HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հիշեցնում է՝ վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ

ՀՀ ոստիկանություն տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է.

«Հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում մի խումբ անձինք, խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով երթևեկության բանուկ գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր:

Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև, ցավոք, անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդի բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների:

Եվ նույնիսկ այս պայմաններում ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ` բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները:

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը և կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ:

Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսևորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter