
Ալավերդիում նշվել է քաղաքի տոնը
Երեկ Ալավերդիում նշվեց քաղաքի օրը, հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 243-ամյակը: Եռատոնի կապակցությամբ վաղ առավոտյան Ալավերդու թաղամասերում քաղաքի ինքնագործ խմբերի ուժերով տեղի ունեցան տոնական համերգներ: Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ` եռատոնի առթիվ Ալավերդու պատվավոր քաղաքացիներ ճանաչվեցին ալավերդցիներ, բազմավաստակ մանկավարժ Սուրեն Իսրայելյանը և ճարտարապետական գիտությունների դեկտոր պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը:
Կեսօրին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմավառություն էր: Պղնձաձուլական գործարանի կանաչ սրահում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պատասխանեցին Լոռու մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված տեղի լրագրողների հարցերին: Եռատոնի կապակցությամբ պաշտոնական ճաշ և պարգևատրման արարողություններ տեղի ունեցավ: Այստեղ էլ Ալավերդու մետալուրգներին և Թեղուտի հանքագործներին պարգևներ հանձնվեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների, Լոռու մարզպետարանի ու Հանքագործների և մետալուրգների միության անունից:
Ընդհանուր հաշվով տոնի առթիվ «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից 150-200 հազար դրամ պարգևներ ստացավ 50 մարդ: Տոնական միջոցառումները ժամը 18:00-ից տեղափոխվեցին Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտ, որտեղ հավաքվել էին երկու հազարից ավելի ալավերդցիներ: Մարզադաշտում իր պաշտոնական ելույթում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, շնորհավորելով ալավերդցիներին, կոչով դիմեց նրանց. «Դժվար է հարստանալը: Ով ուզում է դառնա հարուստ, պետք է աշխատի, իսկ ով ուզում է շատ հարուստ լինի, նա պետք է ավելի շատ աշխատի»:
Այնուհետև Մեջլումյանը ալավերդցի աղջիկներին հրավիրեց աշխատանքի Թեղուտի նորակառույց հյուրանոցում: Նա ներկայացրեց նաև իր երկրորդ առաջարկությունը. «Մոտակա 1-1,5 տարվա կտրվածքով կսկսի աշխատել Թեղուտում գտնվող կանանց զարդերի արտադրության արտադրամասը: Այս արտադրությամբ զբաղվելու ցանկություն ունեցողներին նույնպես հրավիրում եմ աշխատելու»:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նույնպես շնորհավորեց եռատոնի կապակցությամբ: Մարզպետը ալավերդցիներին միասնության կոչ արեց, քանի որ միասնաբար հեշտությամբ կհաթահարվի յուրաքանչյուր խոչնդոտ: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը տոնական իր ելույթում ալավերդցիներին խորհուրդ տվեց ապրել «Սիրում եմ քեզ, Ալավերդի» կարգախոսով: Քաղաքի հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը ալավերդցիներին հուսադրեց ապրել հույսով և հավատով: «Մտածենք, որ յուրաքանչյուրս քարը քարին դնելով պետք կառուցենք մեր քաղաքը»,- ասաց հոգևոր հովիվը: Մարզադաշտում տեղի ունեցավ տոնական համերգ, որտեղ ելույթ ունեցան Ալավերդու ինքնագործ խմբեր, Հայաստանի էստրադայի աստղեր և Գյումրիի «Հայկական զարդանախշեր» պարի խումբը: Տոնական օրը ավարտվեց հրավառությամբ:
Մեկնաբանել