Փաստաբանների կոչը Տիգրան Մուկուչյանին
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ստեղծումը փաստաբաններիս շարքերում ընդունվեց դրական, քանի որ լրացուցիչ մեկ ատյան էր ավելանալու, որն ըստ էության քննելու էր բողոքները` առանց բողոքների ընդունելիության սահմանափակումների:
Այդ դրական զգացումները շատ արագ անհետացան և մնաց դառն իրողությունը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատշաճ չի իրականացնում իր պարտականությունները:
Հարգանք տածելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշ դատավորների նկատմամբ և գնահատելով նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը` քննադատում ենք այդ դատարանի գործելակերպը և կարծում ենք, որ այս կերպ շարունակվելու դեպքում վարչական վերաքննիչ դատարանին ընդհանրապես չենք վստահի:
Մեր կողմից ներկայացված գործերով ոչ միայն մեր կարծիքով ոչ օրինական որոշումներ են կայացվել, այլ նաև` անհիմն: Սա դժգոհ կողմի ներկայացուցչի փաստարկ չէ:
Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ որոշ գործերով մեր պատկերացումները կարող են չհամընկնել դատարանի պատկերացումների հետ և սա նորմալ երևույթ է: Ի վերջո, դատարանն է վեճը լուծում: Սակայն, երբ վարչական վերաքննիչ դատարանը չի պատճառաբանում իր որոշումները և չի անդրադառնում բողոքաբերների փաստարկներին, մեզ` փաստաբաններիս, հետևության այլ տարբերակ չի թողնվում:
Կոլեգիալ կարգով քննվող գործերի մյուս առանձնահատկությունը նա է, որ նախագահող դատավորն է հիմնականում գործի մանրամասներից տեղյակ լինում և որոշումը կազմում:
Մեր համոզմամբ, որոշումն ստորագրած մյուս դատավորներն էլ են պատասխանատու այդ որոշման բովանդակության համար և մեզ ցավալի է, որ չհիմնավորված որոշման ներքո ստորագրում են նաև այդ որոշման բովանդակության հետ անհամատեղելի դիրքորոշում ունեցող դատավորները (իրենց նախագահությամբ գործերով այդպիսի որոշում չէին կազմի):
Այս հայտարարությամբ բարեկամաբար կոչ ենք անում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանին` այդ դատարանի հեղինակության բարձրացմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու կապակցությամբ:
Փաստաբաններ`
Արա Զոհրաբյան
Վահագն Բալաբեկյան
Դավիթ Դանելյան
Մանե Կարապետյան
Լիլիթ Գրիգորյան
Արամ Խաչատրյան
14.04.2011թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել