ՀՀ վարչապետ. «Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս»
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է՝ անդրադառնալով արդեն 5 օր Երևան քաղաքում ընթացող հասարակական բողոքի ակցիաներին՝ կապված քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թնկացման հետ: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել կառավարության կայքէջում:
«Մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ: Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, սոցիալական համերաշխության, արդարության համար` ընդդեմ աղքատության, այսինքն` հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, ովքեր բարձրացնում են այս հարցը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ»:
Միեւնույն ժամանակ վարչապետն ընդգծել է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը՝ նշելով, որ թանկացման մասին որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիր է. «Բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ ստեղծում է այս որոշումը հասարակության մեջ և առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը: Մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում»:
Վարչապետը կառավարության անդամներից պահանջել է հանրության հետ քննարկել այն որոշումները, որոնք առնչվում են մեծ զանգվածներին, ներգրավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Սա անհրաժեշտ կանոն է, բայց արդեն ակնհայտ է, որ բավարար չէ, որովհետև հասարակական կազմակերպությունները ներկայացնում են միայն իրենց կազմակերպությունների անդամների կարծիքն այն պարագայում, երբ մեր որոշումները վերաբերում են հազարավոր, երբեմն հարյուրհազարավոր մարդկանց: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք այսուհետ կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ: Կարծում եմ, որ տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետ այդ որոշումները կայացնելուց առաջ ապահովել հրապարակային հանրային քննարկումներ և դեբատներ: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նաև օրենսդրորեն լրացնել այս բացը, և այն ռեժիմը, որ մենք այսօր կիրառում ենք օրենքով Հանրային խորհրդի գործունեությունը կանոնակարգելիս, որ Հանրային խորհրդին պարտադրում ենք հրապարակային քննարկումներ և լսումներ կազմակերպել, այդ մոտեցումն ամբողջությամբ իրեն արդարացնում է, որովհետև ժամանակ կա լսելու բոլոր ընդդիմախոսներին, նրանց փաստարկները, և հանրությանը մենք դրանով հնարավորություն ենք տալիս ճիշտ կողմնորոշվել, և հետագայում էլ այդ որոշումները կայացնողները նույնպես հաշվի են առնում հանրային կարծիքը և տրամադրությունները, ինչը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով: Այդ տեսակետից, իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքապետարանի գործողություններին» :
Ապա Տիգրան Սարգսյանը փոխքաղաքապետ Կամո Արեյանին խնդրել է տեղեկացնել, թե ինչ քայլեր են ծրագրում, որպեսզի պատասխանեն հանրությանն այսօր մտահոգող հարցերին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասել է, որ այս օրերի ընթացքում Երևանի քաղաքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին: Ըստ նրա՝ այսօր Երևանի քաղաքապետը հանդիպումներ է անցկացրել Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ: Արեյանը հավաստիացրել է, որ ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ի մի բերելով հետագա անելիքներն ու միջոցառումները` այսօր Երևանի քաղաքապետն անձամբ հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը` ներկայացնելով բոլոր պարզաբանումներն ու անելիքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել