Նվերներ 141 գիշերօթիկ դպրոցին Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ
Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով բրիտանական ֆոնդեր:
Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան:
Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու պարով, խնդրեցին թագաժառանգին և թագավորական ընտանիքին փոխանցել իրենց բարեմաղթանքները: Դեսպան Քեթի Լիչը նշեց, որ ոգևորված է տեսնել, թե ինչպես են բոլորը կիսում բրիտանացիների հետ թագաժառանգի ծննդյան ուրախությունը: Նա հավելեց որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց:
Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք, ովքեր կցանկանան նվեր անել նորածին, լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրում ապրող անապահով որևէ երեխայի: Այդ կապակցությամբ Երևանում բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվի այստեղ և կտրամադրվի Հայաստանում ապրող որևէ անապահով ընտանիքի երեխայի: Այս մասին տեղեկացնում է բրիտանական դեսպանատունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել