HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Մարգարյան. «100 դրամով հնարավոր չէ ապահովել անվտանգ երթեւեկություն»


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների  անդամների հանդիպման ժամանակ այսօր քննարկվել են մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի վերաբերյալհարցեր: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման  հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը:    

Անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում. «Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում:  Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում:  Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը:  

Առայժմ հայտնի է միայն Բարեւ Երեւան խմբակցության դիրքորումը խնդրի վերաբերյալ: Ըստ հաղորդագրությանը՝ բոլոր խմբակցությունների անդամները ևս իրենց հերթին կարևորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը:  

Քաղաքապետն ասել է որ հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար. «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այս կերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»:

Մեկնաբանություններ (1)

HARUT
Հաշված է ու կարմիր գծի տարածքում կայանվող մեքենաներից տարեկան պետք է հավաքվի 1 միլիարդ դրամ,չհաշված տուգանքները չվճարելու դեպքում,,,Հարց է ծագում ինչու այդ գործը տվեցին մասնավորին որը պետք է ստանա շահույթի 70 տոկոսը,,,Կարելի էր այդ գումարը դոտացիայի կարգով վճարել երթուղայիններին,,Էլ չեմ ասում փողոցային տեսախցիկներ բերած գումարները,որը նույնպես 70 տոկոս շահույթը ստանում է մասնաորը,,,Փաստորեն բարձրաստիճան չինովնիկները շարունակում են նշված գործերի յուղոտ պատառները իրենց և իրենց հարազատների թողնել,իսկ ժողովրդի վրա թքած ունենան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter