HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանական ցուցահանդես՝ Թումանյանի ծննդավայրում

Ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի լուսանկարները վաղուց ծանոթ են շատերին: Լոռվա բնաշխարհի յուրաքանչյուր «հուշարձան» դառնում է նրա ֆոտոխցիկի ընկերը: Ֆոտոխցիկը երբեք նրան չի դավաճանում. լուսանկարելը Հանրի Ներսիսյանի հոբբին է, բնության հանդեպ սիրո արտահայտության ամենավառ դրսևորումը: Հովհաննես Թումանյանի բարեկամն է՝ եղբոր թոռը: Նրա նկարներում Թումանյանն էլ անպակաս է: Եթե ոչ ինքը՝ Թումանյանը, գոնե թումանյանական բնությունը, թումանյանական գյուղը, Թումանյանի գյուղացին...

Հանրի Ներսիսյանի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Դսեղում, բայց որպես մշտական ցուցադրություն մնալու են դրանք հյուրընկալած Մշակույթի տան ցուցասրահում:

 «Թումանյանական աշխարհն այսօր. Հովհաննես Թումանյան-145» անունը կրող ցուցահանդեսը չի սահմանափակվել միմիայն դսեղյան պատկերներով. ընդգրկված են Դսեղի շրջակա բնակավայրերը, անտառները: Լուսանկարները, հեղինակի բնորոշմամբ, մի քիչ հնացած են, քանի որ արվել են 2004 - 2010 թվականներին: «Նոր լուսանկարներ ունեմ, որոնցով ցանկանում եմ հանդես գալ,-նշում է հեղինակը:- Իմ մանկությունը, երիտասարդությունն անցել են Դսեղում և Ստեփանավանում. սա՛ է իմ հայրենիքը»:

Հանրի Ներսիսյանի լուսանկարներում արտացոլված են տարվա բոլոր եղանակները. մի լուսանկարում երեխաները սահում են, մի լուսանկարում մողեսն է՝ ժայռերի վրա, մի լուսանկարում դաշտերը նոր են կանաչում, մի լուսանկարում ուշ աշուն է, տերևաթափ...

Ցուցահանդեսը դիտելու համար տարբեր մարդիկ են այցելել Դսեղ՝ Վանաձորից, Երևանից, Ավստրիայից: Երևանից եկած Տաթևիկ Դավթյանն առաջին անգամ է լինում Դսեղում: «Ե՛վ գյուղն է հետաքրքիր, և՛ ցուցահանդեսը: Լուսանկարների միջոցով ծանոթանում ենք ամբողջ գյուղին: Բնապատկերները գեղեցիկ ու հաճելի են, իսկ գյուղական միջավայրը պատկերող նկարներն այնքանով են նշանակալի, որ ծանոթանում ենք գյուղական կենցաղին»:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը ևս հիացած է ցուցադրությամբ. «Նա ուղղակի լուսանկարելու տաղանդ ունի: Որպես Թումանյանի ժառանգ՝ պարտադիր չէ, որ գրելու տաղանդ ունենա: Հանրի Ներսիսյանն օժտված է բնության նուրբ զգացողությամբ»:

Վոլոդյա Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter