HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմորդի մտքի թռիչքը

Նարինե Ղազարյան

Ավարտվեցին ընդունելության քննությունները: Հրապարակվեցին ցուցակները: Կատարվեցին ամենատխուր կանխատեսումները:

Չորս տարի անց Հայաստանի գործազուրկների բանակը կլրացվի ևս մի քանի հարյուր, եթե չասենք՝ հազար տնտեսագետով: Դժվար է հասկանալ՝ ինչպիսի ակնկալիք ունեն այդ մասնագիտությունը ընտրող դիմորդները և առավելևս նրանց ավելի մեծ կյանքի փորձ ունեցող ծնողները: Հաճախ հավաքելով վերջին լումաները, զրկելով իրենց առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ իրենք մինչ երեխայի դպրոցն ավարտելը վարձում են մաթեմատիկայի, օտար լեզվի և նույնիսկ հայերեն լեզվի կրկնուսույց (репетитор): Իսկ հետո էլ պատրաստ են 4 տարի վճարել ուսման վարձը: Եվ այդ ամենը՝ տնտեսագետի դիպլոմ ստանալու նպատակով:

Մյուս կողմից՝ տարեցտարի կրճատվում են արդյունաբերական մասնագիտություն ունենալ ցանկացողները: Իսկ գյուղատնտեսական ոլորտում դա կարելի է համարել ուղղակի ազգային աղետ:

Տնտեսագիտական մասնագիտությունները ընդհանուր քանակով զբաղեցնում են առաջին տեղը Հայաստանի բուհերում: Սակայն, նույնիսկ այդ պարագայում, այդ ֆակուլտետներում մրցույթով չանցած դիմորդների քանակը զգալիորեն մեծ է: Պետությունը իրենց տվել է հնարավորություն՝ դիմել և մասնակցել մրցույթի այն թափուր տեղերի համար, որոնց համար նախատեսված ընդունելության քննությունները իրենք հանձնել էին դրական գնահատականով:

Այսպիսով, մի մարդ, ով երազել է դառնալ, օրինակ, ֆինանսիստ, կառավարման կամ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետ, պիտի շտապ կերպով ընտրի իր ապագա կյանքի համար նոր մասնագիտություն:

Ինչ ընտրություն ունեն իրենք: Եվ ինչ են ընտրում:

Առաջին հերթին, իհարկե, իրենք փորձում են ստանալ գոնե որևէ ոլորտի տնտեսագետի մասնագիտություն: Օրինակ՝ գյուղատնտեսության կամ պարենի արտադրության:

Ավաղ, Հայաստանի ագրարային համալսարանը այս տարվա առաջատարն է թափուր տեղերի քանակով: Իհարկե, այդ թափուր տեղերի մի մասը կլրացնեն չկայացած «ֆինանսիստները» և «միջազգային տնտեսագետները»: Ընդունող հանձնաժողով ներկայացվել է 100-ից ավել դիմում, գրեթե բոլոր դիմորդները երևի թե կընդունվեն:

Սակայն, դժվար թե դա փրկի Հայաստանի գյուղատնտեսությունը: Դիմողների կեսից ավելին ընտրել է ագրոպարենային համակարգի տնտեսագիտությունը, մնացածը` կադաստրի, տրանսպորտի կամ տարատեսակ փորձագետների մասնագիտություններ: Եվ գտնվեց միայն մեկ հոգի, ով ընտրել է բուն գյուղատնտեսական` անասնաբուծություն մասնագիտությունը:

Առավել հետաքրքիր են Երևանի պետական համալսարանի թափուր տեղերի համար դիմումները: Այստեղ ի հայտ է եկել մասնագիտություն, որի մրցույթը այս փուլում ռեկորդակիր է:

Իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների մրցույթով չանցած դիմորդներն ընտրել են որպես նոր մասնագիտություն … !!! ... Եկեղեցաբանությունը: Այդ մասնագիտության 5 թափուր տեղի համար դիմել է 33 հավակնորդ:

Չէի ասի, որ ես լավ եմ պատկերացնում, թե հատկապես ինչ գիտելիքներ կունենան  «եկեղեցաբանություն» մասնագիտությունը ստացածները (մի շփոթեք աստվածաբանության հետ, դա առանձին մասնագիտություն է): Բայց, ամեն դեպքում, դա վերաբերում է մարդկանց և հասարակության հոգեւոր կյանքի ոլորտին: Եվ դժվար է հասկանալ, թե ինչպես մի երիտասարդ, որը իրեն տեսնում էր իրավաբանական գործունեության մեջ, այդքան հեշտ կարող է փոխակերպվել և ամբողջ կյանքում զբաղվել եկեղեցական հարցերով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter