Ես 5 անգամ եմ մասնակցել, հինգ անգամ էլ իմ ուղարկած լուսանկարն ընտրվել է: Սա մենք կոչում ենք լուսանկարիչների «Օսկար»,-Հայկը ծիծաղում է,- այս մրցույթին անգամ մասնակցելն է պատիվ: Բայց, իհարկե, կուզենայի այսքան տարիների հեռվից մեկ ցուցահանդես կազմակերպել իմ հայրենի քաղաքում»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել