
Քաղաքացիական քննարկում, երթ (լուսանկարներ)
Մաշտոցի պուրակում երեկոյան ժամը 20:00-ին տրանսպորտի ուղեվարձի սակագնի դեմ ուղղված քաղաքացիական քննարկումը կարծես թե բարի ավանդույթ է դարձել:
Հուլիսի 20-ից հետո, երբ Երևանի քաղաքապետարանում ասուլիսի ժամանակ հայտարարվեց տրանսպորտի գնի թանկացման մասին, ամեն օր, վաղ առավոտից սկսած երիտասարդ ակտիվիստները և պարզապես քաղաքացիները, ովքեր համաձայն չեն այդ հայտարարությանը, բողոքի ցույցեր և տարատեսակ ակցիաներ են իրականացնում քաղաքի տարբեր մասերում:
Երիտասարդները երեկոյան Մաշտոցի պուրակում ի մի են բերում օրվա իրադարձությունները և մշակում հետագա գործողությունները: Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունենում հերթագրվելուց հետո մեկակաան րոպե ելույթ ունենալ:
Այսօրվա քննարկման ժամանակ ձայնի իրավունք խնդրեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով իր խոսքում, մասնավորապես, դրական գնահատեց ցուցարարների կոնկրետ այսօրվա գործողությունները: Հատկացված մեկ րոպեն լրանալուց հետո փոխոստիկանապետը բարձրախոսը փոխանցեց հերթագրված հաջորդ քաղաքացուն:
Քննարկմանը զուգահեռ քաղաքի փողոցներով երթով անցնում էին տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարող այլ քաղաքացիներ:
Մեկնաբանել