HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լևոն Բարսեղյանն` ընդդեմ ոստիկանության քննիչի

Քաղաքացի Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ին կայացրած, քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ, նախագահությամբ դատավոր Հարություն Մովսեսյանի, կայացավ հուլիսի 7-ին: Մինչ այդ համանման հայցով 2 շաբաթ առաջ դատավոր Մարտին Սարոյանը մերժել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն` ընդդեմ նույն քննիչի:

Լ. Բարսեղյանը 2011 թ. փետրվարին երեք գրավոր հաղորդում էր հղել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ոստիկանները վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների և դրանց տերերի տեղաշարժման ազատության իրավունքը ապօրինաբար սահմանափակել են Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Սայաթ-Նովա փողոցում և Ջաջուռի լեռնանցքում, իսկ քննիչը, օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում նյութեր նախապատրաստելու փոխարեն, դա արել էր 2 ամսում:

50-օրյա տևողությամբ ուսումնասիրությունների արդյունքում քննիչ Քաղցրիկյանը որոշել էր քրեական գործ չհարուցել: Այդ որոշման դեմ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին ուղղված բողոքն ապարդյուն էր եղել, և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, քաղաքացի Լևոն Բարսեղյանը դիմել էր դատարան` քննիչի որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու հայցով:

Հուլիսի 7-ի դատական նիստում հայցվորն` այս դեպքում բողոքաբերը, բավական մանրակրկիտ ներկայացրեց մի քանի էջից բաղկացած բողոքը: Լ. Բարսեղյանի համոզմամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային, Գյումրու և Ախուրյանի բաժիններն իրենց գործողություններով խախտել են ՀՀ օրենսդրությունը հատկապես մի քանի դրվագներում:

ՀՀ Սահմանդրության 25 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Մարդկանց այդ իրավունքը ոստիկանները Գյումրիում անհիմն և անօրինական կերպով սահմանափակել են 2011 թ. փետրվարի 8-ին, 10-ին, 17-ին, իսկ Գյումրի-Վանաձոր պետական նշանակության ճանապարհին, Ջաջուռ գյուղի մոտ` փետրվարի 15-ին և 16-ին:

2011 թ. փետրվարի 10-ին` առավոտյան ժամը 11-18-ը, ոստիկանության Գյումրու բաժանմունքի աշխատակիցներն, ավտոմեքենաներով ծառայություն իրականացնելով ակումբին հարող տարածքում և հարակից թաղամասեր տանող խաչմերուկներում, խոչընդոտել են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը ակումբի գրասենյակին հարող տարածք:

«Ինչ իրավական հիմանվորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թ. փետրվարի 8-ին և 10-ին` Գյումրու Պուշկինի փողոց 96 հասցեում գտնվող «Ասպարեզ» ակումբ տանող փողոցներում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների և վարորդների մուտքը, ազատ տեղաշարժը սահմանափակելու համար,- Լ. Բարսեղյանի հարցադրումն ուղղված էր պատասխանող կողմին:- Ինչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանները, երբ նմանատիպ գործողություններ են ձեռնարկել փետրվարի 15-ին և 16-ին Ջաջուռ գյուղի մոտ, այնուհետև փետրվարի 17-ին` Սայաթ-Նովա փողոցում և այլն»:

Փետրվարի 10-ին տեղի ունեցած ոստիկանական շրջափակման մասին քաղաքացի Լևոն Բարսեղյանը փորձել է հաղորդում ներկայացնել ոստիկանության Գյումրու բաժին, սակայն հերթապահ մայոր Բաբաջանյանը հրաժարվել է հաղորդումը գրանցելուց: Նույն օրն այդ մասին Լ. Բարսեղյանը տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և ՀՀ գլխավոր դատախազության հերթապահությանը:

Նույն օրը` ժամը 11:35-ին, բողոքաբերը եղել է նաև Շիրակի մարզի դատախազությունում և անձամբ բողոքը բանավոր ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին` ոստիկանության Գյումրու բաժնում իր հաղորդումը չընդունելու և ոստիկանության ապօրինությունների, այն է` ավտոմեքենաների ազատ տեղաշարժը ապօրինաբար սահմանափակելու մասին:

Լ. Բարսեղյանի համոզմամբ` նախաքննության մարմինը խախտել է հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելու ժամկետները: Ըստ բողոքաբերի` Քր. դատ. օր.-ի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունն ու հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

Այնինչ քննիչ Քաղցրիկյանն` այս դեպքում պատասխանող կողմն, օրենքի պահանջը կատարել է 2 ամսում: Բացի դրանից` ուղարկված 3 հաղորդումն անհիմն կերպով ուսումնասիրվել է մեկտեղ, և կայացվել է մեկ որոշում` քրեական գործ չհարուցելու մասին: «Խախտվել է Քր. դատ. օր.-ի 181 հոդվածը,- պնդեց Լ. Բարսեղյանը:- Իմ տված հաղորդումների վերաբերյալ պետք է կայացվեին առանձին որոշումներ»:

Պատասխանող Հովհաննես Քաղցրիկյանի պարզաբանմամբ` երեք հաղորդման վերաբերյալ կայացվել է մեկ որոշում, որովհետև գործը վերաբերել է նույն խնդրին: «Մենք դատախազությունից ստացել ենք մեկ գրությամբ, մեկ վարույթով, այդ հիմքով էլ նախապատրաստվել է մեկ գործ, կայացվել է մեկ որոշում»,- պատասխանեց Հ. Քաղցրիկյանը:

Վերջինս պնդեց, որ 2011 թ. փետրվարին ոստիկանների կատարած գործողություններում բացակայել է ապօրինության տարրը, և նրանք ընդամենն ապահովել են անվտանգ երթևեկը, այդ պատճառով էլ կայացվել է քրեական գործ չհարուցելու որոշում:

Ինչ վերաբերում է նյութերի ուսումնասիրությանը տրամադրված ժամկետներին, ապա գործի ծավալներն են ստիպել, որ պատասխանող կողմն այն իրականցնի ոչ թե 10, այլ 50-օրյա ժամկետներում, որի վերաբերյալ բանավոր համաձայնություն է ունեցել ղեկավարության հետ:

Լևոն Բարսեղյանը խնդրեց հաջորդ նիստին ներկայացնել նմանատիպ համաձայնությունների ձեռք բերման վերաբերյալ գոյություն ունեցող կարգը հաստատող որևէ փաստաթուղթ, եթե այն, իհարկե, գոյություն ունի:

Բացի դրանից` բողոքաբերը միջնորդեց դատարանին իրեն տրամադրել գործում առկա այն բոլոր նյութերը, որոնք դատարանի տրամադրության տակ են, սակայն չեն տրամադրվել իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter